Ադրբեջանահայ փոխստականների խնդիրների լուծման համար անհրաժեշտ է 50 միլիոն դոլար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 20, 2012 13:26


“Չնայած որ տարիների ընթացքում փախստականների բացարձակ թիվը Հայաստանում նվազել է, նրանց տոկոսային հարաբերակցությունը չի փոխվել, և կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության ավելի քան 10 տոկոսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
“Այս ցուցանիշով Հայաստանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ աշխարհում առաջնային տեղերից մեկն է զբաղեցնում”,- նկատեց բանախոսը:
Այվազյանը փախստականների հիմնախնդիրները բաժանում է երեք հիմնական խմբերի. քաղաքական հիմնախնդիր. նրանց շահերի ոչ բավարար ներկայացվածությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում և վարչական կառույցներում. “Ի տարբերություն ադրբեջանական այսպես կոչված փախստականների` ադրբեջանահայ փախստականների պարագայում վերադարձի և ապագայի հարցը հստակեցված չէ”:
Իրավական հիմնախնդիր. “Դա կարգավիճակի հետ կապված խնդիրներ են, որոնց շուրջ շատ հաճախ լինում են տարակարծություններ, ինչը հարուցում է լրացուցիչ խնդիրներ այդ մարդկանց կյանքում”:
Երրորդը Այվազյանը նշեց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրը. “Դա հիմնականում բնակարանային հարց է, որ, փաստորեն, մարդիկ 20 տարուց ավել բնակվում են անմարդկային պայմաններում”:
Իսկ ադրբեջանահայերի այս` սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, մասնավորապես` շուրջ հազար ադրբեջանահայ փախստական ընտանիքների բնակարաններով ապահովելու համար բանախոսը հայտնեց, որ անհրաժեշտ է 50 միլիոն դոլար:
Այվազյանը նաև վտանգավոր է համարում այն, որ, ըստ նրա, հասարակության շրջանում ադրբեջանահայ փախստականների նկատմամբ զգացվում են քսենոֆոբիայի դրսևորումներ:
Նա նաև դժգոհություն հայտնեց, որ հայկական լրատվամիջոցներում հակաադրբեջանահայկական հայտարարություններ են արվում և ոչ ոք դրանք չի կանխում, և օրինակ բերեց այն դեպքը, երբ հեռուստաընկերութուններից մեկով հաղորդումներից մեկի ժամանակ հնչել է հետևյալ արտահայտությունը. “Ադրբեջանահայերը ատում են հայերին”:
Սա, ըստ Այվազյանի, չի բխում իրենց շահերից և ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին:

Վահե Մակարյան

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply