ԱՄՆ դատարանը կվերալսի Ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգների հայցը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 26, 2009 14:02
ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը կվերալսի Հայոց ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգների` ապահովագրական ընկերություններից չվճարված գումարների ու ավանդների պահանջի հայցը:
«Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» գրասենյակի ղեկավար Վարդգես Եղիայանն «Արմենպրես»-ին ասել է, որ դատարանը վերալսումները կկազմակերպի ընդլայնված կազմով կամ հենց այն նույն դատավորների մասնակցությամբ, ովքեր օգոստոսին կայացած դատական նիստում որոշել էին չեղյալ համարել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը: Այն հնարավորություն էր տալիս Ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց հարազատների ապհովագրական գումարները: Օրենքը թույլ էր տալիս նաև Կալիֆորնիա նահանգում մինչեւ 2010թ-ը երկարաձգել Թուրքիայում ավանդներ ներդրած անձանց ժառանգների պահանջների հայցերի ընդունումը:
«Ապահովագրական համակարգի կարգավորումը բացառապես պետական իշխանության խնդիրն է, եւ դաշնային քաղաքականությունը հիմք չունի նահանգներին արգելել օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը»,-նշել է Եղիայանը: Հայցը կլսվի առաջիկա 21 օրվա ընթացքում:
Հայցին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի, Հայկական իրավաբանների միության, «Զորյան» ինստիտուտի, Ցեղասպանագետների միջազգային միության, հասարակական տարբեր հեղինակավոր կազմակերպությունների անունից կցվել է Կալիֆորնիայի դատախազի գրասենյակի, նաեւ «Bingham McCutcheon» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Բալաբանյանի փորձագիտական եզրակացությունը:
Օրենքը, որ ընդունվել է 2000 թ., Կալիֆորնիայի դատարանում քննության է առնվել Ցեղասպանության զոհերից մեկի ժառանգի հայցով (Մովսեսյանի գործ): Հայցվորը դատարան է դիմել, որովհետեւ «Վիկտորիա» ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վճարել ապահովագրական գումարը: Շրջանային դատարանը, չեղյալ համարելով Կալիֆորնիա նահանգի օրենքը, մեկնաբանել է, որ «այն հարված է հասցնում նախկին նախագահների հեղինակությանը եւ իրեն է վերապահում Հայոց ցեղասպանության ճանաչման դաշնային քաղաքականությունը»:
«Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» գրասենյակը վարել եւ հաջողությամբ է ավարտել ամերիկյան «Նյու Յորք լայֆ» ընկերությունից զոհերի ժառանգների` մոտ 20 միլիոն դոլարի փոխհատուցման գործընթացը:






Facebook
Tweet This
Email This Post
