Գլոբալ շարժում հանուն փոփոխության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 19:12


Աշխարհի առաջնորդները հավաքվելու են մի կարևոր առիթով` մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի Կայուն զարգացմանը նվիրված համաժողովին: Արդյո՞ք այն հաջողություն կունենա: Կարծում եմ, որ այո: Անկասկած, բանակցությունները բավականին երկարաձգվել են: Նույնիսկ հիմա համաժողովից ակնկալվող այսպես կոչված «վերջնական փաստաթղթի» մանրամասների հարցում կա ավելի շատ տարաձայնություն, քան համաձայնություն: Սակայն դա բնավ էլ չափորոշիչ չէ: Շատ ավելի կարևոր են այն քայլերը, որ Ռիոյի համաժողովն արդեն ձեռնարկել է: Իսկ դա հանուն փոփոխության գլոբալ շարժման ձեռնարկումն է:
Ռիո+20 մեզ սպասվող երկար ճանապարհի ուղենիշն է: 1992թվականին կայացած աշխարհի հայտնի գագաթաժողովը կայուն զարգացման ծրագիրը ներառեց համաշխարհային օրակարգի մեջ: Այսօր մենք արդեն եկել ենք այս վաղեմի հրամայականի առավել լայն ու խորը գիտակցմանը. ինչպե՞ս ավելի ճիշտ հավասարակշռել աշխարհի աճող բնակչության զարգացման կարիքները ուղեկցվող առողջ տնտեսական աճի հետ` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին վայելելու բարգավաճման պտուղները, միաժամանակ պահպանելով մեր մոլորակի առավել թանկարժեք ռեսուրսները, որոնք են հողը, օդը և ջուրը: Ռիոյում ավելի քան 100 երկրների և կառավարությունների ղեկավարներին կմիանան մոտ 25,000 մասնակիցներ` պլանավորելու մեր առաջիկա ծրագրերը: Արդեն շատ վաղուց է, ինչ մենք փորձում ենք գտնել դեպի բարեկեցություն տանող մեր ուղին: Ցավոք, այդ մոդելն իրեն սպառել է: Ռիոյի շրջանակներում մենք պետք է փորձենք ստեղծել մի նոր մոդել` նախատեսված 21-րդ դարի տնտեսության համար, որ կհերքի արտադրության աճի և շրջակա միջավայրի միջև զրոյական հավասարակշռության ստեղծման առասպելը: Ավելին, մենք գիտակցում ենք, որ պետական ​​ խելամիտ քաղաքականություն վարելու պարագայում կառավարությունները կարող են զարգացնել իրենց տնտեսությունները, նվազեցնել աղքատության մակարդակը, ստեղծել աշխատատեղեր և խթանել սոցիալական առաջընթացը, միաժամանակ հաշվի առնելով մեր Երկրի բնական ռեսուրսների սահմանափակ քանակը:
Այս առումով, ես խորապես համոզված եմ, որ սկսված փոփոխության գործընթացը այլևս անշրջելի է և ոչ ենթակա բեկման: Ապացույցներն ամենուր են, բոլոր երկրներում` լինեն դրանք փոքր թե մեծ, հարուստ կամ աղքատ: Բարբադոսը, Կամբոջան, Ինդոնեզիան, Հարավային Կորեան և Հարավային Աֆրիկան, ի թիվս շատ այլ երկրների, արդեն իսկ որդեգրել են «կանաչ աճի» մարտավարությունը, համաձայն որի առավել արդյունավետ են օգտագործվում սահմանափակ բնական ռեսուրսները, ստեղծվում են աշխատատեղեր և խթանվում է ցածր ածխածնային աճը: Հայաստանը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Քենիան, Հորդանանը, Մալայզիան, Մեքսիկան, Նեպալը, Սենեգալը և Ուկրաինան կիրառում են «կանաչ աճին» նպաստող տեխնոլոգիաներ արդյունաբերության տարբեր ոլորտներում` սկսած գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջությունը: Գործող հնգամյա ծրագրի շրջանակներում Չինաստանը պարտավորվել է մինչև 2020 թվականը պահանջվող էներգիայի 16 տոկոսը ստանալ վերականգնվող աղբյուրների էներգետիկ պաշարներից, ինչպես նաև նախատեսում է ավելի քան 450 միլիարդ դոլլար ներդնել թափոնների վերամշակման և մաքուր տեխնոլոգիաների զարգացման ոլորտներ:
Բրազիլիայում թափոնների վերամշակման բնագավառում աշխատում է ավելի քան 500,000 մարդ, որոնց մեծ մասը հազիվ է գոյատևում: Հնդկաստանը, համաձայն Գյուղական զբաղվածության երաշխիքի մասին ազգային օրենքի , դրամական միջոցներ է հատկացնում բնակչությանը բնական ռեսուրսների` ասենք անտառների ու մաքուր ջրի, էլ ավելի պատշաճ ու խնայողաբար օգտագործման համար: Տեսնում ենք, որ ամենուր ազգային և տեղական ինքնակառավարման մարմինները ամրագրում են սկզբունքներ և ձեռնարկում քայլեր, որոնք, միասին վերցրած, կարող են մեզ շրջակա միջավայրի քայքայման և աճող սոցիալական անհավասարության հեռանկարից տանել դեպի համընդհանուր և հավասարակշռված կայուն աճի մի նոր ժամանակաշրջան:
Կառավարություններն ու երկիր-պետությունները միայնակ չեն այս փոփոխությունը կյանքի կոչելու գործում: Ռիոյում բոլոր մայրցամաքներից ժամանած շուրջ 1000 կորպորատիվ ղեկավարներ հանդես կգան ընդհանուր հաղորդագրությամբ. բիզնեսն, որպես այդպիսին այլևս չի գործում: Շատերը ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտ» համընդհանուր պայմանագրի անդամ են` մասնավոր սեկտորի աճող շարժման կամավորներ, որոնք գիտակցում են, որ 21-րդ դարի կորպորատիվ պատասխանատվությունը հավասարազոր է կորպորատիվ կայունության: Այսպես օրինակ, Nike ընկերությունը (այսպես կոչված, «փակ հանգույց» արտադրության առաջատարը, որը նվազագույնի է հասցնում արդյունաբերական աղտոտումը) նախաձեռնել է մի նոր ծրագիր “Mata no Peitօ”` (պորտուգալերեն նշանակում է «մարտահրավեր նետել»)` նպաստելով բրազիլական էկոհամակարգերի պահպանմանը: Unilever ընկերությունը պարտավորվել է մինչև 2020 թվականը ամբարել կայուն աղբյուրներից ստացվող ամբողջ հումքը: Քենիայի Safaricom ընկերությունն արդեն ներառել է գենդերային հավասարությունը իր ներքին քաղաքականության մեջ նպատակ ունենալով ստեղծել հարազատ ու բարեկամական մթնոլորտ:
Միևնույն ժամանակ Microsoft-ը հայտարարել է, որ շուտով որդեգրելու է ածխածնի չեզոքացման ծրագիր: Չինաստանի Broad Group ընկերությունը արտադրում է ոչ էլեկտրական օդորակման սարքավորումներ, որոնք 200 տոկոսով ավելի քիչ էներգատար են: Այժմ նրանք զբաղվում են էներգիա խնայող այլ արտադրանքների հետազոտման և կայուն շինությունների ստեղծման հարցերով: Մավրիտանիայի ToughStuff ընկերությունը ձգտում է մինչև 2016 թվականը Աֆրիկայի 33 միլիոն բնակչությանը ապահովել մատչելի և հուսալի արևային էներգիայով, իսկ Աբու Դաբիի «Ապագայի էներգիա» ընկերությունը աշխատում է էլեկտրաֆիկացնել Աֆղանստանի գյուղական համայնքները և ապահովել էներգիայով Խաղաղ օվկիանոսի հարավային Տոնգա կղզու ժողովրդին:
Էներգիային վերաբերող հարցը Ռիոյում կլինի ուշադրության կենտրոնում: Ես այն կոչում եմ «Ոսկե թել», որն իրար է կապում դեպի կայուն ապագա տանող բոլոր ուղիները, այն դեպի զարգացում, սոցիալական ներգրավվածություն և բնապահպանություն, ներառյալ կլիմայի փոփոխությունը, տանող շարժիչ ուժն է: Ահա թե ինչու, ես 2011 թվականին հանդես եմ եկել նոր նախաձեռնությամբ, որը կոչվում է «Կայուն էներգետիկա բոլորի համար»: Մեր նպատակն է ապահովել ամբողջ աշխարհի էներգիա չօգտագործող բնակչության ամեն հինգերորդին ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությամբ, նվազագույնի հասցնել էներգիայի սպառումը` կրկնապատկելով էներգիայի կիրառման արդյունավետությունը, և, վերջապես, կրկնապատկել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը արտադրվող էներգիայի համընդհանուր ծավալի մեջ: Ռիոյում կառավարության, բիզնեսի և քաղաքական հասարակության ղեկավարները հայտարարելու են գործողությունների մի ամբողջ շարքի մասին` ուղղված կյանքի կոչելու վերոնշյալ նպատակները` սկսած էկոլոգիապես ավելի մաքուր ու արդյունավետ օջախներ ստեղծելուց մինչև կառավարություններին օժանդակելը ավելացնելով պետությունների երկրաջերմային և այլ վերականգնվող էներգիայի ներուժը:
«Կայուն էներգիա բոլորի համար» նախաձեռնությունը համարվում է ապագայի համագործակցության մոդելը: Սկզբունքը պարզ է, սակայն ազդեցիկ: ՄԱԿ-ն օգտվելով իր բոլորին իրար հետ հավաքելու անզուգական հնարավորությունից, մի սեղանի շուրջ կհավաքի համապատասխան դերակատարներին, որպեսզի վերջիններս կարողանան աշխատել ընդհանուր շահ հետապնդող ընդհանուր խնդիրների վրա: Ի վերջո, Ռիո+20- ը հենց այս ամենի մասին է: Իսկապես, բանակցություններն ինքնին շատ կարևոր են: Համաձայնագրերը, որոնք կարող են թղթին հանձնվել այսօր, ձևավորելու են վաղվա քննարկումները: Բայց Ռիո+20-ի դերը վեր է այս ամենից: Այն դեպի փոփոխություն տանող համընդհանուր ակտիվ շարժման արտահայտումն է, և կարևոր քայլ` դեպի ապագա, որին ձգտում ենք հասնել:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար` Բան Կի-Մուն

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply