ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության մի անդամը իրենց ատենապետին մեղադրում է ՍԴՀԿ-ի պատմությունը աղավաղելու մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 19, 2012 17:26

Դարակազմիկ «գիտական» հայտնագործություն է կատարել իրեն ՍԴՀԿ ատենապետ հորջորջող Լյուդմիլա Սարգսյանը: «Առավոտ» օրաթերթի 2012թ. հունիսի 15-ի թիվ 111-ում տպագրված «ՍԴՀԿ-ն պատմության դասագրքերից դժգոհ է» վերնագրով մի քանի տողանոց հարցազրույցում: Հիշյալ տիկինը Գինեսի գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել, միանգամից կատարելով «գիտական» երեք հայտնագործություն:
Հայոց նորագույն պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր անձ գիտի , որ 1915թ. հունիսի 15-ի արշալույսին երիտթուրքերը խեղդամահ արեցին հնչակյան կուսակցության քսան առաջնորդների ու ակտիվիստների, նրանց մեղադրելով «Անկախ Հայաստան կերտելու, պետության դեմ դավադրելու մեղադրանքով»: Եվ արդեն 97 տարի անընդհատ աշխարհի որ ծայրում էլ լինեն, այդ օրը՝ հունիսի 15-ին, հավաքվում և հարգանքի տուրք են մատուցում անմեղ նահատակներին, խնկարկելով նրանց հիշատակը: Բայց արի ու տես, որ այդ ամսաթիվը նորընծա «գյուտարարի» սրտովը չէ և որոշել է քսաններին կախել հունիսի 14-ին: Տիկնոջ սրտովը չէ նաև մահապատժի վայրը՝ Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազիտ հրապատակը և գրչի մի հարվածով այն դառնում է Սուրբ Բայազետ:
Դեռ սա բոլորը չէ: Փարամազի ու նրա ընկերների հետ «նորարար տեսաբանը» կախաղան է հանում նաև հայտնի հնչակյաններ Մուրադին և Ժիրայրին:
Պարզապես տիկնոջը հուշենք, որ թուրքերը հայդուկապետեր Ժիրայրին (Մարտիրոս Բոյաճյան) կախաղան են հանել 1894թ. մարտի 24-ին, Եոզղաթում, իսկ նրա ավագ եղբորը՝ Մեծն Մուրադին (Համբարձում Բոյաճյան), որը նաև պառլամենտի անդամ էր, երիտթուրքերը խեղդամահ արեցին 1915թ. օգոստոսի 24-ին, Կեսարիայում:
Ափսոս, թերթի թղթակից Ն. Գ. տիկին Սարգսյանի մյուս գիտական հայտանագործությունները չի հրապարակվում, թե չէ կստացվեր իսկական աջապսանդալ:
Իհարկե, այս ամենի վրա կարելի է մի կուշտ խնդալ, եթե այսքան տխուր չլիներ:

Հրանտ Ամիրյան
ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության
հիմնադիր խորհրդի անդամ

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply