Կենդանակերպ դիմակներով ու աղբե քանդակներով «Արևորդի» փառատոնը մեկնարկեց

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 26, 2009 14:34

download10Երեկ Մատենադարանի շրջակայքից կենդանիների դիմակներով երթն ազդարարեց «Արևորդի» փառատոնի մեկնարկը. թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով ու դիմակներով պատանիներին ու բազմությանը բնապահպանական կոչերով ու կարգախոսներով ուղեկցում էին երաժշտական ու կրկեսային խմբեր:

Աստղիկը, Ժոռան ու Տաթևիկը Երևանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետից են. նրանք դիմակահանդեսին մասնակցում են որդան կարմիրի հագուստով, որ պատրաստել են տարբեր տեսակի չիպսերի ու կոնֆետների թղթից: «Մենք ցանկացանք հանդես գալ որդան կարմիրի զգեստով, քանի որ այն նույնպես ոչնչացման եզրին է»,-ասում է Աստղիկը:

Հայաստանի ֆաունայի կազմում հաշվառված ողնաշարավոր կենդանիների 535-ից 99-ը գրանցված են Կարմիր գրքում, իսկ 339-ը էնդեմիկ են: Ներկայումս Հայաստանում հանդիպող կենդանիների մոտ 300 տեսակներ համարվում են անհետացող կամ հազվադեպ հանդիպող:

Աննան «Արևորդի» երևանյան էկո-ակումբից է. նրա դիմակահանդեսի հագուստը դեղին պոլիէթիլենային տոպրակից պատրաստված հովազ է:

Քայլերթի ընթացքում երեխաներին ուղեկցում էր գերմանական դիմակահանդեսային «Confusao» սամբա խումբը, ինչը բրազիլական կառնավալ էր հիշեցնում, սակայն ոչ թե կիսամերկ թուխ պարուհիներով, այլ կենդանակերպ երեխաներով:

Դիմակահանդես-քայլերթն ավարտվեց Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Քայլերթի մասնակիցներին կինոթատրոնի դիմաց սպասում էին պոլիէթիլենային աղբից պատրաստված այն կենդանատեսակների քանդակները, որոնք Հայաստանի էնդեմիկ ոչնչացող կենդանիների շարքում են: Կազմակերպված էր փոքրիկ համերգ ` տարբեր երաժշտական ու պարային խմբերի մասնակցությամբ:

Փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հույս ունի, որ ամենամյա այս փառատոնը հետզհետե կդառնա Երևանի կյանքի մի մասը: «Ցանկություն կար ավելի շատ մարդ տեսնելու այսօր. մեր նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ներառել այս միջոցառումներում, իրազեկել նրանց բնապահպանական խնդիրներին»,-ասում է Խաչատրյանը:

Փառատոնի տնօրենի խոսքով` այս տարի միջոցառումների ցանկն ընդլայնվել է. կկազմակերպվեն սեմինարներ, կլոր սեղաններ՝ էկոլոգիական տարբեր թեմաներով:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկոյան ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում:

Արարողությունից հետո ցուցադրվեց Լյուկ Բեսոնի «Տունը» ֆիլմը: 54 երկրներում նկարահանված «Տունը» պատմում է այն մասին, որ Երկրագնդի խնդիրները սերտորեն կապված են միմյանց հետ, բայց ունեն միայն մեկ պատասխանատու` մարդը:

Փառատոնի ընթացքում` հոկտեմբերի 25-29-ը, ցուցադրվելու են ոչ միայն «Արևորդի» էկոակումբների սաների պատրաստած կինոնկարները, այլև ֆիլմեր` Չեխիայից, Հնդկաստանից, Կանադայից, Ամերիկայից և այլ երկրներից: Ֆիլմերի ծրագրում կցուցադրվի 85 ֆիլմ 30 երկրից, որից 16-ը՝ հիմնական մրցութային ծրագրում, իսկ 35-ը՝ տեղեկատվական:

Ֆիլմերի ցուցադրությունն անվճար է:

Դիտվել է 3670 անգամ:
Print Friendly

Leave a Reply