«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված զինվորական բժշկին 40 հիվանդ զինվոր է սպասում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 19, 2012 12:01

Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալում այս պահին կյանքի համար կռիվ է տալիս կիրակի օրը «Հարսանաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել մոտ 40 զինվոր, որոնք բուժվում են հոսպիտալում: Սակայն արդեն 2-րդ օրն է, որ Վահեն նրանց կողքին պառկած է: Ըստ կոլեգաների` Վահեն այս ոլորտի միակ մասնագետն է, որը, կարելի է ասել, բանակի համար այսօր անփոխարինելի գործ է անում: Միջադեպից խիստ ազդված բժիշկները մեզ հետ զրույցում զայրացած ասում էին, որ Պաշտպանության նախարարությունը որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ ի պաշտպանություն իր բժշկի. «Եթե այս միջադեպը կոծկվի եւ մեղավորները չպատժվեն, ուրեմն մենք ո’չ պաշտպանության նախարարություն ունենք, ո’չ էլ պաշտպանության նախարար: Եթե այս երկրում զինվորական բժիշկներին, որոնք Ղարաբաղում կռվել ու ծառայել են, հազարավոր զինվորների կյանք են փրկել,  ինչ-որ մեկի «ախրանան» կարող է ոտքերի տակ գցել ու ծեծելով 20 մետր «տշել», նշանակում է, պետություն ու օրենք չկա ու պետք է թողնել հեռանալ այս երկրից»:

Նշենք, որ Վահեն ամուսնացած է եւ ունի 2 անչափահաս երեխա: Կոլեգաներն ու հարազատները մեզ հետ զրույցում նրան բնութագրեցին զուսպ, համեստ ու կիրթ անձնավորություն: Քրոջ` Վերոնիկայի խոսքերով. «Նա անգամ փողոցային շներին էր օգնություն ցույց տալիս, շատ լուսավոր մարդ է, ես զարմանում եմ` դրանք մայրական կաթի փոխարեն թարա՞խ են կերել»:

Հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի ներկայացմամբ` Վահեն հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, ինչի արդյունքում գլխուղեղի մի կիսագնդի մի մասը տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Ըստ բժշկի, մարմնի մյուս հատվածները վնասված չեն. «Ինչից կարելի է ենթադրել, որ նպատակային գլխին են հարվածել»:
Մյուս տուժած բժշկի` Արտակ Բայադյանի վիճակը համեմատաբար լավ է. նրան պարբերաբար հանգստացնող դեղամիջոցներ են ներարկում: Բժշկի խոսքերով, աչքերը բացելուն պես Արտակը ընկերոջ` Վահեի մասին է հետաքրքրվում:

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում  հաստատեց այն վարկածը, որ, նախօրեին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը եղել այն, որ Վահե Ավետյանը եւ բժիշկ Արտակ Բայադյանը ցանկացել են «Հարսնաքարի» ռեստորան մտնել սպորտային հագուստով, ինչն էլ հարուցել է օբյեկտի «ախրանայի» զայրույթը:

Վեճն այն աստիճան է թեժացել, որ հասել է դաժան ծեծկռտուքի, ինչի արդյունքում երիտասարդ բժիշկները ծանր վիճակում տեղափոխվել են հոսպիտալ:

 

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Ռուբեն Հայրապետյանին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

aravot.am

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply