Դիմորդներն այսօր վերջին 2 քննություններն են հանձնում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2012 12:20

Այսօր միասնական քննությունների վերջին օրն է: Դիմորդներն արդեն քննություն են հանձնել ութ առարկաներից, այսօր էլ  3266 դիմորդներ քննություն են հանձնում հայոց պատմությունից, 1511 դիմորդներ` քիմիայից:

Երևանի թիվ 14 դպրոցում  ձևավորված քննակենտրոնում երկու առարկաներից քննությանը ներկայացել են 341 դիմորդներից  321-ը:

Քննակենտրոնի ղեկավար Վաչիկ Գրիգորյանն ասում է, որ քննությունների  ընթացքը հանգիստ է, առանց նկատելի թերությունների:  Գրիգորյանը, ով նաև 2010-ին է քննական կենտրոն ղեկավարել, ասում է, որ լարվածությունն այս տարի քիչ է` թե ծնողների, թե դիմորդների մոտ:

Ծնողներից տիկին Գայանեն ուշադիր էկրանին էր նայում` փորձելով գտնել իր երեխային: Պատմության մասնագետ է և իր երեխայի հետ ինքն է պարապել: Ասում է, որ դասագրքերն են վատ, կարծես ստուգում են, թե երեխան որքան տարեթիվ ու անուն կհիշի, ոչ թե գիտելիք են տալիս: Այդ պատճառով էլ մտահոգված ու մի փոքր վախեցած է,  քանի որ թեստերն էլ դասագրքերի հիման վրա են կազմվում:

Մեկ այլ ծնող էլ, ում երեխան քիմիայի քննություն է հանձնում, դժգոհում էր, թե երեխայի դեմքը էկրանին չի երևում, մինչդեռ միայն դեմքին նայելով կարող է հասկանալ, թե ինչ վիճակում է երեխան և ինչ բարդության են թեստերը:

ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ամփոփելով քննաշրջանի առաջին փուլը, ասում է, որ քննություններն անցել են  առանց միջադեպերի, շատ սահուն. « Տարեցտարի քննակարգը կատարելագործվում է: ԳԹԿ-ում յուրաքանչյուր քննությունից հետո ընդլայնված խորհրդակցություններ են տեղի ունենում:  Քննարկվում ու հաշվի են առնվում դիմորդների խնդրանքներն ու առաջարկությունները»:

Իսկ առջևում քննությունների երկրորդ փուլն է: Հունիսի24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը: Հայտագրվել կարող են նրանք, ովքեր քննությունների առաջին փուլին չեն մասնակցել, բանակից զորացրվածները, արտերկրի ուսումնական հաստատությունների շրջանավարտները: Հուլիսի 1-8-ն էլ տեղի կունենա միասնական քննությունների երկրորդ փուլը: Իսկ արդեն հուլիսի 15-ին կհրապարակվեն բուհեր ընդունվածների ցուցակները:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply