Մարկ Սաղաթելյանն ու Գրիգոր Նազարյանը կոնսերվատիվ բուժման երկար շրջան պետք է անցնեն
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 22, 2012 17:32
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով հիվանդանոցում հայտնված շոումեն Մարկ Սաղաթելյանի եւ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի վիճակը միջին ծանրության է: ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ տուժածները կողմնորոշվում են շրջապատում, թերապեւտիկ միջոցառումները շարունակվում են, նրանք ինտենսիվ հսկողության տակ են:
«Հետազոտությունից պարզվեց, որ երկու հիվանդի մոտ առկա են գլխուղեղի ցնցում, ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի, կոնքոսկրի բարդ կոտրվածքներ եւ տրավմատիկ շոկ: Գրիգոր Նազարյանը ճակատային շրջանում բարդ կտրված վերք է ստացել, երկու թոքերի ծանր սալջարդ, կրծքավանդակի, կոնքոսկրի, ծնկոսկրի կոտրվածք, ազդոսկրի տեղաշարժ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մալխասյանը: Նրա խոսքով` հակաշոկային միջոցառումներն արդյունավետ են եղել:
Նյարդավիրաբուժության ամբիոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը հայտնեց, որ հիվանդների մոտ կա զուգակցված գանգուղեղային եւ ողնուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, Սաղաթելյանի մոտ` ողնաշարի պարանոցային եւ գոտկային հատվածի ողերի ելունների կոտրվածք: Որեւէ ֆունկցիոնալ խանգարում չկա, խոսքը ոսկրային վնասվածքի մասին է, որի համար պահանջվում է ժամանակ եւ բուժում: «Այս պահի դրությամբ որեւէ վիրաբուժական միջամտության խնդիր մենք չենք տեսնում, սակայն վնասվածքները պահանջում են հսկողության շարունակականություն»,- նշեց նա: Ֆանարջյանի կարծիքով` հետագա քայլերը պարզ կդառնան հետազոտություններից հետո: Հիվանդների բուժման համար նյարդավիրաբուժական իմաստով առնվազն 3-4 շաբաթ է անհրաժեշտ:
Վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյանը տեղեկացրեց, որ Գրիգոր Նազարյանի մոտ առկա կոտրվածքները ներկա դրությամբ բավարար վիճակում են: Երկու հիվանդն էլ կոնսերվատիվ բուժման երկար շրջան են անցնելու: Նազարյանը վիրահատական միջամտության պետք է ենթարկվի: Ապաքինման համար անհրաժեշտ շրջանը պարզ կդառնա բուժման ընթացքից, ախտորոշումից եւ կիրառվելիք մեթոդից:
Հունիսի 22-ին ժամը 01.35-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 պետհամարանիշի եւ «Ֆոլկսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլկսվագեն»-ի վարորդ` 1971 թ. ծնված Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր` 1971 թ. ծնված Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են ԵՊԲՀ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:






Facebook
Tweet This
Email This Post
