Այսօր ԼՂՀ-ում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 10:26

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, օրենքին համապատասխան, կազմավորվել է 274 ընտրական տեղամաս: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ տեղամասերից մեկը Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ ներկայացուցչությունում է` ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:

ԼՂՀ բոլոր շրջաններում կազմակերպվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ, որտեղ ուսուցանվել եւ որակավորում են ստացել ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներ` առաջիկայում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը անհրաժեշտ թվով անդամներով համալրելու համար: Պատվիրվել են քարոզչական պաստառներ, ձեւաթղթեր, գործավարության մատյաններ, ընտրական գրականություն` ընտրական հանձնաժողովներին, դիտորդներին, վստահված անձանց եւ ընտրությունների հետ առնչվող մյուս մարմիններին տրամադրելու համար:

Հունիսի 20-ին ԿԸՀ-ում վիճակահանությամբ կհաստատվի ԼՂՀ Նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով վճարովի եւ անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նույն օրը կմեկնարկի նախընտրական քարոզչությունը, որը կավարտվի հուլիսի 17-ի ժամը 24.00-ին:

Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու մի քանի տեղական կազմակերպություններ` ԼՂՀ «Արցախի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությունից Գաբրիելյան Կիմը, Գարաքյան Արամայիսը, Գրիգորյան Արիսը, ԼՂՀ վերաբնակեցման եւ հայրենադարձության «Քաշաթաղցիներե հասարակական կազմակերպությունից Արզանյան Համբարձումը, Եսայան Գոռը, Մանուկյան Գոռը: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններ դեռ չեն գրանցվել:

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունները կայանալու են 2012 թվականի հուլիսի 19-ին: Որոշումը կայացվել է մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի լիագումար նիստում: Նախորդ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կայացել էին 2007թվականի հուլիսի 19-ին: Դրանց արդյունքում նախագահ էր դարձել Բակո Սահակյանը:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply