Բագրատյանը գտնում է, որ Կառավարության ծրագիրը ծրագիր չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2012 23:01

“Կա ծրագիր, կա պլան: Օրինակ՝ ես պլան եմ կազմում՝ սեպտեմբերին ամուսնացնել տղայիս, փետրվարին` սկսել հերթական սենյակիս շինարարությունը, փորձել փող հավաքել՝ երկու տարի հետո փոխելու ավտոմեքենաս. սա պլան է: Բայց երբ ես սրա կողքին գրում եմ իմ առաջիկա երեք տարիների եկամուտը, և այն, թե ես ինչ կարող եմ անել, դա դառնում է ծրագիր: Երբ կողքին պլանը գրում եմ՝ ինչքան փող կունենամ, հանկարծ հասկանում եմ, որ լավագույն դեպքում տղայիս կամուսնացնեմ, ավտոմեքենային փող չի հերիքի: Պլանը պատասխանատու չէ, պլանում ինչ ուզում ես գրիր, պլանը հաշվի չի նստում՝ ինչքան փող ունես: Դա նույնն է, ինչ կոնցեպցիան: Մենք կարող ենք կոնցեպցիա ասել, դւք կարող եք կոնցեպցիա ընդունել, որ ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է 7 լեզվով խոսի, բայց դա հնարավոր չէ չէ՞,-ասաց նախկին վարչապետն ու շարունակեց. “Ամեն դեպքում իրենք մեզ չհամոզեցին, որ դա ծրագիր է, մենք տվեցինք ծրագրի սահմանումը՝ ինչ բան է ծրագիր, և մենք ուրիշ ձևի փաստաթուղթ ենք տեսնում, ընդ որում՝ քայլեր անել կարճ, հստա՛կ, կոնկրետ՝ ինչպես ենք պայքարում, ասենք, արտագաղթի դեմ, ինչպես ենք պայքարում երկրի պարտքի դեմ: Մենք խոսում ենք գործով”: Ի վերջո, Բագրատյանը իր խոսքում հայտարարեց, որ Կառավարության ծրագիրը ծրագիր չէ….

Իսկ այն հարցին, թե եթե ըստ Ձեզ ծրագիր չէ, ապա ինչ է, Բագրատյանը պատասխանեց. “Ըստ իս չէ, ըստ դասագրքերի, Դուք եթե գնաք սովորելու Սլավոնական համալսարանում կամ ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆալուլտետում, այնտեղ կա ծրագրային մի այդպիսի առարկա, գալիս են, երեխաներին բացատրում են՝ ինչ բան է ծրագիր”:

Բագրատյանը նաև հայտնեց, որ Կառավարության ծրագիրը մասնագիտորեն որևէ քննադատության չի դիմանում: Ըստ նրա մասնագիտորեն ձևակերպման` ծրագիր է կոչվում այն փաստաթուղթը, որը սահմանափակ է ժամանակի և ռեսուրսների մեջ և ենթադրում է որոշակի նպատակով կատարվող ծախսեր, մինչդեռ ներկայացված են երկար-բարակ դատողություններ: “Հետո՞: Տեսնես աշխարհում կա՞ մեկը, որ նման ընդհանուր հանրահայտ բաներին դեմ է”,- ընթերցելով Կառավարության ծրագրի դրույթները` հռետորական ձևով հարցրեց պատգամավորը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply