“Արտագաղթի պատճառը հայրենասիրության պակասի մեջ է”. Սամվել Խուդոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2012 15:14

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը, խոսելով արտագաղթի մասին, կարծիք հայտնեց, որ արտագաղթի պատճառների թվում հատկապես կարևոր են հոգեբանական գործոնները. “Այդ գործոներից մեկը մեր ազգային մենթալիտետի պահն է. հազարամյակների ընթացքում մենք հաճախ ենք վատ վիճակում եղել,  և մեր պապերն ու ապուպապերը արտագաղթել են: Այն ժամանակ, երբ դեռ “էմիգրացիա” հասկացությունը գոյություն չուներ, մենք արդեն գաղութներ ունեինք, և մեր մեջ տարիների ընթացքում ձևավորվել է մի պատկերացում, որ եթե վատ է, ուրեմն կարելի է գնալ երկրից”:

Խուդոյանը օրինակ է բերում մեր հարևան երկրներին` նշելով, որ մեզնից լավ վիճակում չեն գտնվում ո’չ Ադրբեջանը, ո’չ Վրաստանը, սակայն այդ երկրներում արտագաղթի ցուցանիշներն այդքան մեծ չեն, որքան մեզ մոտ:

Հոգեբանի կարծիքով պատճառը հայրենասիրության պակասի մեջ է: Նա գտնում է, որ եթե մենք մեր երեխաներին դաստիարակենք հայրենասիրական ոգով, փոքրուց սովորեցնենք հայրենասիրական հեքիաթներ ու պատմություններ, նրանք հետագայում ավելի քիչ կցանկանան լքել իրենց երկիրը:

Բանախոսը խնդրի լուծումը գտնում է արտագաղթի կանխման և ներգաղթի խթանման ակտիվ պրոպագանդայի մեջ, քանզի կարծում է, որ անընդհատ խոսելով վատ վիճակի մասին` ավելի ենք դրդում մարդկանց  հեռանալ իրենց երկրից` այլ երկրում ավելի լավ կենսապայմաններ գտնելու հույսով, մինչդեռ, դրսում միշտ չէ և ամեն տեղ չէ, որ ամեն ինչ այդքան հեշտ է:

Արտագաղթյալ Հովհաննես Գրիգորյանն էլ, ով վերջերս է վերադարձել Հայաստան, սակայն ոչ մշտական բնակության նպատակով, ասաց, որ ինքը 13 տարի առաջ է լքել Հայաստանը սոցիալական խնդիրների պատճառով, քանի որ մի օլիգարխ ապօրինի ձևով խլել է նրա բիզնեսը: Այժմ բնակվում է ԱՄՆ-ում:  Նա նշեց, որ ԱՄՆ-ում կենսապայմաններն անհամամետ ավելի լավ են, միայն թե սկզբնական շրջանում է դժվար, մինչև կլուծվեն փաստաթղթային և գրանցման խնդիրները, որից հետո պետությունը ընձեռում է լայն հնարավորություններ ստանալ որակյալ կրթություն և ունենալ լավ վարձատրվող աշխատանք: Գրիգորյանը, սակայն, հայտնեց, որ ինքը ցանկություն ունի հնարավորության դեպքում որևէ բիզնես հիմնել Հայաստանում և մասնակիորեն վերադառնալ հայրենիք:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էլ նշեց, որ այսօր մեր սոցիոլոգները տարբեր միջազգային փորձագիտական տվյալների, ազգային ինդեքսների հիման վրա հիմնավորում են, թե մեր երկրում տիրող իրավիճակը ոչ թե միգրացիա է, այլ դեպոպուլացիա. “Սա պարզվում է` միգրացիա չէ, այլ բնաթափում, իսկ միգրացիան բնական գործընթաց է: Բացի այդ, մեր սոցիոլոգների տվյալներով, որոնք հիմնված են ՄԱԿ-ի տվյալների վրա, հայ ազգը համարվում է ծերացող ազգ ոչ միայն միգրացիայի հաշվին, այլ նաև ծնելիության և մահացության հաշվին”:

Բանախոսը կարծում  է, որ այս ուղղությամբ հարկավոր է համալիր հետազոտություն իրականացնել` այդ հետազոտության մեջ ներգրավելով հոգեբանների, քաղաքագետների, սոցիոլոգների և այլ մասնագետների:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply