Վթարի են ենթարկվել Մարկ Սաղաթելյանը եւ Գրիգոր Նազարյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2012 11:25

Այսօր` հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի դիմաց, իրար են բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները:

Վթարից հետո «Ֆոլցվագեն»-ը բախվել է նաև էլեկտրասյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Ֆոլցվագեն»-ի միջից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վիրավորներից մեկը 41-ամյա Մարկ Սաղաթելյանն է, իսկ մյուսը` 41-ամյա Գրիգոր Նազարյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ «Ֆոլցվագեն»-ը վարել է Գրիգոր Նազարյանը:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, ուր տեղափոխվել են վիրավորները, Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վերոնշյալ երկու անձանց վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք ստացել են գլխի և մարմնի տարբեր կոտրվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները ու հրշեջ փրկարարները, քանի որ ահազանգ էր ստացվել ոստիկանություն, որ անհրաժեշտ է փրկարների օգնությունը, սակայն ավտովթարի վայրում փրկարարների կարիք չի զգացվել. մինչ փրկարարների ժամանումը` վիրավորներին ավտոմեքենայից հանել են քաղաքացիները և ՃՈ աշխատակիցները:
Դեպքի վայր է ժամանել «Ֆոլցվագեն»-ի` «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply