2010-ի համեմատությամբ` անբավարարների թիվը կրկնակի նվազել է, իսկ 20-ների թիվը` յոթապատկվել
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 21, 2012 16:37
Այս տարի բուհական ընդունելության քննություններն անցան հանգիստ մթնոլորտում: Վերջին տարիներին նման խաղաղ քննական մթնոլորտ արձանագրվել էր մեկ էլ 2011-ին, երբ դպրոցները շրջանավարտներ չունեին, և բուհ էր դիմել նախորդ տարիների 1209 շրջանավարտ: Քննության օրը ծնողները հանգիստ են, չեն վիճում ու դժգոհում, բողոքարկումները, որպես այդպիսին, չեն էլ կայանում, քանի որ սակավաթիվ մարդիկ են բողոքարկման հայտ ներկայացնում:
Այս տարի առաջին փուլով բուհերի դիմորդների թիվը 18107 է, ինչը 451-ով ավելի է 2010-ի ցուցանիշից: Բուհերին կառավարության որոշմամբ հատկացվել է 21130 ուսանողական տեղ` 2130 անվճար և 19000 վճարովի: Քննությունների ավարտից հետո էլ կձևավորվի ընդունող հանձնաժողովը, որը բուհերին հատկացված տեղերը կտնօրինի այնպես, որ դրական գնահատական ստացած բոլոր դիմորդները կարողանան բուհ ընդունվել:
Այս տարվա հանգիստ քննական մթնոլորտին նպաստում է ինչպես վերոնշյալ հանգամանքը, այնպես էլ այն, որ երկու ամենամարդաշատ քննությունները` հայոց լեզու և գրականությունը և մաթեմատիկան կազմակերպվեցին շտեմարանային եղանակով, ինչը բացառում էր թեստերում անակնկալի գործոնը:
Դիմորդներն արդեն քննություն են հանձնել 8 առարկաներից, հունիսի 22-ին էլ կկայանան վերջին երկու քննությունը հայոց պատմությունից և քիմիայից:
Արձանագրված գնահատականները վկայում են, որ այս տարի համեմատաբար ավելացել է բարձր գնահատական ստացողների թիվը, իսկ կտրվողներինը` նվազել:
Ամենացածրը ռուսերենի միջին գնահատականն է` 10,3, հաջորդում են կենսաբանությունը` 11,4, մաթեմատիկան` 11,6, ընդհանուր պատմությունը` 12,2, աշխարհագրությունը`12,3, անգլերենը` 13,2, հայոց լեզուն և գրականությունը` 13,9 միավորով: Դեռևս հայտնի չեն ֆիզիկայի միջին գնահատականը և դեռևս տեղի չունեցած 2 առարկաներինը:
Արձանագրված 20-երի առումով ռեկորդային էր հայոց լեզվի և գրականության ցուցանիշը` 11419 դիմորդներից 20 են ստացել 200-ը (2010-ին` ընդամենը 2-ը): Հաջորդում է մաթեմատիկան` 8598 դիմորդներից 20 են ստացել 77-ը (2010-ին` 4-ը) և անգլերենը` 7816 դիմորդներից 20 են ստացել 23-ը (քննական 6 օտար լեզուներից արձանագրվել է 32 քսան, իսկ 2010-ին այդ ցուցանիշը 12 էր): Մյուս առարկաների ցուցանիշները նախորդ տարիներից գրեթե չեն տարբերվում. կենսաբանությունից 1862 դիմորդներից 20 է ստացել 1-ը (2010-ին` 2-ը), ընդհանուր պատմությունից` 379-ից 2-ը (2010-ին` 1-ը), աշխարհագրությունից 382 դիմորդներից 1-ը (2010-ին 20 չի գրանցվել), ռուսերենի ամենաբարձր գնահատականը եղել է 19,75 միավորը (2010-ին 20 չի գրանցվել), որը վաստակել է քննություն հանձնած 1182 դիմորդներից 1-ը:
7 առարկաների արդյունքներով անբավարար է ստացել 3377 դիմորդ կամ ընդհանուրի 18 տոկոսը: Այս ցուցանիշը 2010-ի համեմատ գրեթե կրկնակի նվազել է: Իսկ 20-ների թիվն էլ 2010-ի համեմատությամբ մոտ 7 անգամ ավելացել է. 2010-ին առավելագույն գնահատական էր վաստակել ընդամենը 46 դիմորդ:
Հայոց լեզու և գրականությունից ու մաթեմատիկայից արձանագրված բարձր գնահատականները շտեմարանային թեստերի արդյունք են, ոչ թե գիտելիքների մակարդակի կտրուկ բարձրացման: Մաթեմատիկայի քննության ժամանակ, օրինակ, դիմորդներից մեկի մոտից գտել են շտեմարանի փոքրացված տարբերակը` ծածկաթղթի տեսքով, իսկ դրանում կան ինչպես քննական առաջադրանքները, այնպես էլ ճիշտ պատասխանները: Հարց է առաջանում, թե քանի դիմորդի մոտ էլ նման «հուշարար» է եղել, որ քննության կարգը պահպանողները չեն նկատել:
Ուշագրավ է, որ այս տարի դժգոհություններ եղան օտար լեզվի, մասնավորապես` անգլերենի թեստերից: Դիմորդները քննության օրը նշում էին, որ վախենում են, քանի որ թեստերի բուն բովանդակությանը ծանոթ չեն: Սա այն պարագայում, երբ նախորդ տարիներին էլի առանց շտեմարանի կազմակերպվող օտար լեզվի քննությունից դժգոհություններ չէին լինում, այն համարվում էր ամենահեշտը, դիմորդներն էլ այդ առարկայից էին ակնկալում ամենաբարձր գնահատականը: Եվ չնայած անգլերենից էլի նախորդ տարիների համեմատ շատ բարձր գնահատականներ արձանագրվեցին, եղան դժգոհություններ. դիմորդներն ու ծնողներն ուզում են, որ բոլոր քննությունները շտեմարանային եղանակով կազմակերպվեն: Հաջորդ տարվա դիմորդների համար այս ցանկությունն արդեն իրականություն կդառնա, քանի որ նախատեսվում է առաջիկայում ամբողջությամբ անցում կատարել շտեմարանային քննակարգին, ինչն առավելագույնս կհեշտացնի բուհ ընդունվելու առանց այն էլ հեշտ գործընթացը:
Միասնական քննությունների առաջին փուլին կհաջորդի երկրորդ փուլը, որին կկարողանան մասնակցել բանակից նոր զորացրվածները, սփյուռքի ներկայացուցիչները, արտերկրի դպրոցների շրջանավարտները և նրանք, ովքեր քննությունների առաջին փուլին չեն մասնակցել: Իսկ արդեն հուլիսի 15-ին ընդունող հանձնաժողովը կամփոփի ու կհրապարակի բուհ ընդունվածների ցուցակները: Դրան կհաջորդի բուհեր հայտ ներկայացնելու երկրորդ փուլը. դրական գնահատական ստացած, բայց իրենց նախընտրած ֆակուլտետներից և ոչ մեկը չընդունված դիմորդները կկարողանան դիմել այն ֆակուլտետները, որտեղ թափուր տեղեր կան:







Facebook
Tweet This
Email This Post
