Ինչո՞ւ Ժու Չենը չի խաղալու «Միկայի» կազմում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 26, 2012 17:00

Երևանի «Միկայի» շախմատիստուհիները նախապատրաստվում են Եվրոպայի ակումբային առաջնությանը, որը կայանալու է հոկտեմբերին Իսրայելի Էլյաթ ծովափնյա քաղաքում: Ուժեղագույն թիմերի մասնակցությամբ այս ստուգատեսը կազմակերպվելու է աշնանը, քանի որ մինչ այդ` օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 10-ը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվելու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան:

Ընդ որում, «Միկան» Եվրոպական ստուգատեսում հանդես է գալու միայն կանանց թիմով, իսկ տղամարդիկ մնալու են տանը: Թերևս պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է:

Իսկ  «Միկայի» կանանց թիմի կազմում, անցյալ տարվա համեմատությամբ, մեկ փոփոխություն է կատարվել: Այս անգամ մեր թիմի պատիվը չի պաշտպանի չինացի, աշխարհի նախկին չեմպիոնուհի Ժու Չենը: Նա ամուսնու հետ բնակվում է Կատարում: Բանն այն է, որ վերջինս, նույնպես ճանաչված շախմատիստ Ալ Մոդիակը, արաբական երկրից է, իսկ Իսրայելում այդպիսի հարցերին մատների արանքով չեն նայում: Եվ որպեսզի խնդիրներ չառաջանան, խուսափեն դրանցից, այս անգամ որոշել են «Միկայի» կազմում չընդգրկել Ժու Չենին: Ընդ որում, չինուհին է այդ մասին խնդրել «Միկայի» ներկայացուցիչներին:

Սակայն նրան արժանի փոխարինող է գտնվել: Վերջերս հայկական ակումբը համալրելու իր համաձայնությունը տվեց վրացուհի Նանա Ձագնիձեն: Նա նախկինում հանդես է եկել խաղացողների գերհզոր կազմ ունեցող Մոնտե Կարլոյի թիմում:

Շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ Ձագնիձեն դժվարությամբ է ընդունել հրավերը, քանի որ խաղալու առաջարկներ էր ստացել նաև այլ ակումբներից: Ինչևէ, Ձագնիձեն արդեն պայմանագիր է ստորագրել «Միկայի» ղեկավարության հետ և պաշտպանելու է հայկական ակումբի պատիվը:

Առայժմ որոշված չէ, թե «Միկայի» կազմում ով որ խաղատախտակի առջև է նստելու:

Վարդապետյանը պարզաբանեց, որ հուլիսի 1-ից շախմատի միջազգային ֆեդերացիան պարբերաբար հրապարակելու է շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը, և մինչև հոկտեմբեր կողմնորոշվելու հնարավորություն կլինի:

Հիշեցնենք, որ «Միկայի» կազմում անփոփոխ հանդես են գալիս մեր ուժեղագույն գրոսմայստերները` Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Կխաղա նաև «Միկայի» հնաբնակ, Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալին: Հնարավոր է, որ ևս մեկ մարզուհի թիմը համալրի որպես պահեստային, սակայն այդ մասին դեռևս ոչ մի որոշում չկա:

Անցյալ տարի Սլովենիայում անցկացված Շախմատի Եվրոպայի առաջնությունում «Միկայի» կանանց հավաքականը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմը 2008-ին նույնպես Թուրքիայում կայացած ստուգատեսում ճանաչվել էր երրորդը: Իսկ ավելի վաղ` 2006-ին, մերոնք Ավստրիայում կայացած առաջնությունում հաղթել են:

«Թիմի առջև միշտ էլ խնդիր է դրվում լավագույնս հանդես գալ: Սակայն Եվրոպայի ակումբային առաջնությունում ավելի դժվար է խաղալ, քան, ասենք, մեր ազգային հավաքականն այդ անում է տարբեր ստուգատեսներում: Բանն այն է, որ  ակումբային առաջնությունում ուժեղագույն խաղացողները հավաքվում են մի քանի ակումբներում: Եվ ստացվում է, որ 5-6 թիմ հավակնում է մրցանակային տեղի»,- ասաց Վարդապետյանը:

 

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply