Գլխավոր Քարտուղարի Ուղերձը Փախստականների Համաշխարհային Օրվա Կապակցությամբ`20 հունիսի 2012

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 23:17

Ավելի քան 42 մլն մարդ ամբողջ աշխարհում բռնի կերպով տեղահանվել են իրենց տներից ու համայնքներից: Վերջին տասնութ ամիսների ընթացքում ավելի քան մեկ միլիոնը հեռացել են իրենց երկրներից Կոտ դ՝Իվուարում, Լիբիայում, Մալիում, Սոմալիում, Սուդանում և Սիրիայում բռնկված հակամարտությունների ալիքի հետևանքով: Այս թվերն ավելին են, քան վիճակագրությունը: Նրանք անհատներ ու ընտանիքներ են, որոնց կյանքը կործանվել է, որոնց համայնքներն ավերվել են և որոնց ապագան անորոշ է:
Փախստականների համաշխարհային օրը բոլոր տուժածներին հիշելու և մեր աջակցությունը ուժեղացնելու մի պահ է:
Փախստականներից 5-ից 4-ը գտնվում են զարգացող երկրներում և ստանում են հյուրընկալող պետությունների ուշագրավ մեծահոգությունը, որոնք, սակայն, իրենց հերթին լուրջ զրկանքների առաջ են կանգնած: Փախստականներն ամենամեծ թվով ապաստանել են Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետություններում՝ իրար մեջ բաժանելով մոտ 2,5 մլն մարդու: Թունիսն ու Լիբերիան ևս այն երկրների շարքում են, որոնք, չնայած իրենց ազգային մարտահրավերներին, հաստատել են բաց սահմաններ և զինված բռնության արդյունքում տուժածների հետ կիսել են իրենց սակավ ջուրը, հողն ու այլ ռեսուրսները:
Քենիայի երրորդ խոշորագույն քաղաքը փախստականների ճամբար է, որ հյուրընկալում է ավելի քան կես մլն սոմալիացիների, որոնցից շատերը արդեն երրորդ տասնամյակն է՝ աքսորի մեջ են: Նիգերը, Մավրիտանիան և Բուրկինա Ֆասոն, որոնք տառապում են սովից ու երաշտից, այժմ հյուրընկալում են Մալիում հակամարտությունից փախած շուրջ 175,000 փախստականների: Չենք կարող թողնել, որ այս երկրները միայնակ կրեն այս բեռը:
Միավորված ազգերի կազմակերպությունը, և մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, աշխատանքներ են տանում այս մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ՝ միաժամանակ տրամադրելով պաշտպանություն և աջակցություն իրենց երկրներից տեղահանված 15,5 մլն փախստականների: Մենք նաև շեշտը դնում ենք քաղաքացիություն չունենալու փաստի կանխման և կրճատման վրա: Սակայն հումանիտար աջակցությունը բավարար չէ:
ՄԱՓԳՀԳ վերջին համաշխարհային զեկույցը ցույց է տալիս, որ տեղահանումը առաջ է անցնում լուծումներից: Մենք պետք է միասին ձգտենք ցուցաբերել քաղաքական կամք ու առաջնորդություն, որպեսզի կանխենք և վերջ տանք փախստականությանը նպաստող հակամարտություններին: Այնտեղ, որտեղ վերականգնվում է անվտանգությունը, անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները՝ ապահովելով փախստականների մշտական վերադարձն ու նրանց համար ապրուստի միջոցների, ծառայությունների և օրենքի գերակայության հասանելիությունը:
Չնայած ամբողջ աշխարհում բյուջեի սղությանը՝ մենք չպետք է թիկունք դարձնենք կարիքավորին: Փախստականները հեռանում են, քանի որ այլընտրանք չունեն: Մենք պետք է ընտրենք օգնել նրանց:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply