ՀՀ Հանրային խորհրդի գործունեությունը Ռիո դե Ժանեյրոյում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 14:30
Հունիսի 14-15-ը Հանրային խորհրդի պատվիրակությունը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՀԻՄԱ) ամենամյա գլխավոր վեհաժողովի աշխատանքներին, որը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում:
Վեհաժողովի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցել է մի շարք հարցերի քննարկմանը, որոնցից են “Երիտասարդության զբաղվածությունը և սոցիալ-մասնագիտական ինտեգրումը”, Ռուսաստանի Հասարակական պալատի կողմից ներկայացված “Աշխարհի տնտեսական և սոցիալական խորհուրդների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների արձագանքը համաշխարհային էներգետիկ և ֆինանսական ճգնաժամին”:
Ռուսաստանի Հասարակական պալատը կարևորել է միջազգային այս կառույցի միջոցով համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքի ներկայացումը: Ռուսաստանի Հասարակական պալատի առաջարկով ռուսերենը դարձել է ՏՍԽՀԻՄԱ-ի աշխատանքային լեզուներից մեկը (ընդ որում, ՏՍԽՀԻՄԱ-ի շրջանակներում կազմակերպվելիք բոլոր միջոցառումների թարգմանչական ծախսերը հոգալու է Ռուսաստանի Հասարակական պալատը):
Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը հանդես է եկել Համաշխարհային տնտեսական խորհուրդ ստեղծելու առաջարկով, որի հիմնական նպատակն է ՏՍԽՀԻՄԱ-ի ֆինանսական անկախության ապահովումը:
Կարևորվել է կազմակերպության անդամների միջև երկխոսության և փորձի փոխանակման ամրապնդումը:
ՏՍԽՀԻՄԱ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ քննարկվել են նաև ազգային և տարածաշրջանային երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերին աջակցելու համար Համաշխարհային բանկի շրջանակներում մեխանիզմներ ստեղծելու, միգրացիոն հոսքերը կարգավորելու նպատակով միջազգային համաձայնագիր մշակելու հարցերը, ինչպես նաև համաշխարհային հանրության աջակցությամբ որակյալ բժշկության և ազգային մասնագետների համար բարձրորակ վերապատրաստում ապահովող ազգային և տարածաշրջանային կենտրոններ հիմնելու հարցը:
Երիտասարդության զբաղվածության հիմնախնդրի քննարկման ժամանակ հնչել են առաջարկներ բիզնեսի կարիքների որակավորմանը ուշադրություն դարձնելու անհրաժեշտության և մասնագիտական վերապատրաստման համակարգի ստեղծման, նոր կապի միջոցների օգտագործման, աշխատանքի հետ կապված տեղեկատվության բարելավման, երիտասարդների զբաղվածությանն աջակցող ցանցեր ստեղծելու վերաբերյալ:
Այցի ընթացքում Հայաստանի Հանրային խորհրդի և Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհրդի միջև կնքվել է երկկողմ համաձայնագիր, որը Բրազիլիայի խորհրդի կողմից ստորագրել է խորհրդի գործադիր քարտուղար, Բրազիլիայի կառավորության պետնախարար Մորեյրա Ֆրանկան:
Երկու խորհուրդները որոշում են կայացրել ստեղծել աշխատանքային պլան, որի նախնական քննարկման թեմաները հետևյալն են. “Սոցիալական երկխոսությունը՝ որպես ժողովրդավարության բարելավման գործիք”, “Կայուն զարգացում”, “Գլոբալիզացիան և դրա հետևանքները Բրազիլիայի և Հայաստանի/Եվրոպայի համար:
Ինչպես նշել է Մորեյրա Ֆրանկոն, այս պայմանագրի ստորագրումով նոր հարաբերություններ կսկսվեն Հայաստանի և Բրազիլիայի միջև, որոնք հնարավորություն կտան դրական փոփոխություններ կատարելու երկու երկրների հասարակություններում փորձի փոխանակման շնորհիվ:
Վազգեն Մանուկյանն ընդգծել է համագործակցության կարևորությունը երկու երկրների համար` բարձր գնահատելով Բրազիլիայի “հրաշքը”, որը վերջին տարիներին երկրին խոշոր բարեփոխումներ է բերել:
“Չնայած բոլոր երկրներն էլ ունեն իրենց առանձնահատուկ խնդիրները, կան շատ խնդիրներ, որոնք բնորոշ են բոլոր երկրներին, որոնց լուծմանը կարելի է հասնել համատեղ ջանքերի շնորհիվ”,- նշել է նա:
Հանդիպումների ժամանակ նաև որոշվել են ապագա համագործակցության նախագծերը: Հանդիպումները կլինեն տարին մեկ անգամ Հայաստանում և Բրազիլիայում:
Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային խորհուրդը Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային անդամակցում է 2009 թվականից:






Facebook
Tweet This
Email This Post
