Ով ավելի «լավ ծեծի», նա էլ բարձր պաշտոն կզբաղեցնի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 22, 2012 7:00

Մի ծանոթ ունեի` Կարեն անունով: Վերջերս իմացա, որ բանտում է: Փորձեցի հետաքրքրվել, թե ինչու, ասացին` կռիվ էր արել: Ուղղակի, հենց այնպես, երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս մուտքի մոտ հանդիպել էր իր հարբած հարևանին: Կանգնել-զրուցել էին: Հետո Կարենը տեսնելով, որ հարևանն այնքան է հարբած, որ, հնարավոր է` տուն չհասնի, փորձել էր օգնել նրան: Հարևանն էլ, «խիստ երախտապարտ» մեր Կարենին, ճանապարհին սկսել էր բարձր հայհոյել. սկզբում` ուրիշներին, հետո բանը հասել էր հենց Կարենին: Ու մեր Կարենը ի՞նչ էր արել որ, «մի մուշտի էր» հասցրել` զուտ դաստիարակչական նկատառումներից ելնելով, քանի որ երախտամոռ հարևանը հայհոյել էր Կարենի մորն ու մահացած հորը… Մի խոսքով, Կարենին խուլիգանության համար, առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու մեղադրանքով, դատապարտել էին ազատազրկման: Ժամկետը չեմ հիշում:

Կարենին հիշեցի, երբ օրերս հեռուստացույցով` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի լուր համայն հայության և աշխարհի, հայտարարեց, որ կառավարության նոր կազմում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում, նշանակվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Միանգամից հիշեցի, որ Գագիկ Բեգլարյանը Եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ, հետո նաև Երևանի քաղաքապետ: Հայտնի է որպես գործի մարդ և հեղինակություն`«թաղային հեղինակությունների»  վրա ունեցած ազդեցությամբ և անհատական սկզբունքայնության շնորհիվ: Հիշեցի նաև աշխարհահռչակ Պլաչիդո Դոմինգոյին, որի երևանյան համերգին էլ հենց Երևանի այդ ժամանակվա  քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը տիկնոջ հետ տեղի ունեցած խոսակցության համար ծեծի էր ենթարկել  Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, ինչին հաջորդեց նրա հրաժարականը քաղաքապետի պաշտոնից:

Դա «հեռավոր» 2010 թվականի դեկտեմբերի 8-ին էր: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն այն ժամանակ լրատվամիջոցներից մեկին ասել էր. «Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է և անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս»: Հետաքրքիր վճռականություն էր, առավել ևս, որ դրանից հետո ՀՀ մեկ այլ պետական պաշտոնյա` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նույնպես «այդպիսի վարքագիծ» դրսևորեց` օրը ցերեկով մի «աննշան» ապտակ հասցնելով գործարար մի տիկնոջ` Սիլվա Համբարձումյանին:

Իհարկե, Սյունիքի մարզպետի արարքի մեջ ոչ ոք հանցակազմ չտեսավ. նա մարդ չէր ծեծել, այլ ապտակել էր, դե «մի մուշտի էր» տվել, էլի… Բայց ա՛յ, Գագիկ Բեգլարյանն իր «այդպիսի անընդունելի վարքագծի» պատճառով հրաժեշտ տվեց զբաղեցրած պաշտոնին: Իհարկե, Գագիկ Բեգլարյանը Սուրիկ Խաչատրյանի պես օրը ցերեկով չէր «անընդունելի վարքագիծ» դրսևորել, այլ «իրիկվա կողմ», ու այդ վարքագծի համար էլ պատժվել էր`  հրաժարականի դիմում  ներկայացնելով, բայց այդ ժամանակ ենթադրվում էր, որ Գագիկ Բեգլարյանը պիտի պատժվեր օրենքով նախատեսված կարգով` խուլիգանության և մարդու առողջությանը գիտակցաբար վնաս պատճառելու մեղադրանքներով: Բայց այդպես չեղավ:

Քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո անընդհատ խոսվում էր, որ նա, միևնույն է, զբաղեցնելու է որևէ բարձր պաշտոն: Պարզվեց, որ դա կապի և տրանսպորտի նախարարի աթոռն էր:

Իսկ Գագիկ Բեգլարյանի նախարարական պորտֆել ստանալու փաստի առթիվ նրա կուսակից ընկերը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նաև նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետին ապտակելու պատմությանը, նշեց, որ քաղաքական ցանկացած գործչի գործունեության ընթացքում հնարավոր են խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել նրա քաղաքական առաջընթացը և կարիերան, բայց եթե մարդը կրել է պատասխանատվություն իր կատարած քայլի համար և կարող ուժ է, ապա տրամաբանական չէ հնարավորություն չտալ նրան ծառայեցնելու այդ ունակությունները մեր պետությանը և հասարակությանը: Իսկ լրագրողների հարցին, թե իրո՞ք Բեգլարյանը համարժեք պատասխանատվություն կրել է, Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ` այո»: Գագիկ Մինասյանը  վստահեցրել է նաև, որ Գագիկ Բեգլարյանը աշխատանքային հարուստ փորձ ունի, լուրջ կազմակերպչական կարողություններ, և համոզմունք է հայտնել, որ նա հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները:

Ի դեպ, երբ վարչապետը տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներին ներկայացնում էր նորանշանակ նախարարին, անձամբ Գագիկ Բեգլարյանը, էլի ի լուր համայն հայության և ողջ աշխարհի, ասաց. «Կարդարացնեմ բոլոր վստահությունները…»:

Այստեղ են ասում` «Ճա՞րդ ինչ»:

Բայց կարևորն այն է, որ իմ ծանոթ Կարենն այժմ նստած է «մի մուշտի տալու» համար, իսկ նույն վարքագիծը դրսևորած Սուրիկ Խաչատրյանը շարունակում է պետական պաշտոն զբաղեցնել: Ինչ վերաբերում է Գագիկ  Բեգլարյանին, ապա նա, որ մի քանի մուշտի էր տվել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցին, քաղաքապետի պաշտոնը զոհաբերեց, փոխարենը նախարարի պորտֆել ստացավ: Ստացվում է` կարելի է «առաջ գնալ» նաև մարդ ծեծելով:

Պատկերացնո՞ւմ եք, եթե մարդիկ սկսեն առաջնորդվել այս տրամաբանությամբ: Ո՞վ գիտի, գուցե արդեն պատրաստվո՞ւմ են:  Ինչո՞ւ ոչ:

 

 

 

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply