Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը. ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով

Պաշտոնական, Օրվա լուր | | June 21, 2012 20:31

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակեց կառավարության գործունեության ծրագրի քննարկումը:

Գործադիրի ներկայացրած հնգամյա ծրագրի վերաբերյալ պատգամավորները շարունակեցին տեսակետներ հայտնել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց կառավարության ծրագրով նախատեսված` աղքատության դեմ պայքարի ուղղություններին` ասելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու կենսաթոշակային բարեփոխումները կբարելավեն  սոցիալական վիճակը: Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Շիրակ Թորոսյանը, կառավարության ծրագիրը գնահատեց տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից` դրական միտում համարելով ջավախահայության խնդիրներին վերաբերող` ծրագրում արտացոլված դրույթը: Պատգամավորը ողջունելի համարեց նաեւ կառավարության  նպատակադրումը սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում: Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով ընդդիմախոսների գնահատականներին ծրագրի ընդհանրական  բնույթի մասին, նկատեց, որ կառավարության ծրագիրը քաղաքական  փաստաթուղթ է, հռչակագիր ու հնգամյա քաղաքականության հիմնական ուրվագիծը: Նրա կարծիքով` այս ծրագրի` հանրության հիմնական սպասումներին համապատասխանելու ապացույցը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են: Գագիկ Մինասյանը նույնպես անդրադարձավ հանրության վստահության խնդրին եւ ասաց, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագիրը, որն արտացոլված է կառավարության ծրագրում, քննարկել է հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումներում:   Պատգամավորը ձեռքբերում համարեց գործադիրի` արտաքին ռիսկերը նվազագույնի հասցնելու եւ հնգամյա ծրագիրը մեծապես ներքին ռեսուրսների հաշվին իրագործելու մոտեցումը: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում արտացոլված են նաեւ իր կուսակցության նախընտրական հիմնական դրույթները, եւ առանցքային համարեց աշխատատեղեր ստեղծելու, նվազագույն աշխատավարձն ավելացնելու եւ ծնելիությունը խթանելու ուղղությամբ գործադիրի քայլերը:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավորները բացասական գնահատական տվեցին քննարկվող ծրագրին: Լյուդմիլա Սարգսյանը մասնավորապես խոսեց հանքարդունաբերության եւ բնապահպանության ոլորտներում իրականացվող անթույլատրելի քաղաքականության մասին: Լեւոն Զուրաբյանն իր ելույթում բարձրացրեց կառավարութանը վստահելու հարցը` նշելով, որ կառավարության կազմը գրեթե չի փոխվել, եւ նախորդ չորս տարիների աշխատանքը դիտարկելով է պետք  գնահատել այս կառավարության գործունեությունը: Արամ Մանուկյանը անդրադարձավ արտագաղթի խնդրին`  թվային մեջբերումներով  հիմնավորելով դրա սպառնալիքները, իսկ 90-ական թվականների արտագաղթը հիմնականում պայմանավորեց երկրաշարժով ու պատերազմով:

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն իր արտահերթ ելույթում խոսեց տարածքների համաչափ զարգացման եւ այս նպատակով կատարված քայլերի մասին: Եթե 2008 թ.  մայրաքաղաքին էր ուղղվում բյուջետային միջոցների 50 տոկոսը, ապա 2011 թ. համայնքների ֆինանսավորումը կազմել է 69 տոկոս`19 տոկոսով ավելի, ինչը վկայում է համայնքների համաչափ զարգացման բարելավման մասին: Եւ այս քաղաքականությունը, նախարարի հավաստմամբ, շարունակվելու է:  Փոխվարչապետն անհերքելի համարեց առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության ոլորտներում մարզերում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Նրա գնահատմամբ` այլ խնդիր է,  որ դրանք դեռ բավարար չեն. կառավարությունը շարունակելու է   առաջիկա տարիներին  հանրապետության 913 համայնքներն էլ ավելի զարգացնելու  քաղաքականությունը:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, բարձր գնահատելով կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի դրույթները, հատկապես  կարեւորեց աղետի գոտում բնակարանաշինական ծրագրերի, վթարային շենքերի վերականգնման,  ինչպես նաեւ անվճար ծննդօգնության շարունակականությունն ապահովող  նախագծերը:

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն իր ելույթում անդրադարձավ  արտագաղթին եւ այն  ծնող  պատճառներին, ժողովրդագրական խնդիրներին, ծնելիության անկմանը: Ըստ նրա` արտագաղթի համար նպաստավոր հանգամանքներ են  արտաքին եւ ներքին ճնշող պայմանները:

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով` կառավարության ծրագրում անտեսված են հասարակական պաշտպանության,  բանակաշինության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ  արդարադատության համակարգերը: Չի երեւում, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու դատական համակարգի բարեփոխման համար:

ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ այն նախատեսում է նվազագույն աշխատավարձի կրկնապատկում,  բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված քայլեր:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի համար զարմանալի էր ընդդիմադիր որոշ պատգամավորների քննադատությունը` ուղղված ծրագրի կատարման  ռիսկերի գնահատմանը:  Ըստ նրա` այդ առումով կառավարության որդեգրած մոտեցումն ընդունելի է, քանի որ դեռեւս հաղթահարված չէ նախորդ տարիների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, եւ հնարավոր է երկրորդ ալիքը:

ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հատկապես կարեւորեց  բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության ծրագրերը:  Նա նշեց, որ այդ նպատակով նախորդ գումարման Ազգային ժողովը քննարկել է 400-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը թեեւ չժխտեց  կառավարության ծրագրում որոշ դրական կետերի առկայությունը, այնուամենայնիվ նկատեց, որ այն ամբողջական չէ,  եւ չկա նախագծերի իրականացման ժամկետների հստակություն:

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանի կարծիքով` տնտեսական գործունեություն իրականացնող քաղաքացիները չեն ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:  Նախագծից դուրս են մնացել հարկային վարչարարության վերաբերյալ դրույթները:

Արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով նախորդ կառավարության հասցեին հնչեցված  քննադատական ելույթներին` ՀՀ  ԿԳ  նախարարն անթույլատրելի համարեց հատվածական պատասխանատվության վերաբերյալ տեսակետները` հիշեցնելով, որ նախորդ կառավարության մաս են կազմել թե «Օրինաց երկիրը», թե ՀՅԴ-ն  եւ թե ԲՀԿ-ն: Նախարարը նշեց, որ կառավարության կազմից այդ ժամանակահատվածում դուրս եկավ միայն ՀՅԴ-ն: Այս իրավիճակում  նա  անհասկանալի համարեց որոշ պատգամավորների ձեւակերպած «ձախողված կառավարություն» արտահայտությունը:

Կառավարության ծրագրի վերաբերյալ պատգամավորների ելույթներից հետո տեսակետներ ներկայացրին խորհրդարանի քաղաքական ուժերը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` կառավարության ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում Հայաստանում առկա իրողություններին եւ երկրի ու հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին: Նոր  կառավարությունը, ըստ խմբակցության ղեկավարի, լինելով նախորդի կրկնությունը, ոչ մի վստահություն չի ներշնչում, որ ընդունակ է ծրագիր իրականացնելու: Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ծրագիրը համարժեք չէ իրականությանը,  իրատեսական չեն առաջիկա հինգ տարիների համար  կառավարության նախատեսած  մեխանիզմները: Պատգամավորի գնահատմամբ` Հայաստանում աղքատությունը 50 տոկոսից ավելի է, իսկ արտագաղթը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Նա տեղեկացրեց, որ «ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով` ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրի արդյունավետ իրականացմամբ են պայմանավորված երկրի առաջիկա 5 տարիների բազմակողմ զարգացման հեռանկարները:  Նա տեղեկացրեց, որ ՕԵԿ նախընտրական ծրագրում ընդգրկված բազմաթիվ դրույթներ տեղ են գտել ներկայացված ծրագրում եւ առաջարկեց նորարարական եւ խորքային լուծումներ պետության ու հասարակության առջեւ  ծառացած խնդիրների լուծման համար: Ծրագիրը ներառում է ինչպես նոր, այնպես էլ նախորդ ծրագրերի շարունակականությունն ապահովող դրույթներ: ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին եւ հետագայում եւս ձեռնամուխ է լինելու այդ ծրագրի ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթների մշակմանն ու ընդունմանը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Նրա գնահատմամբ` ծրագրի քննարկումը տեղի է ունենում ՀՀ-ի համար լուրջ տնտեսական եւ քաղաքական պայմաններում: Ծրագրի քննարկումը հնարավորություն է տալիս գնահատելու նախորդ 5 տարիների արվածը եւ առանձնացնելու առաջիկա անելիքները: Հրանտ Բագրատյանը նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը քննարկել է ծրագիրը եւ եկել է այն եզրակացության, որ այն չի համապատասխանում մեր իրականության պահանջներին, մասնավորապես կառավարությունը չի  փորձել վերլուծել նախորդ 5 տարիների գործունեությունը եւ դրա հիման վրա ներկայացնել կոնկրետ գործողությունների ծրագիր: ՀԱԿ խմբակցության կարծիքով` ներկայացված ծրագիրը չի կարող հավակնել` դառնալու երկրի ուղեցույցը առաջիկա տարիներին, ուստի կոչ է անում դեմ քվեարկել ծրագրին:

ԲՀԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ամփոփելով քննարկվող հարցի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Ըստ  խմբակցության քարտուղարի` երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներն անցած տարիների ընթացքում խորացել են, ինչի պատճառով ԲՀԿ-ն չի ցանկացել մաս կազմել ներկայիս կառավարությանը: ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ներկայացված ծրագրին:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Չհամաձայնելով ծրագրի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին եւ քննադատություններին` Գալուստ Սահակյանը դրանք գնահատեց ոչ կառուցողական: Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին` դրանով կառավարությանը հնարավորություն տալով լուծելու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները:

Արտահերթ ելույթով հանդես եկավ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա կարեւորեց քննարկումները նախ այն պատճառով, որ խորհրդարանի առաջին լիարժեք աշխատանքային նիստն էր, որտեղ համակողմանի եւ ըստ էության բանավեճ էր ընթանում: ԱԺ նախագահը նկատեց, որ իր համար արդեն հստակ է, որ արդյունավետ են լինելու ԱԺ աշխատանքները, քանի որ ձեւավորվել է լավ խորհրդարան: Նա կարեւորեց  նաեւ Ազգային ժողովկառավարություն առաջին քննարկումը: Ըստ նրա` բազմաթիվ մոտեցումներ եղան, եղան գոհունակության խոսքեր, սուր քննադատություն, սպասողական դիրքորոշումներ եւ ուղղակի մեղադրանք, սակայն քննարկումն իրականում  Հայաստանի զարգացման  մոտեցումների վերաբերյալ մտահոգությունից էր բխում: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ օրեր առաջ ինքը այս ամբիոնից  խոստացել էր, որ դեռ շատ առիթներ են լինելու ներքուստ համոզվելու նախկին որոշ պատկերացումների կեղծության մեջ եւ կրկին հիշելու, որ պարտադիր չէ, որ իրենց մտավախությունները լինեն դիմացինի մտադրությունները:

«Կառավարության ծրագրի քննարկումը հենց այդ մասին էր. այն մասին էր, որ պարտադիր չէ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ամեն ինչ ասեն ու անեն, միայն թե դեմ լինի իշխանությանը, եւ հակառակը պարտադիր չէ, որ իշխանության ներկայացուցիչների ասածները միշտ լինեն անընդունելի: Սա քաղաքական բանավեճ էր, ապագայի ճանապարհի ընտրության վերաբերյալ մոտեցումների բախում էր, եւ հենց դրա համար ենք մենք այստեղ ու դրա համար են մեր ընտրողները մեզ գործուղել խորհրդարան: Ես համարում եմ, որ մեր աշխատանքների սկիզբը արդյունավետ ապագա է խոստանում, եւ դա ինձ անկեղծորեն ուրախացնում է»,-ասաց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` կառավարությունն իրականում ներկայացրել է իրատեսական եւ ընդգրկուն փաստաթուղթ, որը արդեն հարյուր հազարավոր քաղաքացիների պաշտպանությանն է արժանացել, քանի որ ուղղակիորեն կազմված է Հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիման վրա: Ըստ պարոն Աբրահամյանի` Կառավարության ծրագիրը երկրում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցմամբ կազմված փաստաթուղթ է, եւ ինչպես հանրապետության նախագահն է նշում. «Փոփոխությունները պետք է հասնեն ամենուր եւ չպետք է ուշանան»:

«Քաղաքական այս թեզը իրականացնելու հնարավորություն այս ծրագիրն իսկապես տալիս է: Այլ բան է, որ այս նույն ծրագրով հնարավոր է նաեւ դանդաղում կամ լճացում: Այո, հնարավոր է, չեմ բացառում: Սակայն հենց դրա համար են բոլոր այն վերհսկողական մեխանիզմները, որոնք մենք այսօր ունենք»,-նկատեց խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը հավելեց, որ կան օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները թե սատարելու կառավարությանն իր ծրագիրն իրականացնելու հարցում, եւ թե խստագույնս պահանջելու նրանից  ստանձնած պարտավորությունների անշեղ կատարում: Նրա գնահատմամբ` քննարկվող փաստաթուղթը սոսկ կառավարության գործունեության ծրագիր չէ, այլ մի ծրագիր, որով պետք է ուղղորդվի մեր երկրի սոցիալտնտեսական զարգացումը:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ իր գործընկերների հնչեցրած այն գաղափարը, որ կառավարության գործունեության քննարկվող ծրագրի հիման վրա պետք է մշակվեն յուրաքանչյուր ռազմավարական նպատակի ապահովումը երաշխավորող կոնկրետ ենթածրագրեր` մանրակրկիտ տնտեսական հիմնավորումներով, իրականացման գործիքակազմով, ինստիտուտներով, փուլային ցուցանիշներով: Այդ ենթածրագրերը պետք է մշակվեն Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների անմիջական մասնակցությամբ
  
Ազգային ժողովի նախագահը  ճիշտ համարեց վարչապետի այն դիրքորոշումը, որ նա մինչեւ ծրագիրը խորհրդարան ներկայացնելը առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին համագործակցել, ծանոթանալ ծրագրին եւ ներկայացնել առաջարկներ: Նրա գնահատմամբ` բոլորի նպատակն է, որ երկիրը բարգավաճի, ունենա կայուն տնտեսություն եւ զարգացում:

ԱԺ նախագահը նշեց, որ ոչ մեկը չի ժխտում կատարված սխալները, բայց դրանք պետք է շտկել հետեւողական ու համատեղ աշխատանքով: Նրա համոզմամբ` պետք է միանալ  ողջամիտ, կառուցողական առաջարկներին, եթե  նպատակը երկրի զարգացումն է ու  կայուն տնտեսական աճ ապահովելը: Խորհրդարանի ղեկավարը Հանրապետական կուսակցության, խմբակցության եւ կոալիցիայի անունից հավաստիացրեց, որ իրենք սատարելու են կառավարության  ողջամիտ առաջարկներին եւ կառավարությանը պաշտպանելու են ցանկացած ժողովրդահաճո դեմագոգիայից
  

Հովիկ Աբրահամյանի կարծիքով` Ազգային ժողովը կարող է հավանության արժանացնել քննարկվող փաստաթուղթը միաժամանակ գիտակցելով, որ սա ընդամենը այն սկիզբն է, որը ենթադրում է իշխանության բոլոր ճյուղերի ամենօրյա  ակտիվ աշխատանք` առաջ շարժվելու համար
  

Հանրապետության վարչապետը եզրափակիչ խոսքում անդրադարձավ  պատգամավորների ելույթներին` պատասխանելով քննադատությանը եւ առաջարկներին: Նա  շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին շահագրգիռ քննարկումների համար: Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ քննարկումների այս ոճը նպաստելու է մեր պետության զարգացմանը. քվեարկելով հօգուտ այս ծրագրի եւ տալով վստահության քվե` միասին հնարավոր կլինի ապահովել երկրի  կայուն զարգացումը:

Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին կառավարության գործունեության ծրագիրը:

Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանն ավարտվեց աշխատանքը:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 2730 անգամ:
Print Friendly

Leave a Reply