“…այս տարի ժյուրիի անդամներն ընդմիջմանը լավ քեֆ են անում”. Ռուբեն Ալթունյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 22, 2012 11:00


Երևանում արդեն 4-րդ անգամն է, ինչ անցկացվում է “Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական մրցույթը”: Այս տարի այն նվիրված է մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Այս մրցույթը փաստում է այն երևույթը, որ ժողովրդական արվեստն ու ազգային նվագարանները, որոնք “համարվում” էին մեռնող արվեստ, այնուամենայնիվ, գործածության մեջ են և դրանցով զբաղվում են նույնիսկ փոքրիկները: “Ինձ շատ հրապուրիչ է, որ այսօրվա սերունդն զբաղվում է ազգային նվագարաններով և ճանաչողականություն կա հայկական արվեստի ու հայկական երգեցողության”,-ասաց մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպեզիտոր Ռուբեն Ալթունյանը:
Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մասնկացության հայտ ներկայացրած և առաջին փուլին մասնակցած 133 մասնակիցներից 80-ն անցել են երկրորդ (51-ը` 8-16, 29-ը` 17-30 տարեկանների տարիքային խմբում): Այս տարվա ամենափոքրիկ մասնակիցը, սակայն, 6 տարեկան քանոնահարուհի է, որի ոտքերն անգամ չեն հասնում գետնին, երաժշտական գործիքն ավելի ամուր պահելու համար:
Մասնակիցները ներկայանում են ժողովրդական ամենատարբեր գործիքներով ու երգերով` ժյուրիի անդամներին ներկայացնելով 2 կատարում, որոնցից մեկը` պարտադիր Սայաթ-Նովա: Երաժշտական ընկերության նախագահ, մրցույթի ժյուրիի հանձնախմբի նախագահ Դավիթ Ղազարյանն ասաց, որ յուրաքանչյուր մասնակից մրցում է նույնանուն գործիք նվագողի հետ, այսինքն` դուդուկահարը դուդուկահարի, քանոնահարը քանոնահարի, ուդահարը ուդահարի հետ և այլն:
“Շատ ոգևորված ենք ու շատ ուրախ, որ երեխաները ջանասիրաբար կատարում են իրենց երգերն ու նվագում են ազգային նվագարաններ: Այս ամենը մեզ տալիս է հույս ու դնում ավելի ճիշտ ուղու վրա”,-ասաց Ռ. Ալթունյանը: Ինչպես հավելեց կոմպոզիտորը, յուրաքանչյուր բաժին ունենալու է իր հաղթողը. կհաղթի մեկ քանոնահար, մեկ դուդուկահար, մեկ ուդահար և այդպես շարունակ: Իսկ մրցանակը մեկն է` հաղթողները կստանան դափնեկրի կոչումներ:
Այն հարցին, թե այս տարվա մրցույթն ունի ինչ-որ առանձնահատկություն, որ չունեին նախորդները, Ռուբեն Ալթունյանը կատակով պատասխանեց. “Միակ առանձնահատկությունն այն է, որ այս տարի ժյուրիի անդամներն ընդմիջմանը լավ քեֆ են անում` շնորհիվ Դավիթ Ղազարյանի”:
Մրցույթի գալա համերգը ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հունիսի 26-ին:

Ռուզաննա Մովսիսյան

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply