ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճի մասին օրենքի նախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 22, 2012 17:34
ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումների կատարելու մասին նախագիծը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, նախագիծն ընդունվեց 93 կողմ, 12 դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Կառավարությունը դիմել է Ազգային ժողովին Սևանա լճից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառ կատարելու թույլտվության համար: Խնդիրն առաջացել է այս տարի սակավաջրության հետևանքով: Ջուրն օգտագործվելու է շուրջ 40 հազար հա հողատարածքի ոռոգման պահանջարկը բավարարելու համար: Համաձայն գործող օրենսդրության՝ կառավարությունը Սևանից կարող է կատարել 170 մլն խորանարդ մետր ջրառ: Օրենքում կատարվելիք փոփոխություններով՝ հնարավոր կլինի ջրառի նիշը հասցնել մինչեւ 320 մլն խորանարդ մետրի:
Սևանա լճից հավելյալ 150 միլիոն խմ ջուր վերցնելու դեպքում Սևանի մակարդակը չի նվազի, և էկոհամակարգի վրա այն որևէ ազդեցություն չի թողնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հավելյալ ջուրը վերցվելու է գյուղատնտեսությունում խնդիրներ չունենալու նպատակով: «Սևանա լճից այս տարի բացթողումները կհասցվեն 320 միլիոն խմ-ի: Վերջին տարիներին Սևանի մակարդակը կրկնակի բարձրանում է: Մասնավորապես, 2007թ-ին այն բարձրացել է շուրջ 46 սմ-ով: 2008 թ-ին, երբ երաշտի պատճառով Սևանից նույնպես հավելյալ ջուր բաց թողնվեց, բարձրացել էր վեց սմ-ով: 2009, 2010 և 2011թ.թ. ջրի մակարդակը, համապատասխանաբար բարձրացել է` 36, 24 և 47 սմ-ով»,- ասաց նախարարը:
Հարությունյանի խոսքերով՝ օրենքով սահմանված կարգով Սևանի մակարդակը տարեկան պետք է բարձրանար 15-20 սմ-ով, մինչդեռ վերջին տասը տարում այն բարձրացել է երեք մետրով: Նախարարը նշեց, որ բնապահպանական տեսակետից Սևանի մակարդակի բարձրացման հետ կապված որևէ խնդիր չկա, ավելին՝ մասնագետների պնդում են, որ այս տարի եւս ջրի մակարդակի բարձրացում կլինի:






Facebook
Tweet This
Email This Post
