Խոսրով Հարությունյանը խոստովանեց, որ 20 տարի էր պետք հասկանալու համար…
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 21, 2012 10:56
Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ իր ելույթում նշեց, որ այդ ծրագիրը քաղաքական հռչակագիր է:
Այդ հայտարարությունն ուղղված էր բոլոր նրան, ովքեր երեկ քննադատում էին կառավարության ծրագիրը` այն համարելով պարզապես քաղաքական հռչակագիր և ոչ թե իրագործման մեխանիզմներ պարունակող լուրջ փաստաթուղթ: «Այս հռչակագիրը հետագա ծրագրի հենքն է, որի հիման վրա պետք է կազմվեն մի քանի տասնյակ ծրագրեր»,-ասաց Հարությունյանը` նշելով, թե այդ նպատակով պետք է համախմբվեն և աշխատեն ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կուսակցություների ներկայացուցիչները:
Նա համոզմունք հայտնեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունակ է այդ փաստաթուղթն իրականացրել, իսկ նրա արհեստավարժությունը միանգամայն արժանի է վստահության:
Ըստ Խոսրով Հարությունյանի, կառավարության ներկայացրած փաստաթուղթը ադեկվատ է հանրության սպասելիքներին: «Պարզ է դարձել, որ ոչ թե մարդն է քաղաքականության համար, այլ քաղաքականությունն է մարդու համար»,-ընդգծեց նա:
Խոսրով Հարությունյանը խոստովանեց, որ 20 տարի էր պետք հասկանալու համար, որ իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է: 20 տարի էր պետք հասկանալու համար նաև, որ առավել կարևոր է գյուղմթերք արտադրելու ունակ գյուղացիության և նրա համար բարենպաստ միջավայր ստեղծումը:
Խոսելով 20 տարիների մասին` Խոսրով Հարությունյանը նկատեց. «Թող որևէ մեկն իրեն սրբի տեղ չդնի, այո, ինձ համար էլ էր 20 տարի պետք, որ հասկանայի, բավարարվա՞ծ եք»:






Facebook
Tweet This
Email This Post
