Բագարան
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | June 27, 2012 15:05
Բագարան մայրաքաղաքը տարբեր ժամանակներում հիշատակվել է նաև Բագրան, Դիցավան անուններով: Բառը նշանակում է աստվածների կացարան: Հայոց այս հնամենի մայրաքաղաքի ավերակները գտնվում են Ախուրյան և Արաքս գետերի միախառնման տեղում` Ախուրյանի աջ ափին` ներկայիս Բաքրան քրդաբնակ գյուղի մոտակայքում: Բագարանից մոտ 10 կմ հյուսիս է գտնվում նաև Հայաստանի մայրաքաղաքներից Երվանդաշատը:
Բագարանը բնական անմատչելի դիրք ունի. այն ձգվում է հյուսիսից հարավ և երեք կողմից շրջապատված է անմատչելի կիրճերով, որոնք իրենց հերթին երիզվում են Ախուրյանի ջրերով: Ապառաժների վրա խոյացող ամրակուռ պարիսպներն իրենց հերթին ամրացված էին բուրգերով: Անիի նման, Բագարանն էլ ուներ ստորերկրյա քաղաք: Պարիսպներից մի քանի գետնուղիներ կային փորված դեպի Ախուրյանի ձոր և անդին` պաշարումների ժամանակ արտաքին աշխարհի հետ կապը պահելու համար:
Բագարանը, պատմիչների հավաստմամբ, շքեղ քաղաք էր: Այն պատված էր ապարանքներով, հոգևոր ու աշխարհիկ շինություններով, այգիներով: Բագարանի շուրջն արհեստածին «Ծննդոց» անտառներն էին, որոնք ունեին ծիսական և պաշտամունքային նշանակություն: Քանի որ քաղաքը, արքայանիստ լինելուց զատ, նաև հոգևոր կենտրոն էր` տաճարներով, պաշտամունքային այլ շինություններով:
Համաձայն Աշխարհացույցի` Բագարանը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում: Քաղաքը կառուցել է Երվանդ Դ Երվանդունի թագավորը (մ.թ.ա.220-200 թթ.): Նա մայրաքաղաքը Երվանդաշատից տեղափոխեց Բագարան` այստեղ հաստատելով նաև հայոց հոգևոր կենտրոնը և երկրի գլխավոր քրմապետ նշանակելով իր եղբայր Երվազին: Երվանդը կառուցապատեց քաղաքը. այնտեղ շքեղ ապարանքներ, շինություններ կառուցեց, բայց պատմության մեջ Բագարանն ավելի շատ մնաց որպես հոգևոր-պաշտամունքային կենտրոն, քան մայրաքաղաք:
Որպես մայրաքաղաք Բագարանը երկար կյանք չունեցավ: Մ.թ.ա. 200 թ. նրա դեմ ապստամբեց իր ազգական Արտաշես իշխանը, ճակատամարտում սպանեց Երվանդ արքային ու Երվազ քրմապետին: Արտաշեսի ապստամբությունից հետո Սելևկյան թագավորությունը հարձակվեց Հայաստանի վրա, և Հայաստանը հայտնվեց Սելևկյան տիրապետության տակ: Սակայն 10 տարի անց Արտաշեսն ապստամբեց Սելևկյանների դեմ, հռչակեց երկրի անկախությունն ու հիմք դրեց նոր, հզորագույն արքայական հարստության, որն իր անունով կոչվեց Արտաշեսյան (մ.թ.ա 189 թ.- մ.թ.1): Մ.թ.ա. 160-ական թթ. սկզբին Արտաշես Ա Աշխարհակալը (մ.թ.ա. 189-160) ձեռնամուխ եղավ նոր` Արտաշատ մայրաքաղաքի շինարարությանը և հայոց արքունիքը Բագարանից տեղափոխվեց ոչ հեռու կառուցված Արտաշատ:
Արտաշատի կառուցումից հետո Բագարանը մի ամբողջ հազարամյակ մնաց որպես փոքր քաղաք և պատմության մեջ որևէ էական դեր չունեցավ:
Այս ընթացքում քաղաքը Երվանդունիներից անցավ Արշակունիներին, իսկ III դարում Խոսրով Բ Մեծը քաղաքը հանձնեց Կամսարականների նախարարական տոհմին: VIII դարում այն ձեռք գցեց Աշոտ Մսակեր Բագրատունի իշխանը և դարձրեց իր իշխանանիստը:
Բագարանի նոր վերելքը կապված է Բագրատունիների հետ: Քանի որ Արմինիա փոխարքայության կենտրոնը Դվինն էր, այնտեղ էր նստում նաև արաբ ոստիկանը, հայ Բագրատունի իշխաններն իրենց աթոռանիստն ընտրելու հարցում կանգ առան հենց Բագարանի վրա: Փաստորեն, VIII դարից Բագարանը կատարում էր երկրորդ մայրաքաղաքի դեր, որտեղ նստում էր Հայոց իշխանը: Այն հեռու չէր Դվինից, բացի այդ, գտնվում էր Հայաստանի սրտում` Արարատյան դաշտում:
Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Բագրատունի առաջին արքան` Աշոտ Առաջինը (885-890) այն հռչակեց Հայաստանի մայրաքաղաք: Սակայն Բագարանը դարձյալ որպես մայրաքաղաք շատ կարճ կյանք ունեցավ: Աշոտ Առաջինը մահացավ 890 թ. և թաղվեց Բագարանում: Նրա հաջորդը` որդին` Սմբատ Առաջինը (890-914), երկրի մայրաքաղաքը Բագարանից տեղափոխեց ոչ հեռու գտնվող Երազգավորս: Սակայն Բագարանը որպես քաղաք չկորցրեց իր նշանակությունը: Այն համարվում էր Բագրատունիների թագավորության կարևորագույն պատվարներից մեկը և այնտեղ էր նաև Բագրատունիների տոհմական դամբարանը: Սմբատ Առաջինից այն անցավ նրա հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին, որը Աշոտ Երկաթի օրոք (914-928) Բագարանում ապստամբեց հայոց արքայի դեմ և իրեն թագավոր հռչակեց: Սակայն Աշոտ Երկաթը ճնշեց իր ազգակցի ելույթը:
1045 թ.` Բագրատունիների թագավորության անկումից հետո, Բագարանը նույնպես, ի թիվս այլ քաղաքների, անցավ Բյուզանդիայի տիրապետության տակ: Սակայն, շատ չանցած, քաղաքը գրավեցին սելջուկները և ավերեցին: 1199 թ. Բագարանը կրկին ազատագրվեց. այս անգամ` Զաքարյանների կողմից, որոնք, ազատագրելով ողջ Հյուսիսարևելյան Հայաստանը, այստեղ հզոր իշխանապետություն հիմնեցին: Իսկ քաղաքի կործանումը կապված է մոնղոլական տիրապետության և Լենկ Թեմուրի արշավանքների հետ: XIV դարի վերջին Բագարանն արդեն աննշան ու անշուք գյուղ էր, և իր նախկին փառքը հավաստում էր միայն կանգուն մնացած առանձին շինություններով:
Այս շինություններից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որ հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է: Եկեղեցին կառուցվել է 631 թ. Աննա իշխանուհու կողմից:
Սուրբ Թեոդորոս եկեղեցին ազդեցություն է թողել եվրոպական ճարտարապետության վրա: Շատ ուսումնասիրողներ համարում են, որ հռչակավոր Լեոնարդո դա Վինչին Հայաստանում եղած ժամանակ կազմել է եկեղեցու մանրակերտը և տարել իր հետ Իտալիա, և այսօր Հռոմի ու Միլանի շատ եկեղեցիներ իրենց ճարտարապետական հորինվածքում կրում են Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցու կնիքը:
Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1030 թ. Հովհաննես-Սմբատ Գ արքայի (1020-1041) կողմից: Սուրբ Շուշան եկեղեցին ավելի ուշ շրջանի գործ է:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
