Վերջին 20 տարում Հայաստանից արտագաղթել է շուրջ 1 մլն մարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 27, 2009 12:25

mhm44565-copy«Հայաստանից վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթել է 1 մլն մարդ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը` ՄԱԿ-ի 2009-ի մարդկային զարգացման զեկույցը ներկայացնելիս: Աշխարհում, սակայն, ի տարբերություն Հայաստանի, գերակշռում է ներքին միգրացիան. աշխարհում կա 740 մլն ներքին միգրանտ և միայն 200 մլն միջազգային միգրանտ:

ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցն այս տարի նվիրված է միգրացիայի խնդիրներին և կրում է «Հաղթահարելով խոչընդոտները. մարդկային շարժ և զարգացում» խորագիրը:

«Մարդկային տեղաշարժերը ողջ աշխարհում այնքան են աճել, որ գլոբալ մակարդակով են լուծում պահանջում: Պատահական չէ, որ ստեղծվել է Միգրացիայի միջազգային խորհուրդ, որին անդմակացում է նաև Հայաստանը: Կարևոր է, որ միգրացիայի խնդիրները քննարկվում են մարդկային զարգացման համատեքստում»,- ասում է Տարածքային կառավարման նախարարի 1-ին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ըստ Դավթյանի՝ միգրանտները հիմնականում գնում են այնպիսի երկրներ, որոնց մարդկային զարգացման համաթիվը (աշխատավարձի, ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող ծավալ, կենսամակարդակ, կրթություն և այլն) բարձր է իրենց բնակության երկրի համաթվից: Հայաստանից արտագաղթողների 2/3-ը մեկնել է Ռուսաստան, 9 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներ, 10 տոկոսը՝ ԱՄՆ և 15 տոկոսը` եվրոպական երկրներ: «Հայաստանից մարդիկ հիմնականում արտագաղթել են Ռուսաստան, որի մարդկային զարգացման համաթիվը 71 է (Հայաստանինը 84 է. լավագույն ցուցանիշը 1-ն է, վատագույնը՝182)»,- ասում է Դավթյանը:

Դավթյանի խոսքով` մարդկանց տեղաշարժին խանգարում է տվյալ երկիր մուտք գործելու օրենսդրությունը և ֆինանսական ռեսուրսների սահմանափակվածությունը:

«Ավելի աղքատ երկրների բնակիչների տեղաշարժվելու հնարավորություններն ավելի սահմանափակ են»,- նշված է զեկույցում: Ըստ տվյալների` քիչ զարգացած երկրներում միգրացիայի պոտենցիալը 4 տոկոս է, մինչդեռ զարգացած երկրներում` 8 տոկոս:

ՄԱԿ-ի զեկույցում անդրադարձ է կատարվում նաև փախստականներին, ներքին տեղահանվածներին և թրաֆիքինգի զոհերին: Ըստ զեկույցի` աշխարհում կա 14 մլն փախստական, որոնք հիմնականում բնակվում են իրենց քաղաքացիության երկրի հարևան երկրներում` հատուկ ճամբարներում` սպասելով, որ վիճակը կարգավորվի և իրենց երկիր վերադառնան:

Աշխարհում կա 26 մլն ներքին տեղահանվածներ:

Ըստ ՄԱԿ- զեկույցի՝ թրաֆիքինգի հիմնական զոհերը կանայք են: Դավթյանը, սակայն նշում է, որ Հայաստանում կան նաև աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր:

Ըստ զեկույցի՝ աշխարհի բնակչության թվում միգրացիան վերջին 50 տարիներին կազմում է 3 տոկոս. այն չի աճել, բայց աճել են միգրացիային խոչընդոտող երևույթները: Օրինակ` անցած հարյուրամյակում 4 անգամ ավելացել է աշխարհի պետությունների թիվը, ինչի պատճառով մարդիկ ստիպված են լինում նորանոր սահմաններ հատել:

ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները ներկայացնում են նաև, թե միգրացիան ինչ օգուտներ է բերում միգրանտներին ընդունող և նրանց ծագման երկրին: Ըստ այդմ` միգրանտները նպաստում են ընդունող երկրի տնտեսության աճին, իսկ իրենց ծագման երկրում աճում են եկամուտները և սպառման մակարդակը:

Դիտվել է 1591 անգամ:
Print Friendly

Leave a Reply