Անահիտ Բախշյան. «Հոկտեմբերի 27-ն իշխանությունների անգործության հետևանք էր»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 27, 2009 12:15

Ազգային ժողովԱյսօր ԱԺ այգում բացվեց հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական ու պետական գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որ քանդակել է Երվանդ Քոչարը: «Ոճրագործությանը զոհ դարձած քաղաքական ու պետական գործիչների անցած ուղին լի էր չարին դիմագրավելու, հայոց պետականության գաղափարներն իրականացման վճռականությամբ, ձգտումով ու նվիրումով»,- ասավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրի Ռիտա Դեմիրճյանի համոզմամբ` քանդակը լավ ընտրված, սակայն փոքր – ինչ ուշացած է: «Քոչարն ականատես չի եղել այս դաժան իրողությանը, արձանը չի նվիրել զոհերին, բայց մեջն այնքան ցավ կա»,- ասաց նա:

Հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ:

Դեմիրճյանը ասաց, որ զոհերի հարազատների խնդրանքն է և պահանջն է մինչև վերջ բացահայտել ոճրագործությունը: «Շատ հարցեր մնացին չբացահայտված, այս ոճրագործությունը պիտի բացահայտվի մինչև վերջ, դա պետք չի զոհվածներին, նրանց այլևս ոչինչ պետք չի, դա մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների հարցն է»,- ասաց նա :

Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ փոխնագահ Յուրի Բախշյանի այրին` Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, կարծում է, որ դեպքն իշխանությունների անգործության հետևանքն էր:

«Այսօր՝ հոկտեմբերի 27-ից 10 տարի հետո, բոլոր քաղաքական գործիչները պաշտպանված են, մեծաթիվ թիկնապահներով են պտտվում, լավ է, որ մտածում են իրենց պաշտպանվածության մասին, բայց թող հիշեն, որ իրենց քայլերով, գործերով են պաշտպանվելու»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ ասաց, որ հոկտեմբերի 27-ը պետք է հիշեցնի, որ հարկավոր է ուշադրություն դարձնել ներքաղաքական խնդիրներին:

10 տարի առաջ` 1999-ի այս օրը, Ազգային ժողով ներխուժեցին մի խումբ ահաբեկիչներ` նախկին լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ու գնդակահարեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, նրա երկու տեղակալներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին ու Հենրիկ Աբրահամյանին:

Դիտվել է 2125 անգամ:
Print Friendly

Leave a Reply