Կոտ դ` Իվուարի քաղաքացիները Հայաստանում իրենց անվտանգ են զգում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 21:07
Կոտ դ` Իվուարի քաղաքացիական պատերազմի հետևանքով 2011թ. ընտանիքի բոլոր անդամներին կորցրած քսանիննամյա Դելոր Ինոսենթն ապաստան է գտել Հայաստանում: Նրա նոր բարեկամներն են իր նման հարազատներ կորցրած ու Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած 5 համերկրացիները, ում հետ նա ամեն օր աշխատում է՝ որպես ավտոմեքենա լվացող:
«Պատերազմի հետևանքով ամեն ինչ կորցրեցի ու այլևս հնարավոր չէր ապրել իմ երկրում: Եկա Հայաստան, ստացա փախստականի կարգավիճակ: Ինձ ասացին, որ կարող եմ որպես ավտոմեքենա լվացող աշխատել: Ես ինքս ինտերնետային ցանցերի մասնագետ եմ, բայց հիմա այստեղ եմ աշխատում, որ կարողանամ ապրել: Թե ինչ կլինի ապագայում` չգիտեմ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է»,- www.hra.am –ին պատմում է Ինոսենթը:
Ինոսենթին ու նրա ընկերներին աշխատանքի ընդունած Հայաստանում «Ֆրաբեր» ընկերության մենեջեր Սևակ Ավետիսյանի խոսքերով՝ նրանք շատ կարգապահ են, մաքրասեր ու աշխատասեր, դրա համար էլ տղաներին ընդունել են աշխատանքի:
Ավտոլցակայանի 8 աշխատողներից 6-ը Կոտ դ`Իվուարից Հայաստանում ապաստան հայցած ու փախստականի կարգավիճակ ստացած երիտասարդներ են: Նրանք ասում են, որ ոչ մի դեպքում էլ հետ չեն վերադառնա իրենց հայրենիք, քանի որ այնտեղ անվտանգ չէ:
Հիշեցնենք, որ Կոտ դ`Իվուարում 2010թ. դեկտեմբերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտված Լորան Գբարգոն չի ուզում պաշտոնը զիջել իր մրցակից Ալասան Ուատարեին, որի լեգիտիմությունը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից: Այդ պատճառով երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել, որը գտնվում է միջազգային հանրության հսկողության տակ:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության «Փախստականների վիճակն աշխարհում» զեկույցի համաձայն՝ 2006-2011թթ.-ը 15-16 մլն մարդ փախստական է դարձել` փորձելով խուսափել իրենց երկրներում առկա բռնություններից:
«Ավելի քան 42 մլն մարդ ամբողջ աշխարհում բռնի կերպով տեղահանվել են իրենց տներից ու համայնքներից: Վերջին տասնութ ամիսների ընթացքում ավելի քան մեկ միլիոնը հեռացել են իրենց երկրներից Կոտ դ՝Իվուարում, Լիբիայում, Մալիում, Սոմալիում, Սուդանում և Սիրիայում բռնկված հակամարտությունների ալիքի հետևանքով»,- այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ամեն 5 փախստականից 4-ը ապաստան է ստանում զարգացած երկրներում, բայց կան փախստականներ, ովքեր հանգրվանում են նաև զարգացող երկրներում, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Եթե Հայաստանում նախկինում փախստական ասելով հասկանում էին 1988թ. Բաքվի կոտորածներից փախուստի դիմած մարդիկ, ապա այժմ պարզ է, որ փախստականներ կարող են գալ նաև Իրաքից, Լիբանանից, Կոտ դ’Իվուարից, Սոմալիից, Չինաստանից, Կուբայից, Թուրքիայից :
Այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու զարգացած երկրները թողած նրանք ապաստան են հայցում Հայաստանից, որը տնտեսապես զարգացած ու հարուստ երկիր չի համարվում և որի մասին նրանք նախկինում անգամ չեն էլ լսել:
«Սոմալիում դեպքերից հետո 1997-98 թթ մի երիտասարդ տղա Սեմուել անունով եկել էր Հայաստան, հարցնում էինք, ինչու՞ ես եկել Հայաստան, պատասխանեց՝ դե նայել եմ իմ ճանապարհին առաջին քրիստոնեական երկիրը որն է ու դժվարություններով հասել»,- ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Լարիսա Ալավերդյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանում փախստականների հարցերով:
14 տարվա ընթացքում ապաստան ստանալու մոտ 1900 հայց է գրանցվել
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տվյալներով՝ Հայաստանում բնակվում է փախստականի կարգավիճակ ունեցող 260 հազար մարդ: Նրանց մեծ մասը Հայաստան են բռնագաղթել 1988թ. Ադրբեջանի Բաքու քաղաքում տեղի ունեցած կոտորածի հետևանքով:
1994-2010թթ. տարբեր հիմնադրամների օգնությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը բնակարաններով է կարողացել ապահովել 4547 փախստական ընտանիքի, 2005-2009թթ. մեկ այլ ծրագրի շրջանակում՝ 788 ընտանիք է բնակարան ստացել: Դրանից հետո մինչև այսօր այլ ծրագիր չի իրականացվել: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 2000 ընտանիք է հաշվառված առաջնահերթության իրավունքով բնակարան ստանալու համար:
|
Տարեթիվ |
Ապաստան հայցողների քանակ |
Տարեթիվ |
Ապաստան հայցողների քանակ |
|
1999 |
23 |
2006 |
650 |
|
2000 |
9 |
2007 |
291 |
|
2001 |
10 |
2008 |
207 |
|
2002 |
8 |
2009 |
67 |
|
2003 |
82 |
2010 |
68 |
|
2004 |
162 |
2011 |
75 |
|
2005 |
163 |
2012 |
15 |
ՀՀ-ում ապաստան հայցողների քանակը՝ ըստ տարեթվերի (տվյալները տրամադրել է Միգրացիոն պետական ծառայությունը)
Փախստականների այդ մեծ հոսքից հետո Հայաստանում ապաստան հայցած մարդկանց համար կոնկրետ բնակարաններ հատկացնելու ծրագրեր կամ Կառավարության որոշումներ ընդհանրապես չկան:
2000 թ. շատ փոքրաթիվ հոսք է եղել Իրանից և Թուրքիայից, իսկ 2002թ. առաջին լուրջ ներհոսքը տեղի ունեցավ Իրաքից: Հայաստանում ստեղծվեց հատուկ կացարան, որտեղ բնակվում են բոլոր ապաստան հայցողները: Այն պահպանելու համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է 10 միլիոն դրամ:
Հաջորդ մեծ հոսքը եղել է 2005թվականից սկսած՝ Լիբանանից: Այնուհետև Հայաստանից ապաստան են հայցել 2008թ. օգոստոսին վրաց-օսեթական հակամարտությունից հետո: Ընդհանուր առմամբ, Հայաստանը ստացել է մոտ 1900 դիմում վերջին 14 տարիների ընթացքում:
«Ապաստան հայցողները փախստականի կարգավիճակ ստանալուց հետո ստանում են Հայաստանում ապրելու թույտվություն՝ առանց ժամկետային սահմանափակման, չեն վերադարձվում իրենց երկիր և նրանց տրվում են որոշակի իրավունքներ: Սոցիալական ու մշակութային իրավունքների տեսանկյունից նրանց իրավունքները հավասարեցված են ՀՀ քաղաքացիների իրավունքներին՝ բացառությամբ քաղաքական իրավունքների, օրինակ՝ նրանք չեն կարող քվեարկել ու թեկնածություն դնել ընտրությունների ժամանակ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել: Կարող են բնակարան գնել, անշարժ գույք, բայց հողի սեփականատեր չեն կարող դառնալ: Չեն կարող դառնալ նաև քաղաքացիական ծառայող»,- փախստականների իրավունքներն է ներկայացնում Պետրոս Աղաբաբյանը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետը:
Փախստականներն ուզում են ավելի լավ պայմաններում ապրել
Վերջին շրջանում Հայաստան եկած փախստականների մի մասն աշխատանք է գտնում Հայաստանում ու փորձում ինտեգրվել նոր կյանքին, մի մասը գերադասում է հեռանալ այլ երկրներ, իսկ մյուս մասն էլ՝ երազում հեռանալու մասին, բայց չի կարողանում:
Չնայած փախստականներին տրվում են շրջագայելու համար նախատեսված անձնագրեր, բայց փախստականները երբեմն խնդիրների առաջ են կանգնում այդ անձնագրերի պատճառով: Օրինակ՝ 2006 թվականից Հայաստան եկած 45–ամյա Մարիամ Բոզոն(ազգանունը Բոզոյան է եղել, փոխել է) այս տարի ուզել է մեկնել Թուրքիա, բայց Վրաստանի սահմանի վրա նրան չեն թողնել գնալ Թուրքիա:
«Ես ուզում էի ուղղակի գործերով գնալ Թուրքիա, իսկ Հայաստանը լքելու միտք չունեմ, քանի որ մեր տղան Հայաստանում է թաղված՝ մահացել է քաղցկեղից, որը ձեռք էր բերել Հայաստան գալուց հետո»,- www.hra.am –ին պատմում է իրաքահայ կինը:
Նույն երկրից 9 տարի առաջ Հայաստան եկած 33–ամյա Ազատ Մարգարյանը վերջին երկու տարիներին ժամանակավոր կացարան է ստացել պետությունից, մինչև այդ ապրել է վարձով՝ իր սեփական միջոցների հաշվին: 6 ամիս հետո անձնագիր ստանալուց հետո պատրաստվում է մեկնել Եվրոպա իր ընկերների նման, ովքեր նախկինում ևս փախստական են եղել Հայաստանում, բայց լավ վարձատրվող աշխատանք չգտնելով՝ հեռացել են հայրենիքից:
«Այնտեղ ամեն ինչ ունեցել ենք, ավտոէլեկտրիկ էի աշխատում ու մի հոգին աշխատելով կարող էր ամբողջ ցեղը պահել: Իսկ այստեղ ես ու եղբայրս ենք աշխատում նույն գործով ու մեր ունեցածը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում է: Չնայած ես դժգոհ չեմ, քանի որ Հայաստանում վիճակը վատ է բոլորի համար, ինձ էլ Հանրապետական կուսակցությունից երբեմն օգնում են»,- ասում է Մարգարյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը պատրաստվում է մշակել նոր ծրագիր, որով կկարողանան փախստականներին հասարակությանն ինտեգրելու աշխատանքներ իրականացնել: Թե որքանով արդյունավետ կլինի մշակվող ծրագրի իրականացումը, պարզ կլինի Հայաստանից արտագաղթող փախստականների ցուցանիշների վերլուծությամբ։






Facebook
Tweet This
Email This Post
