Ծովագյուղցիները վերջապես մանկապարտեզ կունենան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 24, 2012 17:00

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մանկապարտեզը լուծարվել է 1996-ից: Արդեն 16 տարի է` գյուղի փոքրիկները զրկված են մանկապարտեզ գնալու հաճույքից կամ պարտականությունից, իսկ մանկապարտեզի շենքն էլ ամբողջովին կորցրել էր իր տեսքն ու հարմարավետությունը:

Շուրջ 1 տարի պետբյուջեի և «Օգնենք չքավոր երեխաներին» բարեգործական կազմակերպության միջոցներով գյուղի մանկապարտեզում տարվում են վերանորոգման աշխատանքներ: Գյուղապետ Գևորգ Թովմասյանի խոսքով` սկզբնական շրջանում պետբյուջեն հատկացրել էր 11 մլն դրամ, որը նախատեսված էր տանիքը վերանորոգելու համար, որից հետո 30 մլն դրամ էլ հատկացրեց վերոնշյալ բարեգործական ընկերությունը` ընդհանուր շենքը կարգի բերելու և կահավորելու համար:

Նախկինում մանկապարտեզն ունեցել է 120 սան, իսկ վերանորոգումից հետո հնարավոր է, որ այն հարմարեցված լինի միայն 96 երեխաների համար, չնայած գյուղի փոքրիկներն ավելի շատ են:

Նոր մանկապարտեզի վերաբացմանն ամբողջ գյուղն է անհամբերությամբ սպասում, մայրիկներն ու նրանց փոքրիկները` առավել ևս: Մինչ մանկապարտեզի վերաբացումը, գյուղի երեխաները կշարունակեն հաճախել Սևան քաղաքի մանկապարտեզներ, ինչն անում են արդեն մի քանի տարի: Ըստ գյուղապետարանի տվյալների` Սևան քաղաքի մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը հասնում է 70-ի:

Մանկապարտեզը, որը լինելու է պետական ոչ առևտրային կազմակերպություն, արդեն ունի իր տնօրենը, որը, չունենալով համապատասխան կրթություն, սովորում է Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնում: Թե ինչ սկզբունքով և ինչպես է ընտրվել տնօրենը, գյուղապետարանի աշխատակիցները դժվարացան պատասխանել, իսկ ապագա աշխատակիցների մասին տեղեկացրին. «Բացի տնօրենից, դեռ ոչ մի աշխատող ընտրված չէ: Գյուղում բարձրագույն կրթություն ստացած, բայց տվյալ պահին գործազուրկ երիտասարդներ ունենք, որոնք կցանկանան աշխատել: Համենայն դեպս, դեռ ոչ մի բան պարզ չէ, քանի որ հաստիքներ դեռ չկան»,- ասաց գյուղապետարանի քարտուղար Խաչիկ Մկրտչյանը:

Գյուղապետը կարծում է, որ մանկապարտեզի վարձը 5000 դրամից չի անցնի: Այդ գումարով կհոգան կարիքների մի մասը միայն, իսկ մնացած մասի համար գումար կհատկացնի գյուղապետարանը: Նրանք հույս ունեն, որ ֆինանսապես կօգնի նաև «Օգնենք չքավոր երեխաներին» բարեգործական կազմակերպությունը:

Գ. Թովմասյանը վստահեցրեց, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը շահագործման կհանձնվի հոկտեմբերից:

 

Ռուզաննա Մովսիսյան

Դիտվել է 1811 անգամ:
Print Friendly

Leave a Reply