Նիկոլ Փաշինյանը վարչապետին մի քանի հարց է ուղղել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 16:04

Խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզել, թե ի՞նչ է լինելու Փակ շուկայի ճակատագիրը և ինչպե՞ս է կանխվելու պատմամշակութային արժեքների անօրինական քանդումը:

Վարչապետը պատասխանեց. «Պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի Փակ շուկան, շատ տարբեր է, և ո՞վ է ճիշտ այդ պատկերացումներում կամ ո՞վ պետք է որոշի այդ խնդիրը`  շինարարական աշխատանքները թույլ տալ, թե՞ ոչ, նույնպես տարբեր է,-ասաց նա,-ապագայում էլ նման խնդիրներ կլինեն, և մեր քաղաքական գնահատականներն էլ կլինեն տարբեր: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի խաղի կանոններ, որպեսզի դուք վստահ լինեք, որ որոշումներ ընդունելու ժամանակ այդ խաղի կաննոները պահպանվել են, և ձեր կարծիքը հնչել է և հաշվի առնվել»:

Վարչապետը վստահեցրեց, որ Ծածկած շուկայի շինարարությունը դադարեցված է, մինչ փորձագիտական եզրակացության ստացումը և որ առհասարակ, նման հարցերը պետք է հանրային քննակման դրվեն. «Մայրաքաղաքին անհարիր կառուցապատում չի լինելու,-նշեց նա,-հասարակության վերաբերմունքը միանշանակ չի, բայց մենք երաշխավորում ենք, որ որոշումների ընդունումը լինելու է թափանցիկ, ընդունման կաննոներն էլ` հայտնի»:

Պատասխանելով աղետի գոտու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը՝ վարչապետը խոստովանեց, որ չկան մեծածավալ միջոցներ, և որ աղետի գոտու վերականգնման աշխատանքները պետք է դիտել ընդհանուր տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ: «Աղետի գոտու ամբողջական խնդրի լուծումը պայմանավորված է լինելու Գյումրի քաղաքին նոր շունչ հաղորդելով, և այն մշակութային կենտրոն դարձնելով»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք կառավարության գործունեության արդյունքում որևէ ժամանակ, օրինակ, դիզվառելիքի ներկրմամբ կզբաղվի ոչ թե մեկ, այլ 15-20 ձեռնարկություն: Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ դիզվառելիքի ներկրկրման որևէ սահմանափակում չկա, միաժամանակ նշեց, որ կառավարությունն իր առջև  նպատակ չի կարող դնել դիզվառելիք ներկրող 30 սուբյեկտ ունենալու: Ըստ վարչապետի, շուկան է որոշում` պետք է 30-ը լինի, թե 3-ը. «Մեր նպատակն այն է, որ մենք թույլ չտանք, որպեսզի մրցակցային կանոնները խաթարվեն»,-նշեց նա:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply