Ադրբեջանում մեծ թվով բարեկամներ ունենք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2012 15:31

«Մենք Ադրբեջանն ընդունում ենք, որպես մի մոնոլիտ` 9 միլիոն թշնամի: Իրականում դա այդպես չէ: Ճիշտ հակառակը` մենք սահմանի այն կողմում ունենք բավականին շատ բարեկամներ». Այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ Ադրբեջանում այսօր բնակվող բնիկ ժողովուրդները ճիշտ նույն վիճակում են, ինչ Արցախը` մինչեւ 1988 թվականը: Տարբերությունը կրոնն է, սակայն այդ ժողովուրդը հայտնվել է Ադրբեջան պետությունում` իր կամքին հակառակ:

«Ինչ վերաբերում է անկախ Ադրբեջանին, մենք միշտ մոռանում ու այդ մասին չենք խոսում` Ադրբեջանն այն երկիրն էր, որը հռչակեց իր անկախությունն առանց հաշվի առնելու ժողովրդի կամքը: Ադրբեջանում հանրաքվե չի անցկացվել: Բայց օգոստոսի 31-ին, այն մարդիկ, ովքեր երեքուկես ամիս առաջ այո էին ասել ԽՍՀՄ-ին, հանկարծ  արթնացան եւ իմացան, որ իրենք արդեն բնակվում են մեկ այլ` անկախ պետությունում: Եվ եթե անդրկովկասյան թուրքերը կամ ադրբեջանցիները դրան շատ շուտ հարմարվեցին, ապա բնիկ ժողովուրդները` ոչ: Եվ այդ բնիկ ժողովուրդների մեջ սկսվեցին խմորումները. Լեզգիների մոտ ծնվեց «Սադվալ» կազմակերպությունը, որը պայքարում էր լեզգիների անկախության եւ ազգային իրավունքների համար, Թալիշները հռչակեցին իրենց պետությունը 1993 թվականին, որն Ադրբեջանը հեղեղեց արյան մեջ եւ կալանավորեց ղեկավարներին, ահագին մարդ սպանեց եւ ջարդեց այդ երեւույթը, որից հետո Ադրբեջանը երկար տարիներ կարողանում էր ճնշված վիճակում պահել այդ ժողովուրդներին` սպանում էր առաջնորդներին, մտավորականներին` ընտրովի»,- պատմեց քաղաքագետը:

Նա տեղեկացրեց, որ այս առումով, սակայն, Ադրբեջանն ընկավ թակարդը, երբ սկսեց զարգացնել ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, մասնավորապես` ինտերներտը: Այն հնարավորություն տվեց այդ ժողովուրդներին` կապվել իրար հետ, մտքերի ու կարծիքների փոխանակում իրականացնել, եւ դա կամաց-կամաց բերեց նոր ալիքի:

«Ես համարում եմ, որ այդ վերջին փուլը, որն անսպասելի, շատ արագ է զարգանում, սկիզբը անցյալ տարվա դեկտեմբերի 10-ն է: Այդ օրը Ռեգնումի, իսկ այնուհետեւ շատ-շատ կայքերում հրապարակվեց կոչ, որը ստորագրել էին Ռութուլների, ավարների, լեզգիների, թալիշների առաջնորդները` ճանաչված ու հարգված մարդիկ»,- նշեց բանախոսը:

Կոչն ուղղված էր իրենց երիտասարդներին` Ադրբեջանում բնակվող, որով նրանց կոչ էր արվում հրաժարվել ծառայել ԼՂՀ սահմանում, նրանց ծնողներին` թաքցնել երեխաներին եւ չուղարկել ծառայության: Որովհետեւ, ինչպես այնտեղ էր գրված` «մենք հստակ ասում ենք, որ հայերը մեր թշնամիները չեն: Մենք հայերին թշնամի չենք համարում: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները զոհվեն` հանուն թուրքական շահերի` հայկական լեռներում»:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply