Մանուկյանն այնպես է արել, որ վարչապետը միանգամից 3 սխալ թույլ տա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2012 13:01

Կառավարության ծրագիրն այսօր խորհրդարանում քննադատության ենթարկեց նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ երեկ մեկ րոպեի ընթացքում կարողացել է այնպես անել, որ վարչապետը թույլ տա 3 սխալ։ Նրա կարծիքով, նախ սխալ էր վարչապետի կողմից իննսունականների և այսօրվա արտագաղթերը նույն հարթության մեջ քննարկելը՝ նշելով, որ պատերազմական և աղետի ժամանակշրջանի արտագաղթի շարժառիթներն այլ էին, և դա չպետք է վերագրել իշխանությանը։

Վարչապետի թույլ տված երկրորդ սխալն, ըստ Մանուկյանի այն է, որ հնի սխալը նոր սխալ թույլ տալու հիմք չի կարող լինել. “Դու կառավարություն ես զարգացնո՞ւմ, թե՞ հնի սխալների վրա նոր սխալներ ես ավելացնում: Դա կոպիտ սխալ է, որ վարչապետն այստեղ իրեն թույլ տվեց, ասելով՝ դուք սխալ եք արել, ես էլ եմ սխալ անում։,-ասաց Մանուկյանը,-ես որ լինեի երկրի ղեկավարը, միայն դրա՛ համար կպատժեի վարչապետին”։

Վարչապետի ելույթում Մանուկյանի “բռնացրած” երրորդ սխալն արտագաղթի վերաբերյալ նրա այն պնդումն էր, թե ինքը չի ասել. “հո չե՞նք պահելու մարդկանց…”: Մանուկյանը վստահեցրեց, որ վարչապետի այդ խոսքերի ձայնագրությունն ունի և կարող է տրամադրել յուրաքանչյուրին։

Արամ Մանուկյանի քննադատական ելույթն անավարտ մնաց ժամանակի սպառման պատճառով, և նա բարձրաձայն իր վրդովմունքը սկսեց արտահայտել, ինչը դուր չեկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. “Պարոն Մանուկյան, ես խնդրում եմ՝ Ձեր տեղը զբաղեցրեք և թույլ տվեք աշխատենք”,-հորդորեց նա:

Երբ Մանուկյանը շարունակեց, Հովիկ Աբրահամյանն անցավ ավելի կոշտ դիտողությունների. “Ձայնը բարձրացնելով՝ ոչ մի հարց չի լուծվել այս դահլիճում մինչև այսօր, և կխնդրեմ՝ որևէ պատգամավոր չփորձի ձայնը բարձրացնել,-բարկացավ նա։

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply