Հայաստանը շահեկան դիրքերում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 14:25


Նախորդ մի քանի տարիներին հայ-ադրբեջանական բոլոր հանդիպումները` անգամ այս տարի, կայանում էին ռուսական կողմի միջնորդությամբ: Եվ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն առաջինն էր վերջին տարիներին, որ կատարվում էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նա ասաց, որ կարդալով Մեքսիկայում համանախագահների կողմից կատարված հայտարարությունները, արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին մեսիջները` կարող է ստեղծվել մի տպավորություն, որ ոչինչ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում չի փոխվել: Գագիկ Հարությունյանը նշեց, որ միեւնույն ժամանակ շատ բան է փոխվել` էական շրջադարձ է կատարվել, եւ այդ շրջադարձը պայմանավորված է մի քանի հանգամանքներով:

«Ադրբեջանը հայտնվել է բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում` Նրա համար այսօր, փաստորեն, բացվել երկրորդ ճակատ` Իրանի հետ: Սա շատ կարեւոր հանգամանք է մեր հետագա գործողությունների եւ դատողությունների համար: Այսինքն` իրանյան ճակատը մի գործոն է, որն այսօր ինչ-որ տեղ գերակայում է ադրբեջանական վերնախավի անհանգստություններում, եւ այդ հանգամանքը մենք պետք է հաշվի առնենք, եթե վերլուծում ենք կատարված իրողություններն ու իրադարձությունները: Այսինքն` տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը, ոչ այնքան իր կամքով, ներքաշվել է հակաիրանյան գործընթացներում, եւ այնքան էլ դրա համար ուրախ չէ: Եվ անգամ փորձում է շեղել այդ ուղղությունից միջազգային միջազգային հանրության մոտեցումենրը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Երկրորդ հանգամանքը` ըստ բանախոսի, այն իրադարձությւններն են, որ ծավալվում են են Իրանի շուրջ: Առաջին հերթին ԱՄՆ-ն փորձում է ստեղծել «սանիտարական պատնեշ» Իրանի շուրջ: Եվ այստեղ, Գագիկ Հարությունյանը նշում է, որ մենք բավականին շահեկան դիրքում ենք, քանի որ նման խնդիր ու առաքելություն Հայաստանի վրա, կարծես, չի դրվում միջազգայն հանրության կողմից: Իսկ հայկական կողմն անում է այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է`ի տարբերություն Ադրբեջանի, նա գործում է միջազգային կանոնների համաձայն:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply