300 հազարական դրամ մանկատների շրջանավարտներին՝ “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 19, 2012 15:32


Այսօր հերթական նախաձեռնությունը կյանքի կոչեց “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ:
Տարիներ շարունակ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձն ուղղել է բարեգործական նպատակների: Անցած երեք տարիներին, որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Կարեն Կարապետյանն իր ողջ աշխատավարձը փոխանցել է հանրապետության մանկատների շրջանավարտներին: Այս ուսումնական տարվա շրջանավարտների համար, մինչ Կարեն Կարապետյանի հրաժարականը փոխանցված աշխատավարձային գումարները հավելվել են “Տաշիր” բարեգործական հիմնադրամի միջոցներով: Արդյունքում, մանկատների 30 շրջանավարտների անուններով բացվել են բանկային հաշիվներ, և այսօր հիմնադրամի ներկայացուցիչները նրանց հանձնեցին իրենց բանկային քարտերը, որոնցից յուրաքանչյուրի վրա փոխանցվել է 300 հարյուր հազարական դրամ:
Ինչպես նշեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, “Կարապետյանների ընտանիքը հույս ունի, որ այս գումարները մանկատների շրջանավարտներին կօգնեն հասարակությանն ինտեգրվելու գործընթացն առավել դյուրինացնելու, ինչպես նաև ինքնուրույն կյանքի առաջին քայլերում առավել անկաշկանդ զգալու հարցում”:
“Սամվել և Կարեն Կարապետյանների համոզմամբ, երկրի ու պետության վաղվա օրը պետք է կերտել այսօր: Ուրեմն, կարևոր է աջակցել այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր ապագայում ստանձնելու են պատասխանատվություն ամենատարբեր ոլորտներում”,-ասաց Ճաղարյանը՝ հավելելով, որ Կարապետյան ընտանիքի համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ կարողանա բարձրակարգ կրթություն, մասնագիտություն ստանալ, ապա և հնարավորություն ունենա դրանք լիարժեքորեն կիրառել սեփական երկրում:
Արտակ Ճաղարյանը նաև նշեց, որ միջոցառումից անմիջապես առաջ իրեն է հանձնվել “Զատիկ” մանկատան տնօրենի ստորագրությամբ նամակ՝ ուղղված Կարեն Կարապետյանին: Նամակում գրված է, որ մանկատան երեխաներից մեկի առողջությունը ծայրահեղ ծանր է, և դեղորայքի ու բուժման համար գումար է անհրաժեշտ: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ հիմնադրամը այդ երեխայի բուժման համար կտրամադրի 400 հազար դրամ:
“ՍՕՍ-Մանկական գյուղեր” հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը և “Թռչունյան տուն” մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը բարձր գնահատեցին Կարապետյանների նման նախաձեռնությունները՝ նշելով, որ մանկատների շրջանավարտների համար այս գումարները բավական զգալի ու կարևոր աջակցություն են:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply