Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 19, 2012 17:51


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ միասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ:
Բակերի համալիր բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում համագործակցելով “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի հետ, Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաև հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններ և մարզական գույք:
Դրոյի 24 շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու հարմարավետ բակային տարածք ունենալուն, իսկ Սարկավագի 72 շենքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` իրենց շենքին հարակից տարածքը ևս բակերի բարեկարգման տարեկան ծրագրում ընդգրկելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ տվյալ տարածքը ժամանակին օտարվել էր և ուներ օրինական սեփականատեր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում, տվյալ տարածքն արդեն համայնքային սեփականություն է և բարեկարգված ու խաղային ատրակցիոններով կահավորված հանձնվում է բնակիչներին:
Կարևորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով “Փյունիկ” բարեգործական հիմնադրամին համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երևանյան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական. “Երևանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20-30 բարեկարգված խաղահրապարակներ կհանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին` հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար”,-նշել է Տարոն Մարգարյանը:
Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին, առաջիկայում փոքրիկ երևանցիների համար կյանքի կկոչվեն նաև համատեղ այլ բարեգործական ծրագրեր. “Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին: Արդյունքն այսօր ակնհայտ է, երեխաներն անչափ ուրախ են և մեծանում է առողջ սերունդ”,-նշել է Լևոն Սարգսյանը:
“Բակերում իշխող տոնական բարձր տրամադրությունն ու խաղացող բազմաթիվ փոքրիկներն արդեն իսկ վկայում են, որ Երևանի քաղաքապետարան-”Փյունիկ” բարեգործական հիմնադրամ համագործակցությունն իսկապես հաջողված ու արդյունավետ է”,- իր հերթին ուրախությամբ փաստել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:
Բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց, տարածքն ապահովվում է ոռոգման նոր համակարգով, դրան զուգահեռ կահավորվելով հիմնադրամի կողմից տրամադրվող մանկական ժամանակակից խաղերով և մարզասարքերով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply