Հայ գրատպության 500-ամյակին նվիրված` թողարկվել է Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշեր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 20, 2012 13:16

 Հայ գրատպության 500-ամյակի ծրագրերի շրջանակներում` Հայփոստը սկսում է Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշերի թողարկում, որոնք հաջորդաբար կթողարկվեն նաև առաջիկա տարիներին: 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշերի վրա պատկերված են հայոց  այբուբենի Այբ տառից Է տառերը: Նամականիշերի հեղինակն է Մարիամ Կանայանը: 10 դրամից մինչև 280 դրամ անվանագին ունեցող այս նամականիշերը տպվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում:

Նամականիշերի վրա պատկերված տառերը 5-10-րդ դարերի մշակվածԵրկաթագիր տառատիպերն են: Զարդանախշերը վերցված են հին հայկական մանրանկարներից և վերարտադրված են ձեռքով: Նամականիշերի  յուրաքանչյուր թերթը զարդարված է տվյալ նամականիշի վրայի զարդանախշերով: Թերթերի վերևի հատվածում բերված են տողեր Ներսես Շնորհալու Առաւոտ լուսոյ շարականից:

Հայ գրատպության 500 ամյակի միջոցառումների համատեքստում` շրջանառության մեջ կդրվի նաև Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկը` Գրիգոր Խանջյանի հայտնի գոբելենի պատկերով, որը ներկայումս պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Գեղաթերթիկի հեղինակն է Աշոտ Եղիազարյանը:

Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում շրջանառության մեջ դրվող 7 նույնատիպ նամականիշերից բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաքի պաշտոնական արարողության ժամանակ շրջանառության մեջ է դրել նաև “Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք” թեմայով գեղաթերթիկը:

2007-2011 թթ.  նույնատիպ թողարկման նամականիշերի վրա պատկերված էր Տիգրան Մեծի դիմանկարը:

Այս տարի կթողարկվեն նաև “Հնագիտական գտածո” թեմայով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաև ավելի քան 5900  տարեկան կանացի ծղոտե փեշին: Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125 և Լուսինե Զաքարյանի 75 ամյակներին նվիրված այլ նամականիշեր ևս:

Ս. թ. հունիսի 19-ին, Հայստանի ազգային պատկերասրահում` նամականիշերի մարման հանդիսավոր արարողությանը ներկայացվեց նույնատիպ նամականիշերի նոր շարքը և Հայաստանում նույնատիպ նամականիշերի թողարկման պատմությունը:

Նամականիշերի մարման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարարության “Գրքի և հրատարակչական գործի կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը,  ”Հայփոստ թրասթ մենեջմենթի” հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի «Ֆիլատելիստների միության» նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply