Odnoklassniki-ն հայերեն է “սովորել”

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2012 15:40

Հանրահայտ ու հայերի շատ սիրելի odnoklassniki.ru սոցիալական կայքը “սովորել է” հայերեն: Այսուհետ հայ օգտատերերը հնարավորություն կունենան կայքից օգտվել նաև հայերեն տարբերակով:

Այսօր այս մասին մանրամասներ ներկայացրեցին և կայքի հայաֆիկացման մասին պաշտոնապես հայտարարեցին Mail.RuGroup-ին պատկանող odnoklassniki.ru  սոցկայքի հայաստանյան ներկայացուցիչները:

Internet WorldStats-ի վիճակագրության համաձայն, այսօրվա դրությամբ ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 1.4 մլն մարդ:  Ամենահայտնի սոցիալական կայքը, ըստ “Այլընտրանքային տեղեկատվական միջոցներ 2011”  հետազոտության տվյալների, Օդնոկլասնիկի-ն է, սոցիալական ցանցերի օգտատերերի ավելի քան 80 %-ը նախընտրում է հենց այս կայքը:

Այսօրվա դրությամբ ցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ, և օգտատերերի թիվն անընդհատ աճում է: Ընդ որում, օգտատերերի 35 %-ը նախընտրում է ընկեների հետ շփվել հեռախոսի միջոցով` ներբեռնելով m.odnoklassniki.ru  շարժական տարբերակը:

Նախագծի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարիա Լապուկը հայտնեց, որ Օդնոկլասնիկի-ի տեղայնացումը կընթանա երկու փուլով. հայերեն լեզվով արդեն հասանելի է կայքի շարժական տարբերակը, իսկ մոտ ժամանակներս լիովին կթարգմանվի նաև հիմնական կայքը: Մոտ ապագայում կթարգմանվեն և հասանելի կլինեն նաև Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավեվածները:

Օդնոկլասնիկի-ի հայերեն շարժական տարբերակն ընձեռում է մտերիմների և ընկերների հետ լիարժեք շփման բոլոր հնարավորությունները: Դրանում հասանելի են բոլոր ծառայությունները, որոնք կան նաև սոցիալական ցանցի հիմնական տարբերակում, այդ թվում` Հայաստանի բնակիչների շրջանում ամենահայտնիները` հաղորդագրությունների ուղարկում, խաղեր, ստատուսների, նկարների տեղադրում և գնահատում:

Վիճակագրության համաձայն` եթե Հայաստանում օրական 787 հազար մարդ այցելում է odnoklassniki.ru, ապա facebook.com այցելողների թիվը կազմում է նկատելիորեն քիչ` 150 հազար  մարդ:

Օդնոկլասնիկի-ի այցելուների 60%-ը պատկանում են իգական սեռին, իսկ 40%-ը` արական:

Fecebook-ի համեմատ  “Օդնո”-ն առաջատար է նաև իր մասին տեղեկացվածության վերաբերյալ տվյալներով. Հայաստանում բնակչության 87%-ն է տեղեկացված odnoklassniki.ru կայքից, իսկ facebook.com-ից տեղյակ է բնակչության 76%-ը:

Օդնոկլասնիկին նաև մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, այդ թվում` Ռունետի մրցանակի եռակի դափնեկիր, ինչպես նաև RussianEntertainment Awards-ի և Master of Brandbuilding մրցույթի գլխավոր մրցանակի դափնեկիր:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply