«Բարի, լավ և սիրուն ցանկությունների հռչակագիր», «կենացների ժողովածու». Ալիկ Արզումանյանի բնորոշումը կառավարության ծրագրին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 17:24
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալիկ Արզումանյանը կառավարության ծրագիրը որակեց «բարի, լավ և սիրուն ցանկությունների հռչակագիր» և «կենացների ժողովածու»:
Նա վստահ է, որ կառավարության կազմում կան պրոֆեսիոնալներ, ովքեր կարող էին նախապատրաստված, լավ մշակված ծրագիր ներկայացնել: Սակայն դա չի արվել, քանի որ հավանաբար ծրագիրը դիտվել է` իբրև ժամանակավոր կառավարության ծրագիր:
«Սա ձմեռը հանելու կառավարություն է,-ասաց նա,-գարուն կգա , նոր կառավարությունն էլ` հետը, և հավանաբար կգա նոր, ավելի լուրջ ծրագիր, որը հնարավոր կլինի քննարկել»:
Նա կարծում է, որ չեն երևում ծրագրի իրականացման քայլերը, և ամեն ինչ մշուշի մեջ է: « Ասեք, օրինակ, ինչպե՞ս եք խթանելու փոքր և միջին բիզնեսը, կոնկրետ բաներ ասեք, քվեարկենք,-ասաց Արզումանյանը,-միգուցե փիլիսոփայության դասընթացներ եք մեզ ուզում տալ»:
Արզումանյանը վիրավորված է, որ նման հանպատրաստից ծրագիր է ներկայացվում, որն ավելի շատ կենացների ժողովածու է հիշեցնում. «Իսկ կենացներ մենք ամեն շաբաթ լսում ենք, Հայաստանում համարյա ամեն շաբաթ կնունք-ծնունդի ենք մասնակցում»,-ամփոփեց նա:






Facebook
Tweet This
Email This Post
