Դատաիրավական համակարգը կբարեփոխվի. խոստնում է Հրայր Թովմասյանը
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | June 22, 2012 18:13
“Չնայած էպիզոդիկ փոփոխությունները կարող են կարճաժամկետ արդյունք տալ կամ որոշ խնդիրներ լուծել, սակայն երկրում անհրաժեշտ են առավել արմատական դատաիրավական բարեփոխումներ”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` խոսելով դատաիրավական համակարգում առաջիկա հինգ տարիներին իրականացվելիք փոփոխությունների և մշակված նոր ծրագրի մասին:
Ծրագիրն իր մշակման ընթացակարգով արդեն իսկ տարբերվում է նախորդներից և ունի մի շարք առանձնահատկություններ:
Հ. Թովմասյանը հայտնեց, որ սա մի ծրագիր է, որը չի սահմանափակվում միայն դատական համակարգի բարեփոխումներով: Փոփոխությունները լայն ընգրկում ունեն, և դրանց այդ ընգրկվածությունը վստահություն է ներշնչում, որ ծրագրի ավարտին մենք ունենալու ենք, ըստ էության, որակական փոփոխություններ:
“Պետականորեն կազմավորված ցանկացած հասարակության զարգացման գրավականը երկուսն են: Առաջինը տվյալ պետության անվտանգության և պաշտպանության համակարգն է, երկրորդը` տվյալ պետության արդարադատության համակարգը: Պետությունը կզարգանա, եթե տվյալ հասարակության մեջ հանրային կյանքը կազմավորված է արդարության սկզբունքի վրա”,- կարծում է նախարարը:
Ծրագիրը ներառում է դատարանակազմության խնդիրներ. “Բազմիցս քննադատվել և շահարկվել է, թե ինչ ընթացակարգերով են մարդիկ դառնում դատավոր կամ դատախազ: Որո՞նք են այն չափորոշիչները, որ պետք է ներկայացվեն դատավորներին, արդյո՞ք այդ քննությունները սուբյեկտիվ չեն: Շատ է քննադատվել և այն, թե ինչպես է տեղի ունենում գործերի բաշխումը դատավորների միջև, չեմ ժխտում, որ երբեմն կամայականություններ էլ են եղել, և սա այն պատճառով, որ մենք չունեինք գործերի բաշխման արդյունավետ մեխանիզմ: Մենք ունեինք դատավորների ընտրության, ինչպես նաև նրանց վերապատրաստման խնդիրը”,- ասաց նախարարն ու նշեց, որ եկող տարվա հունվարից կսկսի իր աշխատանքները արդարադատության ակադեմիան, որն այս խնդիրներին որոշակիորեն լուծումներ կտա:
Նա նաև վստահեցրեց, որ ծրագրում հստակ մեխանիզմներ կան դատարաններում գործերի անհարկի ձգձգումներից խուսափելու համար: Փոխվելու է Արդարադատության խորհրդի աշխատաձևը:
“Ծրագրի նպատակը, եթե մի բառով ասեմ, դա պետական համակարգի արդյունավետության բարձրացումն է”,- հստակեցրեց նախարարը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
