Եռաչափ գրաֆիկայով նկար՝ Ազնավուրի հրապարակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2012 16:03

Երևանի քաղաքապետարանի և «Ամերիբանկի» համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված «Երազանքների պատ» ծրագրի ավարտի վերաբերյալ հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Ամերիա» խմբի մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռեբեկա Հակոբյանը ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասներ:

20 օր շարունակ Երևանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը և հյուրերին հնարավորություն են ընձեռել «Ավելին իրագործելու ազատություն»  կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

« Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում և խրախուսում է բոլոր այն  ծրագրերի իրականացումը, որոնք հավելյալ խթան են մայրաքաղաքի զարգացման հարցում»,-նշել է Արազ Բաղդասարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված «Երազանքների պատ»-երին, ինչպես նաև քաղաքապետարանի և «Ամերիաբանկի» Facebook-ի էջերում, եղել են բազմաթիվ երազանքներ:

Ծրագրի համատեքստում առաջին նվերը երևանցիներին կմատուցվի հունիսի 26-ին: Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները ` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի Անզնավուրի հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձևավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երևանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:

«Չնայած մի քանի ժամ եմ Երևանում, սակայն հասցրել եմ հիանալ ձեր քաղաքով: Համոզված եմ, որ երևանյան աշխատանքս համալրելու է իմ լավագույն գործերի շարքը»,-կիսվելով իր տպավորություններով նշել է Նիկոլայ Արնդտը:

Թե ի°նչ նկար է պատկերվելու սալահատակին՝ կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով և նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երևանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:

«Մայրաքաղաքի զարգացման համար մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որը կշարունակվի նաև այս ծրագրից հետո»,- նշել է Ռեբեկա Հակոբյանը:

Նշենք նաև, որ մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, որը նախաձեռնողներրի կարծիքով  նոր շունչ կհաղորդի և ավելի կգեղեցկացնի քաղաքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply