ԲՀԿ խմբակցությունը ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 16:38

Խորհրդարանում ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թեև շատ է շահարկվում Գագիկ Ծառուկյանի և վարչապետի հանդիպման հարցը, սակայն կառավարության ծրագրի վերաբերյալ որևէ  քննարկում ԲՀԿ-ի հետ չի եղել, այլ քննարկումը վերաբերել է լրիվ այլ նյութի:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ և կարծում է, որ շեշտակիորեն ավելի լավ ծրագիր է ստեղծվել այդ հանդիպման արդյունքում, քան նախկինում կար:

Զոհրաբյանը բուռն քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը` նշելով, որ այն ձախողվել է: Նա մեջբերեց նախարարներից մեկի հարցազրույցը, որում ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու ծրագրում չկան լուծման մեխանիզմները, վերջինս հայտնել է, թե ծրագիրը դրա համար չէ, և եթե բերվեին լուծման մեխանիզմները, կլիներ ոչ թե ծրագիր, այլ մի քանի հատորանոց գեղարվեստական ստեղծագործություն:

Զոհրաբյանի համար նախարարի այդ հայտարարությունը տնտեսագիտական գյուտ է, քանի որ ծրագրի առանցքում պետք է լինեն հենց մեխանիզմները: «Ինչպե՞ս կարելի է ձախողել նախկին ծրագիրը և այսօր խրոխտ կեցվածքով գալ-կանգնել և կրկին վստահության քվե ակնկալել»,-նշեց Զոհրաբյանը` հայտարարելով, որ ԲՀԿ խմբակցությունը ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply