ԲՀԿ-ն բռնել է ՕԵԿ-ի ճանապարհը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 25, 2012 7:39

 Վերջերս մի շարք քաղաքագետներ հրապարակային ՕԵԿ-ին սկսեցին անվանել «սպոյլեր կուսակցություն»: «Սպոյլեր» թարգմանաբար նշանակում է հակաթև, իսկ մեքենայի համանուն մասը դրվում է, որպեսզի մեղմվի քամու ազդեցությունը, և մեքենան սեղմվի գետնին, «շուռ չգա»: Այսինքն` մեղմում է քամու ազդեցությունը:

Ինչո՞ւ են այս տերմինն օգտագործում քաղաքագիտության մեջ: Այսպիսի կուսակցությունները կա՛մ ստեղծվում են արհեստականորեն, ներդրվում տվյալ քաղաքական իրականությունում և հիմնականում կատարում  ընդդիմադիր գործառույթներ` իրենց վրա վերցնելով «քաղաքական քամու»` ընդդիմության կողմից «փչող հոսանքների» ազդեցությունը և օգնում իշխանական ուժին, որպեսզի «շուռ չգա», կա՛մ հընթացս է բացահայտվում սրանց «սպոյլերությունը», և սրանք սկսում են մանր-մունր գործառույթնր իրականացնել` ընտրաձայներ «գողանալ», միանալ իշխանական ուժին և կազմել կոալիցիա` ժողովրդավարության և փոխգործակցության պատրանք ստեղծելով դրսի ուժեղ խաղացողների և հսկող աչքերի համար և այլն:

Իրոք: 2007 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվեց մի գաղտնի խոսակցություն, որին մասնակցում էին Արթուր Բաղդասարյանը և Անգլիայի դեսապանատան մի աշխատակից։ Իր խոսքում ՕԵԿ-ի նախագահը մի լավ բամբասում էր Սերժ Սարգսյանին ու վատ բաներ ասում նրա հասցեին: Այդ խոսակցության հրապարակումից հետո իշխանությունները հայտարարեցին, որ Բաղդասարյանը պետական դավաճան է: Բայց այժմ, երբ Բաղդասարյանը հայտարարել է, թե հավերժ Սերժ Սարգսյանի երկրպագուն է, իշխանություններն արդեն նրան դավաճան չեն համարում: Նա նույնիսկ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն ու նրա ղեկավարը խիստ ընդդիմադիր կեցվածք էին ընդունել: ՕԵԿ-ի  ընդգծված ընդդիմադիր անդամներից մեկը նույնիսկ հայտարարում էր, որ այս իշխանությունները երկրի համեղ պատառները կերան, մնացորդներն էլ հետը: Բանը հասավ նրան, որ «նախագահի սաստիկ ընդդիմադիր թեկնածու Արթուր Բաղդասարյանը» հանրահավաքներում, ակնարկելով իշխանություններին, հայտարարեց, որ իր նկատմամբ մահափորձ է կազմակերպվել: Երբ մարտի 1-ի դեպքերից մեկ օր առաջ Բաղդասարյանը Սարգսյանի հավատարմագույն գործընկերը դարձավ, «մոռացավ» նույնիսկ այդ դեպքը: Եվ ի՞նչ եղավ 2008 թ. ընտրություններից հետո: ՕԵԿ-ի առաջնորդը, օրինակ, Վանաձորում դրանք անվանում էր «հանրային վստահության անկում»: Այդ նույն ժամանակահատվածում Երևանում փորձում էր «պարզաբանել», թե ինչու ինքն անձամբ և իր ղեկավարած քաղաքական ուժը դիրքավորվեցին իշխանական խրամատներում: Նա ասում էր, թե պատկերացնում է` ինչ կաներ Ադրբեջանը, եթե մարտի 1-ի իրադարձությունները ձգձգվեին:

Մի խոսքով` մարդն ուզում էր կոտրել երկրում ծայր առած սոցիալական, հասարակական բողոքը, և դա նրան իրոք հաջողվեց, քանի որ նա նախագահական ընտրություններում գրանցեց երրորդ արդունքը, այնուհետև միացավ Սերժ Սարգսյանին` հիասթափեցնելով իրեն վստահած քաղաքացիներին և նրանց մեջ կոտրելով պայքարի ձգտումը:

Այժմ արդեն քաղաքագետներն ՕԵԿ-ն անվանում են «մեռած կուսակցություն», իսկ մահվան տարեթիվը հասցնում 2008 թվական: Ահա տվյալ համատեքստում նայենք ներկա իրականությանը:

Այս խորհրդարանական ընտրություններում քաղաքական ընդդիմադիր կեցվածք ընդունեց կոալիցիոն մեկ այլ ուժ` ԲՀԿ-ն: Արդեն Ազգային Ժողովի նախորդ գումարման վերջին նիստերի ժամանակ այս կուսակցությունը սկսեց ընդդիմադիր հռետորաբանություն օգտագործել, մի անգամ էլ հասցրեց բոյկոտել ԱԺ քվեարկություններից մեկը: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ ԲՀԿ-ն որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես գալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Փաստորեն այդպես էլ եղավ. ԲՀԿ-ն երկու այլ ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին կազմեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, որով իբր փորձելու էր պայքարել ընտրակեղծիքների ու մեքենայությունների դեմ: Մի երկու դրվագներում մի քանի քայլեր էլ արվեցին հայտարարությունների ձևով: Դե իսկ ընտրություններից հետո ԲՀԿ-ն որոշեց ՀՀԿ-ի և նրա արհեստական արբանյակ ՕԵԿ-ի հետ կոալիցիա չկազմել, նույնիսկ հրաժարվեց գործադիրում իր զբաղեցրած պաշտոններից: Քաղաքագիտական տեսանկյունից այդ կուսակցությունը դե ֆակտո դարձավ ընդդիմություն, չնայած ԲՀԿ-ականներն իրենք իրենց անվանում են «այլընտրանք»: Հարց է առաջանում` ինչի՞ն են նրանք այլընտրանք, և որ ամենակարևորն է, ո՞ւմ: Վերջապես, ի՞նչ քաղաքական ուժ է ԲՀԿ-ն, և ո՞վ է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ-ն նույնպես, ինչպես և ՕԵԿ-ը, արհեստական քաղաքական ուժ է, գաղափարական առանձնահատկություններ չունի և իր առջև որոշակի քաղաքական նպատակներ չի դրել: Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի եղել, չէ և չի էլ լինելու: Նա չի կարող շեղվել իր համար թեկուզ վատթարագույն սցենարից, որովհետև օլիգարխ է, այսինքն` քաղաքական դաշտում դիլլեր չէ, այլ` խաղացող: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ոչ մի վայրկյան ինքնուրույն գործիչ չի եղել, չէ և չի էլ լինելու: Հենց ինքն էլ դա լավ գիտի: Նա նույնիսկ չհրաժարվեց ՀԱՕԿ-ի նախագահի «պատվավոր» պաշտոնից:

ԲՀԿ-ն նույն այն քաղաքական ուժն է, որ երկու ամիս առաջ էլ` նախընտրական շրջանում, «բարեգործական» աշխատանքներ էր իրականացնում. գյուղացիներին տրակտորներ էր բաժանում: Իսկ ընտրությունների օրն էլ մի քանի հաղորդագրություններ տարածվեցին, թե հենց ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների դեմ «պայքարող» ԲՀԿ-ն ինքն է փող բաժանում ընտրողներին…

Ինչևէ: Ամեն ինչից երևում է, որ խաղի կանոնները մնացել են նույնը, փոխվել են միայն անունները. ՕԵԿ-ը դարձել է ԲՀԿ: Եվ առաջիկա նախագահական ընտրություններում, համոզված ենք, ԲՀԿ-ն դիրքավորվելու է իշխանություններին հակառակ խրամատներում և հանդես է գալու «խիստ ընդդիմադիր» կեցվածքով, ինչպես ժամանակին ՕԵԿ-ն էր անում: Բայց թե ինչ կլինի այդ ընտրություններից հետո, կերևա հաջորդ տարվա փետրվարին, չնայած դժվար չէ ենթադրել, որ նոր կոալիցիա կձևավորվի, և մի «գերեզմանաքար» էլ ԲՀԿ-ի համար կպատվիրվի, ինչպես ՕԵԿ-ի դեպքում էր:

 

Այս ամենի վատն այն է, որ ժողովուրդը ևս մեկ անգամ կհիասթափվի և կկորցնի իր հավատը, եթե այն դեռ դույզն-ինչ մնացել է:

 

 

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply