Համասեռականություն. հիվանդությո՞ւն, թե՞ ճակատագիր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 23, 2012 7:00

«Սեքսուալ փոքրամասնություն» եզրույթը հաճախակի է հնչում եթերից, գրվում տպագիր մամուլում: Սակայն դա չի նշանակում, որ իրականում  նրանք շատ են, քանի որ սոցիոլոգիական հարցման արդյունքներով  Երկրագնդի հասուն բնակչության շրջանում նրանց թիվը տատանվում է տղամարդկանց 1-4%-ի և կանանց մոտ 1-3%-ի սահմաններում:

Ի՞նչ է համասեռականությունը բժշկության տեսանկյունից

Համասեռականության մասին հայտնի է հնուց: Առաջին հիշատակումները հանդիպում են Հին Եգիպտոսի պապիրուսներում (2500 տարի մ.թ.ա.), որոնց համաձայն` Ֆետ ու Հարուս աստվածները համասեռական հարաբերությունների մեջ էին: Այն (ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մեջ) եղել է դեռևս Աֆրիկայի, Ասիայի ու Ամերիկայի նախաստեղծ ազգերի, ինչպես և նեանդերթալցիների ժամանակ: Համասեռականների  հարաբերությունները տարածված էին Հնդկաստանում, Բաբելոնում, Եգիպտոսում, Հռոմում և բացահայտ խրախուսվում էին հասարակության բարձր խավերի շրջանում: Հին Հունաստանում տղամարդկանց համասեռականությունն ուրանիզմ անունն էր ստացել` Ուրանիա աստվածուհու անունից, որը ծնվել էր ոչ թե կնոջից, այլ Ուրան տղամարդ աստծուց: Իսկ կանանց համասեռականությունը հին հույն բանաստեղծուհի Սաֆոյի անունից ստացել է սաֆիզմ կամ լեսբիական սեր անվանումը, քանի որ Սաֆոն բնակվում էր Լեսբոս կղզում, և  կարծիք կար, որ նա համասեռական հակումներ ուներ: Անցած հարյուրամյակի վերջին տղամարդկանց համասեռականությունը լայն տարածում ստացավ Արևելքում, որտեղ պատանի բաչիները ծառայում էին սեռական բավարարության համար:

«Համասեռականություն եզրույթը (հունարեն  homoios – նման, միանման և լատիներեն sexus- սեռ) առաջին անգամ առաջարկվել է 1869-ին հունգարացի բժիշկ Բենկերտի կողմից: Մինչ օրս համասեռ հակման պատճառները բավականաչափ ուսումնասիրված չեն: Իսկ դրա շուրջ ծագած վեճերը չեն հանդարտվում:

Առաջին  տեսությունները վիճելի էին: Ֆրանսիացի հոգեբան Անդրե Տարդյեն սեփական սեռի նկատմամբ հակումը բնածին  բարոյական ու ֆիզիկական այլանդակություն է որակել, այլասերվածության հետևանք: Իսկ դրան հակառակ` գերմանացի իրավաբան Կարլ Ուլրիխը 1860-ին այդ թեմայով հրապարակած նյութում շարադրել է, որ համասեռականները սաղմնային ոչ նորմալ զարգացման զոհեր են: Այդ տեսության համաձայն` սաղմի սեռական օրգանները սկզբում տարբերակված չեն: Ուլրիխը ենթադրում էր, որ համասեռականների մոտ սեռական օրգաններն արականի նման են զարգանում, մինչդեռ ուղեղում, որը որոշում է սեռական հակման ուղղությունը, նման տարբերակում  տեղի չի ունենում: Այսինքն` կանացի հոգին տղամարդու մարմնում է ամփոփվում:

Ճանաչված գերմանացի նյարդաբան ու հոգեբան Կարլ Վեսթֆելը համասեռականությունը բնորոշել է որպես սեռական զգացման բնական փոփոխություն: 1882-ին ֆրանսիացի հոգեբան Ժան Շարկոն և Վալենտին Մանյանը  «Սեռային զգացման շարադասությունը» գրքում տեղեկացրել են, որ նման դեպքերում լավագույն բուժում է հիպնոսը: Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչպես կարելի է հիպնոսով բուժել բնածին հիվանդությունը:

XIX դարի վերջին ռուս մաշկավեներաբան Տարնովսկին առաջարկեց տարբերել համասեռականության բնածին, գենետիկ նախապայմանով ու ձեռքբերովի տեսակները, որոնք առաջանում են արտաքին ազդեցություններից, բազմազանության ծարավից ևն:

Վիճաբանությունները շարունակվում են. Ֆորելն ու Մոլլը կարծում էին, որ համասեռականությունը որոշ հոգեկան խանգարում ունեցողներին բնորոշ այլասերվածություն է: Քրաֆթ-Էբինգգն ու Էլլիսը համասեռությունը համարում են դալտոնիզմի պես շեղում: Հիրշֆելդն ու Բլոխը համարում էին այն բնածին նախատրամադրվածություն, ինչը պետք է ընդունել որպես փաստ: Բացի այդ, Հիրշֆելդը համասեռականությունը համարում էր երրորդ սեռի պես մի բան, միջակա մի վիճակ: Հոգեվերլուծաբանության հայր Զիգմունդ Ֆրեյդն ասում էր, որ բանը նախատրամադրվածությունը չէ, այլ անհատական զարգացման առանձնահատկությունները: Նա կարծում էր, որ համասեռականությունը հոգեկան հիվանդություն չէ` այդ բառի սովորական ընկալմամբ, այլ վաղ տարիքում անհատի ձևավորման պայմանների առանձնահատկության արդյունք, որոնք անհնար է հետագայում փոփոխել ու վերաձևել:

Ժամանակակից սեքսաբանության հիմնադիր, ամերիկացի  Ալֆրեդ Կինզին այն տեսությունն է առաջ քաշել, որ հոմո- և հետերոսեքսուալությունը ինքնուրույն գոյություն ունեցող երևույթներ չեն, այլ` նույն երևույթի հակառակ բևեռներ:

Այսօր այդ բոլոր տեսակետները կարելի է համախմբել  հետևյալ տեսությունների մեջ. նյարդածին, պայմանական-ռեֆլեկտորային, նեյրոէնդոկրին, գենետիկ ևն: Նյարդածին տեսության համաձայն` համասեռականության ծագումը պայմանավորված է մի շարք հիվանդություններով, որոնք հանգեցնում են սեքսուալ կողմնորոշման փոփոխման: Դրանցից են արյունազեղումը ուղեղի որոշ բաժիններում, ուղեղի ուռուցքները, գանգի վնասվածքները. թմրամոլությունն ու թունավորման որոշ տեսակները: Օրինակ` երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ բրիտանացի հայտնի ռեգբիստն ընկել ու կոտրել էր պարանոցը, ինչին հետևել էր կաթվածը: Մինչ այդ պատահարը նա սովորական երիտասարդ էր, ուներ ընկերուհի, կշռում էր 120 կգ, սիրում էր գարեջուր, աղմկոտ ընկերական հավաքներ ու պատրաստվում էր ամուսնանալ: Հիվանդանոցում գիտակցության գալով` հասկացել է, որ կանայք այլևս իրեն չեն հետաքրքրում:

Պայմանական ռեֆլեկտորային տեսանկյունից համասեռականությունն առաջանում է  ընտանիքում երեխայի համար նպաստավոր կլիմայի խախտման հետ: Չար հոր ու բարի, սակայն անտեսված մոր պարագայում աղջիկը վախ ու անվստահություն է ապրում բոլոր տղամարդկանց նկատմամբ, ցանկանում է պաշտպանել բոլոր կանանց ու  ստանձնում տղամարդու դերը սեքսուալ զույգում, ինչը բացառություն չէ: Իսկ տղան, որը մեծանում է դաժան ու խիստ մոր ձեռքի տակ ու փափուկ և բարի հոր ներկայությամբ, կսկսի խուսափել կանանցից ու ջերմություն և սեքսուալ քնքշություն փնտրել այլ տղամարդկանց մեջ:

Գիտնականները համասեռականության պատճառ են համարում  նաև այն դեպքերը, երբ երևույթի հիմքում  ընկած են սաղմի ներարգանդային նեյրոներզատիչ խանգարումները: Եթե արական սեռի պտուղը հղիության 4-6 ամիսների ընթացքում անդրոգենների անբավարարություն է ունենում, ապա խախտվում է պտղի սեռային տարբերակումը, և տղան, ի վերջո, կարող է ունենալ կանացի դիմագծեր ու համասեռական հակումներ: Իսկ կանացի համասեռականության առաջացման սահմանային  ժամկետ է համարվում 4-6 ամիսների հղիությունը: Լեսբական հակումներն առաջանում են այն աղջիկների մոտ, որոնք նշված ժամանակահատվածում ենթարկվել են ինչպես  արական, այնպես էլ  իգական հորմոնների խտության ազդեցությանը:

Իսկ ըստ գենետիկ տեսության` մոլեկուլյար կենսաբանության մասնագետ Համմերը հաստատում է, որ համասեռականության նախատրամադրվածությունը փոխանցվում է մայրական կողմի ժառանգությամբ. այդ շեղման պատասխանատու գենը պետք է փնտրել այն քրոմոսոմում, որը երեխան ստանում է  միայն մորից, հատկապես` X-քրոմոսոմում:

Իսկ վերջերս ամերիկացի գիտնական դոկտոր Քեննեթ Քենդլերն ու իր գործընկերները, հարցում անցկացնելով 4000 կամավորների շրջանում, հայտնաբերեցին, որ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման դեպք է  գրանցվել մի ձվաբջջից ծնված երկվորյակների 31,6 %-ի ու տարբեր ձվաբջիջներից ծնվածների 13.3%-ի  նույն սեռի երկվորյակների շրջանում: Հետազոտության հեղինակները մի եզրահանգում արեցին. համասեռականությունը հաստատ ժառանգական հիվանդություն չէ, սակայն գեներն արտաքին  գործոնների ազդեցությամբ որոշակի դեր են կատարում` «ստիպելով» մարդուն որոշակի ընտրություն կատարել:

Նվազ կարևոր չէ սեռահասունության տարիքում հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփման բացակայությունը: Օրինակ` անցած դարում  մեծ տարածում ունեցող ուսումնական հաստատությունները (միայն տղաների կամ միայն աղջիկների համար) այդ առումով բացասական կողմ ունեին:

Ինչ պատճառներով էլ առաջացած լինի համասեռական սերը,   տարբեր ժամանակներում տարբեր կերպ է պատժվել (ընդհուպ բանտային կալանք ու ֆիզիկական ոչնչացում): Փորձել են ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին «ճշմարիտ ճանապարհի  վրա կանգնեցնել», անգամ` բժշկության միջոցով: Սակայն բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվել:

1973-ին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան հայտարարեց, որ համասեռականությունը հիվանդություն  չէ (չնայած որոշումը միաձայն չի ընդունվել): Իսկ վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ հաջողվել է  լրիվ փոխել 2 հազար համասեռականի սեքսուալ կողմնորոշումը և նորմալ մարդ դարձնել նրանց: Բանն այն է, որ Ստոկհոլմի համալսարանի գիտնականները` Կարլ Վարինգի ղեկավարությամբ, վերջին մի քանի տարում  փորձեր կատարեցին, որոնց նպատակն էր ստուգել նոր Х-46 դեղի ազդեցությունը: Այն ազդում է  հիպոֆիզի արտադրած  սեքսուալ հակման  պատասխանատու հորմոնների մակարդակի վրա: Արդեն 6 ամսից 2086 մարդ կամ  մասնակիցների գրեթե 94%-ը ակտիվ հետերոսեքսուալ կյանք էր վարում: «Հաջողությունը գերազանցեց մեր բոլոր համարձակ սպասումները: Միակ բարդությունը թեթև գլխացավն ու սրտխառնուքն է»,- հայտարարել է  պրոֆեսորը: Սակայն երբ որոշեցին նույն դեղամիջոցը կիրառել  հետերոսեքսուալների վրա, 543-ից 412-ը դարձան համասեռական: «Արդյունքները շատ անսպասելի էին: Դրանք խոսում են այն մասին, որ մեր դեղամիջոցը պետք է զգուշորեն կիրառել»: Դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե այն հայտնվի մի մոլագարի ձեռքում, որն իր առջև բոլորին համասեռական դարձնելու նպատակ է դրել:

Շվեդ գիտնականները կարծում են, որ Х-46-ի արտադրությունը կսկսվի մի քանի տարուց: Բնականաբար, այն ազատ վաճառքում չի լինի:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply