Կանայք ավելի պակա՞ս խելացի են քան տղամարդիկ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 21, 2012 13:51

Կանանց հարցը բարձրացվել և քննարկվել է դեռևս XIX – XXդդ. հայ մտավորականների և անվանի գրողների կողմից, որոնք մտահոգություն էին հայտնել` հասարակության մեջ  կնոջ դերն ընդլայնելու գործում: Օրինակ` Կ. Բելախանյանցը նշում էր, որ ազգային (այս դեպքում` հայ) լեզվի պահպանմանը կնպաստի կնոջ կրթությունը, ըստ Հ. Հիսարյանի` լուսավորությունը կնոջը կազատի անբարոյականությունից, իսկ Րաֆֆու կարծիքով, նախապատրաստել և կրթել անհրաժեշտ է ոչ միայն կնոջը, այլ նաև` տղամարդուն: Բայց այսօր շատ  տղամարդկանց խորին համոզմամբ, կինը զուր տանջվում և ժամանակ է կորցնում` սոցիալապես աճելու և իրենց կողքին ավելի կայուն տեղ զբաղեցնելու համար, որն էլ բերում է երկու սեռերի միջև ընդհարումների, գուցե  և` «սառը պատերազմի»:

Ուստի գենդերային խնդրի լուծման նպատակով, հունիսի 19-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ «Oxfam» կազմակերպության և «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի և քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի պատասխանատուների հետ հանդիպում, որոնք ներկայացրեցին «Կանանց մասնակցությունը 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններում» թեմայի վերաբերյալ իրենց կատարած հետազոտությունների արդյունքները: Քննարկմանը ներկա էին նաև փորձագետներ, որոնք սոցհարցումներ են անցկացրել` պարզելով, որ կանայք խուսափում են մասնակցել քաղաքական գործընթացներին, քանի որ քաղաքական պայքարում առկա են քրեական տարրեր (որոնց միջին գնահատականը կազմում է 7,2): Սակայն, փորձագետների համոզմամբ, կան նաև այլ պատճառներ, որոնք անկասկած խոչընդոտում են կանանց ակտիվ մասնակցությանը` քաղաքական ոլորտում: Այդ պատճառներից են, օրինակ` քաղաքական պայքարի կոպտությունն ու ագրեսիվությունը, կենցաղային և ընտանեկան հոգսերով կանանց ծանրաբեռնվածությունը, կանանց առաջմղման մեխանիզմների պակասը, ֆինանսական սուղ հնարավորությունները և ըտրակաշառքի երևույթի տարածվածությունը, կին թեկնածուների նկատմամբ անվստահություն ձևավորող կարծրատիպերն ու կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կանանց շրջանում քաղաքական ակտիվության և նախաձեռնողականության բացակայությունը, հայրիշխանական դիրքորոշումների գերակայությունը հանրային կյանքում, շրջապատի, հարազատների (ամուսին, ծնողներ) բացասական դիրքորոշումը: Այդ ցուցակը դեռ կարելի է շարունակել:

«Մեր կազմակերպությունը 2010թվականին զանգվածային հարցում անցկացրեց ` ՀՀ-ում գենդերային խնդիրների վերաբերյալ և որոշակի հիմնախնդիրներ բացահայտվեցին, որոնք առավել քան կարևոր են և համապատասխան լուծում են պահանջում: Վիճակագրական տվյալներից պարզվում է, որ հասարակական կազմակերպություններն ավելի շատ են` 3.700, քան` քաղաքական կուսակցությունները,  և հ/կ-ում ընգրկված են մեր հայրենակիցների 5,2 %-ը, իսկ ք/կ-ում` 10,7 %-ը, այսինքն` կուսակցականացվածությունը մոտ երկու անգամ ավելի շատ է», –  նշեց  «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հավհաննես Հովհաննիսյանը: Ըստ վերջինի, երկրորդ խնդիրն այն է, որ հասարակական կազմակերպություններն ավելի ֆեմինիզացված են, քան կուսակցությունները:

Նույն կենտրոնի փորձագետ Աստղիկ Պետրոսյանի կարծիքով, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը խոչընդոտում են մի շարք պատճառներ, ինչպիսիք են գենդերային անհավասարությունը, նրանց առաջ մղելու գործոնի պակասը և կանանց հանդեպ անվստահությունը: Ավելի քիչ խանգարող պատճառներից է կանանց կողմնորոշվածությունը դեպի ընտանիք: Այդ պահին «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կես կատակ կես լուրջ արտահայտվեց. «Երբ ասում են կնոջը խանգարում է դեպի ընտանիք իր կողմնորոշվածությունը, ես ահավոր վիրավորվում եմ: Այսինքն` քաղաքականպես ակտիվ կանայք կողմնորշված չե±ն դեպի ընտանիքը: Օրինակ, ես ընտանիքակենտրոն մարդ եմ և իմ ակտիվությունը բխում է հենց դրանից: Վիրավորական է նաև այն, երբ ասում են` կանայք ավելի պակաս խելացի են, քան տղամարդիկ..»:  Լ. Ալավերդյանի համոզմամբ, ամեն ինչ կախված է հենց կանանցից, սակայն կանայք իրենց ներուժը բավականաչափ չեն օգտագործում: «Մենք լճացման մի խայտառակ իրավիճակում ենք հայտնվել և երկիրը միայն կանանց պայքարի շնորհիվ կարող է փոխվել: Եվ ոչ թե պետք է սպասել, որպեսզի երկիրը փոխվի նոր կանայք ակտիվանան, այլև հենց կանանց մուտքով է պայմանավորված երկրի փոփոխությունը, հետևաբար` ժողովրդավարությունը»,  – հավելեց նա:

ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի պնդմամբ էլ, երբ խոսում ենք բարձր քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքներից, պետք է հասկանանք, որ այն մեր իրականությանն այդքան էլ մոտ չէ: «Ցավոք սրտի, Հայաստանը լրջագույնս հեռու է ժողովրդավարական երկրի մոդելից: Այս պայմաններում խոսել կանանց՝ խորհրդարանում հայտնվելու առողջ մեխանիզմների, քարոզարշավի, ներկուսակցական դեմոկրատիայի մասին առնվազն ծիծաղելի է», – ասաց Լ. Գալստյանը` ավելացնելով, որ բոլոր հարցերի պատասխանները պետք է փնտրել Հայաստանի ժողովրդավարացման մեջ, և  միայն արիական կամ մաչոյական քաղաքական մշակույթում քաղաքակիրթ արժեքներով առաջնորդվող կինը չի կարող որևէ հեռանկար ունենալ:

Հետաքրքրվողներին ստորև ներկայացնում ենք կատարած հետազոտությունների արդյունքները.

ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ

ԳՈՐԾՈՆՆԵՐՆ  ԸՍՏ  ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ`

 

Գործոններ
Կնոջ կողմնորոշվածությունը դեպի ընտանիքը 45,2%:
Կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ 35,1%
Հասարակական անվստահությունը և թերահավատությունը կին գործիչների նկատմամբ 33,5%
Կանանց առաջմղման մեխանիզմների բացակայությունը 29,2%
Հարազատների (ամուսին, ծնողներ) բացասական դիրքորոշումը 28,3%

Ելենա Չոբանյան

Դիտվել է 1974 անգամ:
Print Friendly

Leave a Reply