«Հարսնաքար»-ի տուժածների առողջական վիճակը չի փոփոխվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 19, 2012 18:02

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ՀՀ պաշտպանության նախարարության տուժած զինվորականներ Վահե Ավետյանը շարունակում է կոմայի մեջ մնալ, իսկ Արտակ Բայադյանի վիճակը միջին ծանրության է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բժշկուհի Մելանիա Գաբրիելյանը:

Ավետյանի մոտ ախտորոշվել է ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա, իսկ Բայադյանը ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք:

Հունիսի 18-ի երեկոյան նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ այդ միջադեպից մեկ այլ տուժած` ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը, ում վիճակը բժկուհին միջին ծանրության գնահատեց: Իսկ այն հարցին, ինչո՞ւ է Սողոմոնյանը մեկ օր ուշացումով տեղափոխվել հիվանդանոց, Գաբրիելյանը նշեց, որ տուժածն ինքը չի ցանկացել դիմել բժիշկների, ու այդ քայլին գնացել է միայն վիճակն ավելի վատթարանալուց հետո:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը: Քրեական գործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply