Մայրաքաղաքի բացօթյա ջրավազանները վարակի տարածման միջոց են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 25, 2012 16:00

Մասնագետները հորդորում են երեխաներին զերծ մնալ նման վայրերում լողալուց

Մեր գեղեցիկ մայրաքաղաքն ամռան այս օրերին իր բնակիչներին փորձում է  զովացնել շատրվանային լողավազանների միջոցով: Ցայտող շատրվանն  այս տապին մի փոքր հանգստանալու, ջրային զովությունը վայելելու և տոթը մեղմելու միջոց է: Սակայն  Երևանի շատրվանային լողավազանները, բացի դեկորատիվ նշանակությունից,  անչափահասների համար դարձել են ջրային և արևային լոգանք ընդունելու միջոց:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հրազդան գետը երեխաների լողալու ամենասիրած  վայրն էր, որտեղ ամռան բոլոր ամիսներին երեխաները հագեցնում էին իրենց լողալու քաղցը: Այս սիրելի վայրը   հանգստյան օրերին լի էր լինում նաև հովեկներով, որոնք այցելում էին ամռան շոգից պաշտպանվելու և գետի զովը վայելելու նպատակով: Սակայն երեխաներին խստիվ արգելվեց լողալ իրենց սիրելի Զանգու գետում: Մի որոշ ժամանակ ոստիկանության պարեկները շուրջօրյա հսկողություն էին սահմանել գետում: Այդ տարիներին մասնագետները,  կատարելով ջրի լաբորատոր փորձաքննություն, բոլոր լրատվամիջոցներով կոչ արեցին համաքաղաքացիներին զերծ պահել երեխաներին Հրազդան գետում լողալուց: Նրանք զգուշացնում էին մաշկային հիվանդությունների տարածման  վտանգի մասին: Սահմանված վերահսկողության արդյունքում երեխաների հոսքը  շատ թե քիչ նվազեց:

Այժմ վտանգավոր են դարձել մայրաքաղաքի բացօթյա լողավազանները: Վերջերս բարեկարգվել և արդիականացվել է Վազգեն Սարգսյան փողոցի շատրվանային լողավազանը, ուր  դեռ  վաղ առավոտից գրոհում են մանկահասակ երեխաները:

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ առհասարակ օրենքով արգելված է քաղաքի որևէ բացօթյա լողավազանում երեխաների լողալը: Սակայն խնդիրն այն է, որ արգելելը դեռ չի նշանակում վերահսկողություն սահմանել, գործնական քայլեր չեն ձեռնարկվում արգելքն իրականացնելու ուղղությամբ: Մինչդեռ ջրավազանները լի են տարբեր վարակներով: Շատ  բժիշկ մասնագետների տեղեկացմամբ, ջրային ավազանները կարող են աղիքային և մաշկային հիվանդությունների զարգացման  պատճառ դառնալ:

8-րդ պոլիկլինիկայի մանկաբույժ Մարինա Ստեփանյանի պարզաբանմամբ, նույնիսկ փակ լողավազանները վտանգի գործոններ ունեն, նույնիսկ այն պարագայում, երբ ժամանակ առ ժամանակ ֆիլտրացման են ենթարկվում և քլորացվում: Բացօթյա լողավազանները, որոնք առհասարակ չեն վերահսկվում, վտանգավոր են այն տեսանկյունից, որ  բաց են, և ցանկացած մանրէ կարող է լողավազան թափանցել: Օրինակ` ծովի ջուրը, լինելով աղի, վնասազերծում է ցանկացած վարակ և նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար: «Շատ երեխաների համար ջուրը և ջրային լոգանքը բավական օգտակար է, կոփում է, սակայն ոչ բացօթյա ջրավազանները, որոնց վնասակարությունն ու վարակի տարածման ռիսկային գործոնը բավական մեծ է»,- ասում է մանկաբույժը և մանրամասնում, որ ամենատարածված վարակը կարող են լինել դիզենտերիան և սալմանելոզը: Կուլ տված մեկ կում ջուրը երեխայի մեջ կարող է  աղիքային վարակի պատճառ դառնալ ու հանգեցնել ստամոքսի և մարսողական խնդիրների: Մեծ է նաև մաշկային և սնկային հիվանդություններով վարակվելու վտանգը, քանի որ նման ջրավազանների ջուրը գուցե զտվում է, սակայն չի քլորացվում անհրաժեշտ չափաքանակով:

Բացի մաշկային և աղիքային ամենատարբեր հիվանդություններից, բացօթյա ջրավազաններում լողալը կարող է նաև արևահարման պատճառ դառնալ: Մարինա Ստեփանյանի համոզմամբ, արևի ճառագայթները կլանում են ջուրը և ռադիացիոն նյութերի պատճառ դառնում: Երեխաների կլանած վարակի ներգործման ժամանակահատվածը կարող է 3-20 օր տևել` կախված երեխայի օրգանիզմի դիմադրողականությունից: Եթե երեխան բավական ցածր դիմադրողականություն ունի, ապա մի քանի օրն էլ բավական է վարակն ի հայտ բերելու համար:

Վարակից խուսափելու հավանականությունն ընդամենը 10-15 տոկոս է: Ուստի  մասնագետները հորդորում են ծնողներին զերծ պահել երեխաներին նման լողավազաններում լողալու մտքից, որքան էլ այս տապին ջուրը մտնելու գայթակղությունը մեծ է: Պետք է հաշվի առնել, որ հսկողության բացակայության  պարագայում մենք ինքներս պետք է խիստ հսկենք երեխաների վարքը` թույլ տալով նրանց բավարարվել միայն ավազանների զովացուցիչ հատկություններով հիանալով:

Լ.Ն

 

Դիտվել է 1762 անգամ:
Print Friendly

Leave a Reply