Առողջապահության նախարարը ուղերձ է հղել բուժաշխատողների օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 21, 2012 14:11

Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք:

Անկխացումից ի վեր բուժաշխատողների տասնյակ հազարանոց մեր բանակը շատ փորձություններ ու դժվարություններ հաղթահարեց: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից վնասվածներին ու արցախյան պատերազմի վիրավորներին մեր բժիշկներն ու բուժքույրերը զօր ու գիշեր մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին աննախադեպ դժվար ու արտասովոր պայմաններում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հետագա այն տարիները, երբ երկրի ողջ տնտեսությունը կաթվածահար էր, սակայն առողջապահական համակարգն անձնվիրաբար ու պատվով կատարեց իր բարձր առաքելությունը:

Վերջին տարիներին համակարգում իրականացվող ծրագրերը նույնպես Ձեր ակտիվ աջակցությամբ ու Ձեր անմիջական մասնակցությամբ են կյանքի կոչվում:

Տոնական այս օրը հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր բուժաշխատողների գերակշիռ մասը մշտապես բարձր է պահում սպիտակ խալաթի պատիվը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համակարգի կատարելագործման, մեր ազգաբնակչությանն առավել բարձր որակի ու առավել մատչելի բուժօգնություն ապահովելու ուղղությամբ: Այդ ամենն ապահովելու համար ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու բարի կամքը:

                Առողջ ու երջանիկ եղեք:

                Լավագույն բարեմաղթանքներով` Դերենիկ Դումանյան

                ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply