Ցանկացած բռնություն, առավել ևս զինվորականի նկատմամբ, պետք է պատժվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 21, 2012 16:27

Սպայի այցը ռեստորան դարձավ ճակատագրական. հանրությունը պահանջում է խստագույնս պատժել մեղավորներին

Վերջին օրերին մեր հասարակությունում ամենաքննարկվող թեման «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքն է, որի հետևանքով հայոց բանակի 3 սպաներ հայտնվել են հիվանդանոցում, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Հանրության համար իսկական ցնցում էր, որ ռեստորանում, եթե անգամ հակաօրինական արարք ես թույլ տալիս, կարող են ծեծելով նման վիճակի հասցնել: Էլ ինչի՞ համար են օրենքն ու ոստիկանությունը: Առավել ցավալի է, որ տուժածները սպաներ են` ռազմական բժիշկներ, որոնք բազմաթիվ զինվորների կյանք են փրկել:

Ամեն օր սահմանից հակառակորդի ոտնձգությունների մասին լուրեր ենք ստանում, դատապարտում ադրբեջանցիների արարքները, պահանջում, որ մերոնք 1/10 հարաբերակցությամբ պատասխան տան թշնամուն: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ սահմանի անդորրը պահող հայ սպային մահվան դուռն է հասցնում ոչ թե թշնամին, այլ ՀՀ քաղաքացին, այն նույն քաղաքացին, որի խաղաղության համար զօրուգիշեր ծառայում է հայ զինվորականը: Պատասխանը մեկն է` պատժել օրենքի ողջ խստությամբ: Բանակին թիկունքից հասցված հարվածն անթույլատրելի է, հատկապես այն երկրի համար, որը  փաստացի պատերազմական վիճակում է:

Նշենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա: Նա այժմ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում է, կոմայի մեջ: Բժիշկների խոսքով` իրենցից  այլևս ոչինչ կախված չէ:

Մյուս երկու տուժածների` նույն հոսպիտալի բժիշկներ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է: Միջադեպի հաջոդ օրը լուրեր տարածվեցին, թե սպաներին ծեծել են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները` պատգամավորի հրահանգով: Ռուբեն Հայրապետյանը, սակայն, հայտարարություն տարածեց, որում նշում է, թե կապ չունի տեղի ունեցածի հետ:  «Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված և այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ, և անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ: Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր, եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից, պատասխան կտան»,- ասվում է Հայրապետյանի տարածած հաղորդագրության մեջ:

Դատախազի որոշմամբ  սկզբում գործը պետք է քններ ՊՆ քննչական ծառայությունը, սակայն ավելի ուշ որոշումը չեղյալ հայտարարվեց, և գործը հանձնվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությանը: Դատախազությունը հրաժարվեց մեկնաբանել գործը տարբեր ատյաններին փոխանցելու դրդապատճառները: Հանրությունում էլ մտավախություն առաջացավ, որ այդպիսով փորձում են հանցանքը  կոծկել: Ի պատասխան ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ «կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար»:  Այսօր արդեն հայտնի դարձավ, որ 7 անձ ձերբակալված է, այդ թվում`  ռեստորանի մենեջերը, մատուցողը և սպային դաժանաբար ծեծած անձը` Գարիկ Մարգարյանը:

Հունիսի 17-ին կատարվածը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև ՊՆ-ն. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետևում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում էլ խումբ է ստեղծվել` «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին», որին արդեն 1000-ից ավելի մարդ է միացել: Խմբի անդամները պահանջում են պատժել կատարվածի բոլոր մեղավորներին` անկախ զբաղեցրած պաշտոնից ու սոցիալական դիրքից:

Բոլոր հանցավորներին բացահայտելը և օրենքի ողջ խստությամբ պատժելը չափազանց կարևոր է, որ հայ զինվորը վստահ լինի` թիկունքից իրեն հարվածող չի լինի, որ կարողանա պայքարել արտաքին թշնամու դեմ: Կարևոր է նաև այն առումով, որ հանկարծ չձևավորվի այն մտայնությունը, թե երկրի անվտանգությունն ապահովող անձին կարելի է «ոտնատակ տալ» ու անպատիժ մնալ: Եթե գործի արդար ու թափանցիկ քննությունը չապահովվի, ավելի կամրապնդվի երկրում տիրող անարդարության մասին մտահոգությունը, և ուժեղ հարված կլինի հայոց բանակի դիրքին ու հզորությանը:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply