Հողերին սպառնում է էռոզիայի վտանգը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 19, 2012 14:00
Որոշ համայնքներում գյուղացիները ամեն տարի ստիպված նույն մշակաբույսերն են ցանում, հույսով, որ հաջորդ տարի հնարավորություն կունենան այլ կուլտուրա ցանելու: Բայց տարեցտարի վիճակը չի փոխվում: Արդյունքում` մի քանի տարի հետո հողերը էռոզիայի կենթարկվեն ու կդառնան գյուղատնտըեսության համար անպիտան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ահազանգեց Դարակերտ համայնքի ղեկավարի տեղակալ, ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Նա նշեց, որ այս տարի վաղահաս կարտոֆիլի բերքը շատ է եւ գինը դրա համար էժան է: Բայց կարտոֆիլաբուծությամբ զբաղվող ֆերմերնեի համար խնդիրը ոչ թե կարտոֆիլի ցածր գներն են, այլ որ բերքը չի իրացվում: Ֆերմերը բացատրեց, որ վաղահաս կարտոֆիլը հնարավոր չէ պահեստավորել եւ պահել, ուստի պետք է ստացված բերքը կա’մ իրացվի ներքին շուկայում, կա’մ արտահանվի: Հակառակ պարագայում կփչանա, իսկ այդ դեպքում գյուղացիները չեն կարողանա մարել իրենց վարկերը կամ ստանալ եկամուտ:
«Մեր համայքնը զբաղվում է կարտոֆիլաբուծությամբ: Այսօրվա տվյալներով ունենք ցանված մոտ 150 հեկտար կարտոֆիլ, եւ մոտավորապես հուլիս ամսին կունենանք մոտ հինգ հազար տոննա կարտոֆիլ: Ունենք նաեւ քսան հեկտար կաղամբ: Խնդիրն այն է, որ եթե չենք իրացնում ապրանքը, այն մնում է հողում եւ կփչնանա: Մանավանդ որ այս տարի բավականին շոգ է: Կաղամբն այսօր դաշտերում մնացած, հասուն, գլուխ կապած, շուկայում չի վաճառվում: Իսկ արտահանելը դա մեր խելքի` գյուղացու խելքի բանը չէ: Դրանով պետք է զբաղվեն այլ մարդիկ, ովքեր զբաղվում են ագրոբիզնեսով»,- նշեց Վարուժան Խոդեդանյանը:
Իսկ գյուղատնտեսության ոլորտի հարցերը լուծելու համար, ըստ ֆերմերի, պետք է որ բացի բանիմաց գյուղնախարարից, փոխնախարարներն էլ լինեն ոլորտի մասնագետներ. «Ես շատ կուզեի, որ փոխնախարարները լինեին մասնագետներ, այլ ոչ թե ուսխորհրդի նախագահներ»,- նշեց Խոդեդանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
