Վարչապետը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 12:44

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա կերտելու իր երջանկությունն իր հայրենիքում։ Կառավարությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել կայացման և ինքնադրսևորման լայն հնարավորություններ։ Արտագաղթի կանխարգելման լավագույն միջոցն աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի և արդարության ապահովումն է»,-նշեց վարչապետը։

Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանը, վարչապետը հայտարարեց, որ փոքր և միջին բիզնեսի համար ստեղծվելու է հարկային պարզեցված հարկ և տարվելու են հետևողական քայլեր մենաշնորհային դիրքը վերացնելու համար: Նրա խոսքով, արմատական փոփոխությունը տնտեսական քաղաքականության մեջ այն է, որ այսուհետ պետությունը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն մասնակցելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականության իրականացմանը: «Մասնավոր հատվածի հետ համատեղ կձևավորվի երկխոսության միասնական հարթակ: Դրա միջոցով առավել հեռանկարային յուրաքանչյուր ճյուղի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ»,-ասաց նա:

Անդրադառնալով կրթությանը՝ վարչապետը նշեց, որ պետք է  հասնենք նրան, որ վերանան ընդունելության քննությունները. այլ կերպ ասած, ԲՈՒՀ ընդունվելը կլինի հեշտ, ավարտելը կլինի դժվար:

Վարչապետի կարծիքով, խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ այս ծրագիրը հասարակության կողմից պահանջված է:

Վարչապետի ելույթից հետո ԱԺ պատգամավորները հարցեր ուղղեցին նրան:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply