Վարչապետը չգիտի՞ ինչ է մոնետարիզմը…. “Պետք էր ինչ-որ բան ավել կարդալ, քան սոցիալիզմի տեսությունը”. Բագրատյանը Սարգսյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2012 22:04


“Ազգային ժողովը հետաքրքիր է մեր շնորհիվ, նրանք նույնն են մնացել”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես արտահայտվեց նորընտիր խորհրդարանի մասին նորընտիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանը կարծում է, որ ամենամեծ պրոբլեմը, որի դեմ հարկ կլինի պայքարել ԱԺ-ում, ցինիզմն է:

Ինչ վերաբերում է Կառավարության նոր ծրագրին և վարչապետի հայտարարություններին, Բագրատյանը զարմանքով նշեց, որ ըստ նրա` վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղյակ չէ, թե ինչ ասել է մոնետարիզմ. “Երբ նրան հարցնում եմ, թե ինչ քաղաքականություն եք տանում, մոնետարիստական, թե ֆինանսաբյուջետային, հանկարծ վարչապետն ասւմ է. “Ինչու՞ եք ջղայնանում”: Այստեղից ուղղակի հասկանում ես, որ մարդը պարզապես դրանք չգիտի”:
“Պետք էր ինչ-որ բան ավել կարդալ, քան սոցիալիզմի տեսությունը”,- անուղղակի կերպով հորդորեց Բագրատյանը Սարգսյանին:

Բագրատյանը նաև զարմանք հայտնեց, թե ինչու պետք է կառավարությունը իր գալուց հետո իմանար, որ պետության պարտքը ոչ թե 4 մլրդ է, այլ 6,5 մլրդ. “Ինձ մոտեցան, հարցրին, ճշտեցին, որից հետո նոր համոզվեցին, թե որքան է կազմում պետության պարտքը: Փառք Աստծո, չհակաճառեցին”:

Իսկ թե կոնկրետ ով է մոտեցել իրեն ու այդ մասին ճշտում կատարել, նախկին վարչապետը չցանկացավ հայտնել:
Ընդ որում` Բագրատյանը նշեց, որ այդ ավել 2,5 միլիարդ պարտքը պատկանում է մասնավոր սեկտորին, որում մեծ տեղ են զբաղեցնում բանկերը:

Անդրադառնալով կառավարության ծրագրի գերակայություններին` նախկին վարչապետը նշեց, որ ծրագիրը, չգիտես ինչու, հիմնված է հետևյալ գերակայությունների վրա` մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի զարգացում, ինստիտուցիոնալ զարգացում: “Ապշում ես, ինչո՞ւ այս երեքը»: Հ. Բագրատյանը կարծում է, որ եթե կառավարությունը քաջություն ունենար վերլուծելու նախորդ ծրագիրը, որի կատարումը ձախողել է, ապա կհասկանար այսօրվա ավելի կարևոր և հրատապ գերակայությունները: Ըստ նրա` այդ գերակայություններն են` արտագաղթը, արտաքին պարտքը և աղքատությունը:

Տնտասագետ-պատգամավորը նաև սուտ է համարում այն պնդումները, թե տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարված են և տնտեսությունը ճգնաժամից հետո դարձել է դիվերսիֆիկացված:

Վահե Մակարյան

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply