«Պատերազմի դեպքում մենք պետք է մեր հույսը դնենք բացառապես մեր պատրաստ լինելու վրա». Գրիգորի Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 14:17


“Ծիծաղելի է խոսել այն մասին, իբրև թե ադրբեջանահայերը պատրաստվում են Ղարաբաղում կառուցել ինչ-որ քաղաք և 3 մլրդ դոլար ներդնել դրա համար: Դա անլուրջ է և չի բխում ադրբեջանահայության և’ հնարավորսւթյուններից, և’ իրավիճակից”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նա կարծում է, որ ադրբեջանահայ փախստականների համայնքը կարող է լինել կա’մ Հայաստանի սուրն ու վահանը Ադրբեջանի հետ քարոզչական պատերազմում, կա’մ հինգերորդ շարասյունը Հայաստանի ներսում:
Այվազյանը ցավով նշեց, որ շատ շուտով հնարավոր է, որ տարածաշրջանը արձանագրի փախստականների նոր հզոր ալիք, քանի որ, ըստ նրա, նախքան իրանա-իսրայելա-ամրիկյան պատերազմի սկիզբը, հավանական է, որ կվերսկսվի պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում: “Բոլորովին գաղտնիք չէ, որ ադրբեջանական գերագույն շտաբը վաղուց ծրագրավորել է 2012 թվականի ամառ-աշուն օպերացիան, և սպասում է միայն Ռուսաստանի դիրքորոշման ճշգրտմանը”,- կարծում է բանախոսը:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը` Այվազյանը նշեց, որ մենք ևս պետք է նախապատրաստենք մեր հասարակությանը պատերազմին, որովհետև այն անխուսափելի է, քանզի ժամանակին զգուշացված լինելը նշանակում է` լինել զինված:
“Մենք չպետք է մեր հույսը դնենք Ադրբեջանի` պատերազմին անպատրաստ լինելու վրա, մենք պետք է միայն մեր հույսը դնենք մեր պատրաստ լինելու վրա: Եթե կողմերից մեկը չի ցանկանում խաղաղություն, եթե համաշխարհային հանրությունը լուռ ու մունջ հետևում է ադրբեջանական լկտի ագրեսիային և համապատասխան գնահատականների չի տալիս դրան, ուստի մենք պետք է մեր հույսը դնենք միայն մեր ռազմական ուժի վրա, որովհետև դա շուտով կարող է մեզ պետք գալ”,- վրդովված հայտնեց ադրբեջանագետը:
Բանախոսը գտնում է, որ իրերը պետք է կոչենք իրենց անուններով, քանզի, թեպետ մենք գնում ենք խաղաղ բանակցության ճանապարհով, բայց այդ բանակցությունները ինքնանպատակ չեն, եթե ամեն օր հայ զինվոր է սպանվում, մենք պետք է արձանագրենք, որ դա ոչ թե հակառակորդն է անում, քանի որ սա շախմատային խաղ չէ, որ հակառակորդ լինի, այլ թշնամին է անում. “Եթե հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտվում է 5000 անգամ, դա նշանակում է, որ պատերազմը սկսվել է, պարզապես` դիրքային տարբերակով”:
Ըստ Այվազյանի` Եթե Ռուսաստանը դրական չեզոքություն հայտարարի հնարավոր պատերազմի վերսկսման հետ կապված, ապա պատերազմը չի հապաղի:

Վահե Մակարյան

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply