32 տարի առանց օլիմպիական հրացանակրի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 24, 2012 7:08

1980-ին Մոսկվայում սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը դարձել էր օլիմպիական խաղերի ածաթե և բրոնզե մեդալակիր: Եվ ահա տևական ժամանակահատված` 32 տարի է, ինչ Հայաստանը ներկայացուցիչ չունի օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարում: 2012-ին Լոնդոնում կայանալիք  օլիմպիական խաղերն էլ այս առումով շրջադարձային չեն լինելու: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանին դիմելով` հետաքրքվեցինք, թե մի՞թե մեր երկրում այլևս բարձրակարգ սուսերամարտիկներ չեն աճում:

– Հուսալի հերթափոխ ունենք: Օրերս Քութայիսում  միջազգային ներկայացուցչական մրցաշար կազմակերպվեց, և զենքերը խաչաձևեցին Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի երիտասարդ հրացանակիրները: Մեր երկրից մարտուղյակներ դուրս եկավ 11 մարզիկ: Էմմա Պողոսովան հաղթեց խոցասուսերակրուհիների մրցավեճում: Նա ընդամենը 15 տարեկան է, մինչդեռ պայքարի ոլորտ էին ներգրավվել մինչև 21 տարեկանները: Հայաստանի հավաքականը մրցավայր էր ներկայացել պատանեկան կազմով: Նույն զինաձևի երիտասարդների մրցաշարում Արթուր Քոչարյանը, պարտվելով միայն եզրափակչում, բավարարվեց 2-րդ մրցանակով: Իսկ Միքայել Միքայելյանը դարձավ 3-րդ մրցանակակիր: Ճկասուսերակիրների պայքարում Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը նույնպես կանգնեցին պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: Ճկասուսերակրուհիների մրցաշարում էլ 3-րդ մրցանակակիր դարձավ Հասմիկ Աղաբաբյանը: Այս մարզիկները պարբերաբար միջազգային մրցաշարերի  են մասնակցում և պարգևների արժանանում: Թերևս նրանք մեր ապագա օլիմպիականներն են, պետք է միայն հաճախակի միջազգային փորձություններում հանդես գալ, թրծվել: Ի դեպ, այս ամսվա վերջին` հունիսի 27-ին, նրանք Բաթումում պատանեկան միջազգային մրցաշարի են մասնակցելու:

Լավ է, որ մերոնք դրսում են միջազգային մեկնարկների մասնակցում, սակայն Հայաստանում երկար ժամանակ է, ինչ միջազգային մրցաշար չի կազմակերպվել: Մինչդեռ խորհրդային տարիներին մեր երկրում մեծ թվով սուսերամարտի միջազգային մրցաշարեր էին անցկացվում, և հանդես էին գալիս շատ անվանի մարզիկներ:

– Ծրագրել ենք ավանդույթը վերականգնել: Եկող տարի նախատեսում ենք Հայաստանում անցկացնել միջազգային մեկ մրցաշար, որին կմասնակցեն Վրաստանի և Իրանի ներկայացուցիչները: Դա կլինի պատանեկան կամ երիտասարդական ստուգատես:

Նախկինում «Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի մարզաբազայում հնարավոր էր բարձր մակարդակի մրցումներ կազմակերպել: Դրսից եկած մասնակիցների մի մասն էլ իջևանում էր մարզօջախի հյուրանոցային հարկաբաժնում: Այժմ ունե՞նք համապատասխան մարզաբազա, որը կարող է հյուրընկալել միջազգային մրցաշարի մասնակիցների:

– Նորագավթի մարզաբազան պահպանվել է, շարք է մտել նաև Բյուրեղավանի մարզաբազան: Եթե անգամ խնդիրներ առաջանան, ապա ֆեդերացիան դահլիճ կվարձակալի: Միջազգային չափանիշներին համապատասխանող մարտուղյակներ, մարզական գույք և էլեկտրոնային սարքավորումներ ունենք:

Հույսեր կային, որ խոցասուսերակիր Միքայել Ղազարյանը «Լոնդոն 2012»-ի ուղեգիր կնվաճի: Ի՞նչը խանգարեց նրան:

– Կարծում եմ` Ղազարյանն արեց հնարավորը, որպեսզի օլիմպիական վարկանիշային մրցաշարում ուղեգիր նվաճի, բայց չստացվեց: Թերևս խանգարեց մրցակցային փորձի պակասը: Հաջողության հասնելու համար սուսերամարտիկը պետք է մեծ թվով միջազգային մրցաշարերի մասնակցի, մրցափորձ և ինքնավստահություն ձեռք բերի: Մինչդեռ 2011-ի աշխարհի առաջնությունից հետո նա միայն Հայաստանի առաջնությանն էր մասնակցել և ուղևորվել Բրատիսլավա` օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Ընդ որում, Միքայելը լավ հանդես եկավ: Նա, խմբային մրցաշարում երեք հաղթանակ գրանցելով իր օգտին, իրավունք ստացավ շարունակելու պայքարը: Հետո էլ 23-ամյա մարզիկն օլիմպիական մրցակարգով հանդիպումներում 10:15 հաշվով զիջեց Անգլիայի ներկայացուցչին և դադարեցրեց մրցելույթը:

Փաստորեն, հիմնական խանգարող հանգամանքը փողի պակա՞սն է:

– Աջակցության կարգով Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան պետությունից շուրջ 14,5 մլն դրամ է ստանում, որը խիստ անբավարար է որևէ խնդիր լուծելու համար: Սուսերամարտում երեք զինաձև է: Ընդ որում, բոլորում էլ հանդես են գալիս և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ունենք պատանեկան, երիտասարդական, մեծահասակների հավաքականներ, պարզ կդառնա, թե ինչ մեծ ֆինանսներ են անհրաժեշտ: Ընդ որում, ամեն թիմ տարեկան առնվազն 10-12 միջազգային մեկնարկի պետք է մասնակցի, համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնի արտասահմանյան երկրների հավաքականների հետ, որպեսզի հետո Եվրոպայի, աշխարհի առաջնություններում հույսեր փայփայենք: Մինչդեռ այդպիսի հնարավորություններ չկան: Ընդ որում, մարզիկներն ապահովված են միջազգային չափանիշներին համապատասխանող մարզական կոստյումներով, էլեկտրոնային բաճկոններով և այլն: Իսկ սուղ միջոցներով ոչ միայն միջազգային մրցաշարերի մասնակցելն է դժվարացել, այլև ուսումնամարզական հավաքների կազմակերպումը:

Մերոնք հարևան երկրների ներկայացուցիչների հետ են հիմնականում միջազգային մրցաշարերի մասնակցում: Այդ երկրներում սուսերմարտն ի՞նչ մակարդակ ունի:

– Վրաստանում  թրամարտն ավանդական մարզաձև է, հիմնականում շեշտը դրվում է այդ զինաձևը զարգացնելու վրա: Եվ ակնառու արդյունքներ կան: Մասնավորապես, վերջերս Բրատիսլավայում կայացած  մինչև 23 տարեկան թրամարտիկների Եվրոպայի առաջնությունում Վրաստանի ներկայացուցիչը դարձել էր բրոնզե մեդալակիր: Իրանի հրացանակիրները միջազգային ստուգատեսներում այնքան էլ մեծ հաջողություններ չունեն: Նրանք հիմնականում փորձում են իրենց դրսևորել Ասիայի առաջնություններում և խաղերում: Ի դեպ, անկախացումից հետո Հայաստանի մասնագետներն են այդ երկրում աշխատել: Տևական ժամանակ` մեկ տասնամյակից ավելի, Իրանում է աշխատել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անատոլի Պետրոսյանը: Իսկ ավելի վաղ Իրանի հավաքականը մարզել է Սերժիկ Ասադուրյանը, որը Մոնրեալում կայացած օլիմպիական խաղերում Իրանի հավաքականի կազմում 27-րդ տեղն էր գրավել խոցասուսերակիրների մրցաշարում: Այժմ էլ Իրանի երիտասարդական հավաքականը մարզում է երևանցի տիտղոսակիր խոցասուսերակիր Սարգիս Այվազյանը:

Սուսերամարտի շա՞տ մասնագետներ ունենք, որոնք աշխատում են արտասահմանում:

– ԱՄՆ-ում կան հայ մարզիչներ:

Իսկ հնարավոր չէ՞, որ Հայաստանի հավաքականը համալրեն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները, ուժեղացնեն այն:

– Դրա իմաստը չկա: Ցանկալի է, որ եղած ֆինանսներն օգտագործվեն Հայաստանում բնակվող պատանի և երիտասարդ շնորհալի սուսերամարտիկների վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ի դեպ, օտար ափերում բնակվող մեր հայրենակիցներն էլ ցանկություն չեն հայտնում Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար:

Կարելի՞ է ակնկալել, որ հաջորդ` 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ կունենա:

– Դժվար է ասել: Ամնեն բան պայմանավորված է նախապատրաստական աշխատանքով, իսկ հեռանկարային հրացանակիրներ, ինչպես արդեն ասվեց, ունենք:

Նախկինում սուսերամարտն արմատավորված էր Հայաստանի բուհերում: Բայց այժմ ուսումնական հաստատություններում այս մարզաձևի խմբերը վերացել են:

– Ցավոք, բացի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, այլ կրթօջախներում ասպետական այս մարզաձևի խմբերում պարապողներ չկան:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն այժմ գլխավորում է Հայռուսական (սլավոնական) համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը: Հնարավո՞ր է, այդ բուհում սուսերամարտն արմատավորվի:

– Չի բացառվում: Բուհը լավ մարզաբազաներ ունի, այնպես որ այդ հնարավորությունը կա:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply